Հայերեն   English   Русский  

Երևանյան ճարտարապետական բիենալե-2014-ին կմասնակցեն 12 երկրների 160 ճարտարապետներ


  
դիտումներ: 1611

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանյան ճարտարապետական բիենալե-2014 –ը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին և առաջինը լինելով` հետայսու ավանդույթ կդառնա. երկու տարին մեկ Երևանում կկազմակերպվեն ճարտարապետական բիենալեներ` նպաստելով մեր ինքնության կարևոր գործոններից մեկի` հայ ճարտարապետության քարոզմանն ու հանրահռչակմանը, դառնալով յուրահատուկ հարթակ երիտասարդ ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար, ոչ միայն հայազգի ճարտարապետների, այլև` օտարների մասնակցության համար:

ՀՀ քաղաքաշինության նախարարության "Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ" ՊՈԱԿ տնօրեն Աշոտ Գրիգորյանի ներկայացմամբ` "երևանյան բիենալեին , որի բացումը կլինի հոկտեմբերի 6-ին, իսկ հանդիսավոր փակումը` նոյեմբերի 6-ին, մասնակցության հայտ են ներկայացրել 12 երկրներ` այդ թվում` Հայաստան, ՌԴ, ՈՒկրաինա, Վրաստան, Իտալիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Թուրքիա, Քաթար, Իրան: Մասնակիցների թիվը ևս մեծ է` 160 մասնակից, ընդ որում, կարելի է փաստել, որ բիենալեն երիտասարդացել է, մեծ թիվ են կազմում մինչև 35 տարեկան ճարտարապետները: Բնականաբար, մասնակցում են և փորձառու անհատ ճարտարապետներ, և նախագծային ինստիտուտներ: Ներկայացված աշխատանքները նույնպես բազմազան են` ճարտարապետական նախագծերից` համալիրներից և ճարտարապետական փոքր ձևերից զատ` մասնագիտական տեսական նյութեր, ֆիլմեր, ելույթներ և այլն":

Ա. Գրիգորյանի խոսքով` այս տարի բիենալեի մասնակիցները հիմնականում հայաստանյան և սփյուռքահայ ճարտարապետական շրջանակներն են, քանի որ նախապատրաստական աշխատանքների ընթացքը կարճ էր: Այնուհանդերձ, կան նաև շվեյցարացի և իտալացի մասնակիցներ:
"Վստահ ենք, որ հաջորդ երևանյան ճարտարապետական բիենալեին արդեն և փորձառությունն ու ժամանակը բավարար կլինի և կհրավիրվեն, իրենց մասնակցությունը կբերեն նաև շատ հայտնի օտար ճարտարապետներ` իրենց աշխատանքներով, դասախոսություններով և վարպետաց դասերով…"




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: