Հայերեն   English   Русский  

​Գիտնականի տուն. Երևանի ամենագեղեցիկ ու ամենաառեղծվածային շենքերից մեկը


  
դիտումներ: 9878

Բաղրամյանով քայլելով իջնում եմ, հասնում Մոսկովյան խաչմերուկ, թեքվում աջ, մի փոքր էլ քայլում ու հանկարծ Մոսկովյան 22 հասցեում մի շենք եմ հայտնաբերում: Այո, բառիս բուն իմաստով հայտնաբերում, որովհետև նույն հատվածով երևի հարյուր անգամ եմ անցել ու այդ շենքը չեմ էլ նկատել: Իսկական գլուխգործոց: Եթե ճարտարապետական լեզվով ասենք` ռուսական կլասիցիզմի նմուշ, իսկ եթե ավելի պարզ` նախագահականի շենքի նմանությամբ մի շենք, որի նմանը հնարավոր չէ տեսնել Երևանում: Սակայն այդ հրաշալի կառույցն ասես գլուխը կախ, ամոթխած թաքնվել է, որպեսզի մարդիկ հանկարծ չնկատեն, չտեսնեն, թե իր գեղեցկությունն ինչ անփառունակ վիճակում է հայտնվել:

Շենքի դարպասը փակ է, սակայն ճաղերի հետևից երևում է ներսում տիրող սարսափելի վիճակը. աղբակույտեր, կոտրած ապակիներ, թափառող շներ: Պատկերացնում եմ` եթե Երևան այցելած զբոսաշրջիկը մեր քաղաքի փողոցներով քայլելիս հանկարծ նկատի այդ շենքն ու տեսնի դրա շուրջը տիրող վիճակը, ի՞նչ կմտածի: Ուղղակի ամաչում եմ:

Եվ մինչ ապշահար նայում եմ շենքին, հարևան խանութից մի երիտասարդ էլ ինձ է նայում մի հայացքով, թե ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, որ զարմանում է այդ տեսարանով: Հարցնում եմ` ի՞նչ շենք է, ասում է.

- է˜, էս շենքի մասին ոչ ոք ոչ մի բան չգիտի: Ես 2 տարի ա` էստեղ եմ, էս շենքը ոնց կար, նույն ձևով էլ մնացել ա: Ասում են` Հունաստանի դեսպանատունն ա առել: Բայց դե, ոնց տեսնում եք, էստեղ հիմա թափառող շներն են ապրում:

- Բայց ախր շատ սիրուն է,-շարունակում եմ:

- Հա... Մի օր Գարիկ Մարտիրոսյանն էր անցնում, էս շենքը որ տեսավ, կանգնեց, սկսեց երկար ուշադիր նայել,- պատմում է զրուցակիցս:

Իմանալով, որ լրագրող եմ և շենքի մասին ուզում եմ գրել, երիտասարդը ոգևորված ասաց.

- Վայ, որ գրեք, կտա՞ք` կարդամ, ես էլ իմանամ, որ մարդիկ գան, մոլորված կանգնեն, գոնե պատմեմ` ինչ շենք ա:

Շենքի մասին տեղեկության փնտրտուքով նախ սկսեցի ուսումնասիրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը: Պարզվեց` այդ ցուցակում նման շենք գոյություն չունի: Դա առաջին շոկն էր: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի լավագույն ճարտարապետներն անգամ շենքի վերաբերյալ շատ ժլատ տեղեկություններ էին հաղորդում: Որևէ մեկը հստակ չգիտեր` երբ է այն կառուցվել, ինչ նպատակով է օգտագործվել, հիմա ում է պատկանում, ինչ կարգավիճակ ունի և այլն:

Մշակույթի նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ շենքը երբևէ ներառված չի եղել պահպանվող հուշարձանների ցուցակում: Այսինքն` հուշարձան շենք չէ: Սա էլ երկրորդ շոկն էր:

Փոխարենը՝ որոշակի տեղեկություններ հաղորդեցին գիտնականները: Պարզվում է` շենքը պատկանել է Գիտությունների ազգային ակադեմիային: Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտքարտուղար Արա Գյուլնազարյանի խոսքով՝ ակադեմիկոս Արմենակ Մնջոյանի կողմից 1955-56 թթ. հիմնադրված դեղագործական լաբորատորիան, որի հիման վրա ստեղծվել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, տեղավորված է եղել այդ շենքում:

1962-1981 թթ. այդ շենքում է եղել նաև Քիմիական ֆիզիկայի լաբորատորիան (1975-ից` Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ): Ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանն այդ շենքում աշխատել է շուրջ 20 տարի: Հիշում է` ՀՀ ԳԱԱ-ն որոշել էր կազմակերպել քիմիական ֆիզիկայի գիտական հաստատություն, այդ նպատակով մի խումբ երիտասարդ ասպիրանտների, այդ թվում՝ իրեն, գործուղել էր ԽՍՀՄ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Պաշտպանելով դիսերտացիան` 1962 թ. Մանթաշյանը Մոսկվայից վերադառնում է և ստանձնում ակադեմիկոս Արամ Նալբանդյանի հիմնադրած Քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի գիտքարտուղարի պաշտոնը: Լաբորատորիան նախ տեղակայված էր ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի շենքում, սակայն 1965 թ. տեղափոխվում է այդ շենք:

Մանթաշյանը հիշում է, թե ինչպես իրենք տեղափոխվեցին, մաքրեցին տարածքը, թեթևակի վերանորոգեցին: Հիմա, երբ անցնում է այդ շենքի մոտով, սիրտը ցավում է: «Իզուր էլ այդ շենքից դուրս եկանք: Եթե մենք մնայինք՝ շենքն այդ օրի չէր հասնի»,-ասում է նա:

1981 թ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար կառուցվում է առանձին շենք, և նրանք տեղափոխվում են` շենքը հանձնելով ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժնին, որը հետագայում դարձել է ինստիտուտ: Ինստիտուտի մի մասը 1982-83 թթ. այնտեղից տեղափոխվել է, մի մասը` մնացել այնտեղ: Ինստիտուտին կից բացվել է փորձարարական գործարան, որը մինչև 1992 թ. գործել է այդ շենքում:

Մանթաշյանի խոսքով՝ ակադեմիկոս Մերգելյանն ուզում էր այդ շենքը դարձնել գիտնականի տուն: Եվ իսկապես, շենքի վրա 1981-ին փակցվել է «Գիտնականի տուն» ցուցանակը: ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի աշխատակիցներից մեկը հիշում է, որ 1992 թ., երբ ինքը պոլիտեխնիկի ուսանող էր, մի քանի անգամ այդ շենքում դաս են արել: Նրա խոսքով` շենքի վրա դեռևս այն ժամանակ կար «Գիտնականի տուն» ցուցատախտակը: Նպատակը եղել է յուրօրինակ գիտական ակումբի հիմնումը, որտեղ գիտական աշխարհի ներկայացուցիչները գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ պետք է անցկացնեին: Սակայն, ինչպես նշում են գիտնականներից ոմանք, այդ նպատակն այդպես էլ չի իրականացել:

1995 թ. ՀՀ կառավարության որոշմամբ շենքն օտարվել է` հանձնվելով Հունաստանի կառավարությանը: Հունաստանը, որն այդ ժամանակ նոր էր Հայաստանում դեսպանատուն բացել և վարձակալությամբ ժամանակավոր շենքում էր տեղակայված, մեծ ոգևորությամբ գնում է շենքը Հայաստանում Հունաստանի դեսպանատան համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն այդպես էլ չի շահագործվում:

Ըստ խոսակցությունների` պատճառը շենքի նկուղներում քիմիական ռադիոակտիվ նյութերի առկայությունն է եղել, որոնք վտանգավոր են առողջության համար: Որքանով է այս տեղեկությունը հավաստի, չենք կարող ասել: Գիտնականներից մեկը նշեց, որ շենքի առաջին հարկում տեղադրված է եղել ռադիացիոն սարքավորում, որը պատկանել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին, սակայն ինստիտուտի տեղափոխվելուց հետո այն ապամոնտաժվել է:

Ինչևէ, այսօր շենքը` որպես ճարտարապետական կառույց, խայտառակ, բարձիթողի վիճակում է, ինչն առնվազն բարոյական տեսանկյունից ճիշտ չէ:

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ այդ շենքը ճարտարապետության հազվագյուտ նմուշ է և պետք է պահպանվի սեփականատիրոջ, այս դեպքում՝ Հունաստանի կառավարության կողմից:

Ինչո՞ւ է շենքը նման անփառունակ վիճակում, ինչո՞ւ չի շահագործվում, և արդյոք կա՞ն հետագա շահագործման նպատակներ. այս հարցերը փորձեցինք պարզել Հայաստանում Հունաստանի դեսպանատան միջոցով: Դեսպանատնից գրավոր պատասխանեցին, որ շենքը գնվել է Հունաստանի կառավարության այն ժամանակվա կարիքներին ծառայեցնելու նպատակով` առանց մանրամասնելու, սակայն, թե որոնք էին այդ կարիքները: Ինչ վերաբերում է շենքի ներկա վիճակին և հետագա շահագործման հնարավորություններին, ապա դեսպանատան պատասխան նամակում նշված է, որ շենքը բավականին հին է, ունի վերանորոգման կարիք ունի, և ներկայումս շենքի ապագային վերաբերող հարցերը քննարկման փուլում են:

Փաստորեն, Հունաստանի դեսպանատան պատասխանից ակնհայտ է դառնում, որ շենքի ճակատագիրը գոնե մոտ ապագայում չի փոփոխվելու: Այն, որ շենքը հին է և վերանորոգման կարիք ունի, տեսանելի է անգամ անզեն աչքով: Սակայն ի՞նչն է խանգարում դեսպանատանը գոնե ժամանակ առ ժամանակ այնտեղ արտաքին մաքրման աշխատանքներ իրականացնել, որպեսզի կողքից դիտելիս գոնե նման տխուր տեսարան չլինի: Հետաքրքիր է` արդյոք Հունաստանի կառավարությունը թո՞ւյլ կտար, որպեսզի իր երկրի ներսում որևէ ճարտարապետական կառույց նման իրավիճակում հայտնվեր: Համոզված եմ` ոչ:

Սակայն այս յուրօրինակ կառույցի նկատմամբ նման բարձիթողի վերաբերմունքը նախևառաջ մեր իշխանությունների սխալի հետևանքն է: Հարց է առաջանում. ինչո՞ւ այս շենքը ժամանակին չի ներառվել Հայաստանի պահպանվող հուշարձանների ցանկում, ինչո՞ւ դրա հեղինակի, նախագծման, կառուցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, և ընդհանրապես ինչ՞ու այն չի ուսումնասիրվել մեր ճարտարապետների կողմից: Այս ամենն իսկապես մտորելու տեղիք է տալիս: Բազմաթիվ անպատասխան հարցերը վկայում են մի բանի մասին. այս շենքն ինչ-որ բան թաքցնում է...






Մեկնաբանություններ - 2

Francesco Augelli     24.12.2016 Thank you very much for this article. I saw that amazing building many years ago. The condition of historical buildings in Yerevan and in general in Armania is so sad. Daily big company and bad economical interest destroy the identity of the people. People without history, without memory, without respect for the past, has not future.

Անուշ     13.07.2016 Անի ջան շնորհակալություն հոդվածի համար: Արդեն քանի տարի է շենքը բացահայտելուց հետո կողքով անցնելիս տանջվում եմ, թե ինչ է եղել առաջ:Այսօր հասցեն նայեցի ու փնտրեցի: Ձեր հոդվածը վերջապես հետաքրքրությունս փարատեց: Հուսանք շուտով շենքի երկրորդ շնչառության մասին կգրեք:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: