Հայերեն   English   Русский  

Կացնահարողը, որը դարձավ ֆեյսբուքյան հերոս


  
դիտումներ: 1006

Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում կրկին լայն քննարկումների առարկա էր դարձել դեռևս 2012 թվականին Ալ-Ջազիրայի հրապարակած հոդվածը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդվածի հայերեն թարգմանությունը:

2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր Բուդապեշտի ռազմական ակադեմիայում, որտեղ նրանք մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլալեզու դասընթացներին: Մարգարյանին գլխատելուց հետո Սաֆարովը բազմիցս դանակահարել էր նրա մարմինը: Սաֆարովը ձերբակալվել էր և դատվել հունգարական դատարանի կողմից: 2006 թվականին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

2012 թվականի օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան դիմավորեցին որպես հերոսի: Ամբոխի գոհունակ բացականչությունների ներքո Սաֆարովը քայլում էր ադրբեջանական դրոշներով պատված մայրաքաղաքի փողոցներով` ստանալով վարդերի փնջեր: Նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց նրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բարձր կոչումով պարգևատրեց նրան, նոր բնակարան և գումար նվիրեց:

«Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ հետ` Ադրբեջան», - ասել էր Սաֆարովը: «Այնպիսի զգացողություն է, կարծես կրկին ծնվել եմ: Ես երբեք չեմ կորցրել հայրենիք վերադառնալու հույսը, և հավատացել եմ, որ կգա ժամանակը, երբ գերագույն գլխավոր հրամանատարը կլուծի այս հարցը»:

Զգուշացում Արևմուտքին

Փոքր նավթային պետությունը` Ադրբեջանը, 2012 թվականին հայտնվել էր միջազգային մամուլի գլխագրերում. Մայիսին այն հյուրընկալեց Եվրատեսիլ ամենամյա երաժշտական մրցույթը, որը դիտում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը ծախսեց ավելի քան 700 մլն $ գովազդի և ենթակառուցվածքների վրա` փորձելով լավագույնս ներկայացնել իրեն, ակտիվիստները ահազանգում էին աշխարհին Ադրբեջանում մարդու իրավունքների սոսկալի տվյալների մասին:

Եվրատեսիլը դիտվում էր որպես «Ադրբեջանի ձախողումներն ընդգծելու հնարավորության», գիտակցելով, որ Ադրբեջանի միջազգային կերպարը մեծ նշանակություն ունի Ալիևի վարչակազմի համար:

Սաֆարովի դեպքը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Մինչ Եվրատեսիլի ընթացքում Ադրբեջանի կառավարությունը արջի ծառայություն էր մատուցում ժողովրդավարությանը (ինչպես Ալիևի օգնականն հայտնել էր Guardian-ին «Ադրբեջանը ավտորիտար պետություն չէ, մենք ուզում ենք ապացուցել սա ամբողջ աշխարհին»), քանի որ լկտիաբար հռչակեցին մարդասպանին ազգային հերոս, չնայած արևմտյան քննադատություններին և միջազգային իրավունքի հնարավոր խախտումներին:

Ադրբեջանցի պաշտոնյաները Մարգարյանի սպանությունը ներկայացնում էին որպես Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմի փոքրիկ տարբերակ, մի տարածաշրջան, որի համար Հայաստանը և Ադրբեջանը կռվել են տասնամյակներ շարունակ: Միայն այս դեպքում Ադրբեջանը հաղթեց:

«Սաֆարովի բարոյական գերազանցությունը ակնհայտ էր նույնիսկ այն ժամանակ, երբ նա բանտում էր: Հայերի վիրավորանքները մեր ժողովրդի նկատմամբ դիպչում են մեր ազգային զգացմունքներին` դրդելով նրան այդ քայլին», - ասել էր «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար Մուբարիզ Գուրբանլին: Գուրբանլին հավասարության նշան էր դնում Մարգարյանի կողմից Ադրբեջանի դրոշի ենթադրյալ պղծման և Սաֆարովի արարքի միջև` գնահատելով դա բարոյական և արդարացված:

Սաֆարովի դեպքը ծառայում է որպես նախազգուշացում Արևմուտքի համար առ այն, որ երբեք պետք չէ թերագնահատել բռնապետությունները: Բռնապետերը ձգտում են հետ պահել քաղաքացիներին արտաքին ազդեցությունից, ինչի արդյունքում օտարերկրացիները սկսում են հավատալ, որ իրենք իսկապես ունեն ազդեցություն: Բայց արտաքին աշխարհը արգելափակելու ցանկությունը բխում է պարանոյայից, ավելին քան հարգանքից և այն առավել դրսևորվում է ներքին քաղաքականության մեջ` քաղաքականություն, որն ամրացնում է հպարտությունը` խրախուսելով թշնամանք:

Ադրբեջանին չի հետաքրքրում, թե ինչ է կարծում մնացած աշխարհը: Օտար ուժերի ցանկացած գործողություն, լինի դա միջազգային ԶԼՄ-ները կամ միջազգային իրավունքը, ստանում է վրեժխնդրության արձանք:

Երբ Սաֆարովը ազատ արձակվեց, ադրբեջանցի պաշտոնյաները դա անմիջապես հռչակեցին որպես ազգի շահերից բխող երևույթ: «Նրա ազատ արձակումը կարող է բարձրացնել հասարակության բարոյական և հոգեբանական տրամադրությունները», - ասել էր ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը: Նա ճիշտ էր: Օգոստոսի 31-ից սկսած ադրբեջանցիները ողջունում են Սաֆարովին որպես հերոսի, և դա անելու հիմնական ձևերից մեկը լրատվամիջոցներն էին:

Ի տարբերություն շատ ավտորիտար երկրների, Ադրբեջանը գրաքննության չի ենթարկում ինտերնետը: Ինտերնետի բաց լինելը արժեքավոր է ադրբեջանցի պաշտոնյաների համար, քանի որ այն թույլ է տալիս վերահսկել քաղաքացիներին և հրապարակայնացնել այլախոհների պատիժը առցանց ֆորումներում` հետ պահելով համակիրներին հետագա ակտիվիզմից: Սաֆարովի դեպքը ցույց է տալիս, որ բաց ինտերնետը օգտակար է նաև մոլեռանդության, վրեժխնդրության և ցավի վրա հիմնված ազգայնականության տարածման համար:

Հանրաճանաչ սոցիալական լրատվամիջոցներում

Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ օնլայն հայտարարել էին իրենց աջակցությունը Սաֆարովին: Նրա Ֆեյսբուքի էջն ունի ավելի քան 49,000 հավանողներ: Կողմնակիցները գովաբանում էին նրան իրենց պոեզիայում` շնորհակալություն հայտնելով Աստծուն և Ալիևի ռեժիմին` նրա վերադարձի համար:

Նրա էջի գլխավոր նկարը ուներ ավելի քան 2,000 «like-եր»: Նախագահ Ալիևի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջում, որին հետևում է ավելի քան 57,000 մարդ, Սաֆարովի նկարը դրված էր էջի շապիկին, իսկ ներքևում ժպտերես Ալիևի նկարն էր:

Թվիթերում ցնծագին ադրբեջանցիները օգտագործում էին « #Բարիգալուստ,Ռամիլ» հեշթեգը:

Ֆեյսբուքում և Թվիթերում այս հրապարակումները Ալիևի վարչակարգի ձեռքի գործը չեն: Դրանք իրական շնորհակալական ուղերձներ են մի մարդու, որը սպանել էր մեկ այլ մարդուն քնած ժամանակ:

2011 թվականին Ադրբեջանի կառավարությունը սկսել է մի քարոզչական արշավ, որը նախատեսում էր կանխել արտաքին աշխարհի հետ քաղաքացիներին կապող տեխնոլոգիաների օգտագործումը: Այս քարոզարշավի նպատակն էր ամրապնդել ազգայնական զգացմունքները` միևնույն ժամանակ պիտակավորելով հետագայում այլախոհության հանգեցնող լրատվամիջոցների օգտագործումը:

Արտասահմանյան հեռուստահաղորդումները արգելվեցին` որպես «ազգային մտածողությանը» հակազդող երևույթներ, իսկ ներքին հեռուստահաղորդումները ցույց էին տալիս Ֆեյսբուք և Թվիթեր օգտագործող երիտասարդների «ընտանեկան ողբերգություններ»:

2011 թվականի մարտին երկրի գլխավոր հոգեբույժը հայտարարեց, որ սոցիալական մեդիայից օգտվողները ունեն հոգեկան խանգարումներ: Որպես հետևանք, Ադրբեջանում ինտերնետի օգտագործումը կրճատվեց, համեմատած կովկասյան հարևանների հետ:

Սաֆարովի վերաբերյալ արձագանքը ցույց է տալիս, որ նման ջանքերը կարող են չարաշահվել: Ադրբեջանական կառավարությունը երբեք կարիք չունեցավ գովազդելու Սաֆարովին որպես հերոս կամ վարկաբեկելու նրա թիրախին: Ադրբեջանի քաղաքացիները դա արեցին ինքնուրույն և սոցիալական լրատվամիջոցները այդ առումով լայն հնարավորություն ընձեռեցին նրանց:

Ոչ բոլոր ադրբեջանցիներն էին համաձայն մեծարել Սաֆարովին, բայց նրանք փոքրամասնություն էին: Սաֆարովի գլխավորությամբ Ադրբեջանը ունեցավ առցանց ժողովրդական շարժում, որն արհամարհում է միջազգային արձագանքը:

Բաց ինտերնետի կողմնակիցները հույս են հայտնել, որ հրապարակայնությունը կարող է խթանել ժողովրդավարական բարեփոխումներին: Բայց բաց ինտերնետը քիչ օգուտ կարող է տալ մի երկրում ապրող ակտիվիստներին, որը պատժում է այն օգտագործողներին: Այն նաև քիչ օգուտ ունի, երբ պետությունն օգուտ է քաղում հանրային հոգեվարքից:

Սաֆարովի առցանց ողջունումը արտացոլում է Ադրբեջանի պատմության խոցերը, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչպես թվային ԶԼՄ-ները կարող են ամրապնդել բռնապետությունը: Մարդիկ ցանում են սերմերը, կառավարությունը քաղում է փառքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: