Հայերեն   English   Русский  

«Արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին». ազատամարտիկ


  
դիտումներ: 1663

«Հպարտ եմ, որ ապրել եմ պատմական այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ թե հողեր ենք կորցրել, այլ հետ ենք բերել,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակիցներից 56-ամյա Վոլոդյա Մաթևոսյանը:- Եթե XX դարի վերջին 10-12 շրջան վերցրինք, մի այդքան էլ XXI դարում կվերցնենք: Ասել եմ` ապրելու եմ մինչև Նախիջևանը, Շահումյանը և Գետաշենը հետ վերցնենք»:

Մաթևոսյանին իր զինակիցները և հանրությունը գիտեն որպես Ապարանցի Վլե:

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վոլոդյա Մաթևոսյանը ևս միացավ շարժմանը` իր մեքենաները տրամադրելով ազգանպաստ գործին: Նրան շարժմանը միանալուց հետ չպահեց անգամ ԿԳԲ կանչվելը:

Վոլոդյայի մորաքրոջ տղան` հայր Վահանը, այդ ժամանակ հոգևորական էր Բաքվում: Երբ այնտեղ խժդժություններ են սկսվում, նա հայերին ապաստան է տալիս եկեղեցում: Երբ եկեղեցին գրավում են, հայր Վահանն էլ հայտնվում է ադրբեջանցիների ձեռքում: Սակայն մեր կաթողիկոսի և ադրբեջանցիների մոլլայի միջամտությամբ նա ազատ է արձակվում ու Հայաստան վերադառնում: Կաթողիկոսը ցանկանում էր նրան նշանակել Հնդկաստանում հայոց թեմի առաջնորդ: Սակայն հայր Վահանը հրաժարվում է` ցանկություն հայտնելով սահմանամերձ բնակավայրում հաստատվել, որտեղ կծառայեր նաև հայրենիքին: Հայր Վահանը նշանակվում է Մակարավանքի վանահայր և միաժամանակ դառնում է տեղի պաշտպանական ջոկատի հրամանատարը: 1989-ի դեկտեմբերի մարտից հետո նա անհետ կորչում է, ենթադրաբար` գերի է ընկնում ադրբեջանցիների մոտ:

Վոլոդյան, որ խորհրդային բանակում ընդամենը 4 ամիս էր ծառայել, ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը, որն էլ տեղից տեղ էր շրջում` մասնակցելով բնակավայրերի պաշտպանությանը: Մաթևոսյանն էլ փորձում էր ինչ-որ կերպ տեղեկություն ստանալ իր եղբոր մասին:

«Իմ միակ ցանկությունը հայրենիքս պաշտպանելն էր և եղբորս գտնելը»,- հիշում է նա:

1991-ին իր ջոկատի հետ Արցախ է տեղափոխվում` այնտեղ մարտեր մղելով ադրբեջանցիների դեմ: Երբ ծնվում է նրա դուստրը, անգամ չի կարողանում փոքրիկին տեսակցության գալ. լուրեր էին ստացվել, որ հայերի դեմ Թուրքիայից կռվելու են եկել «Գորշ գայլերի» անդամներ, Աֆղանստանից` մոջահեդներ, Չեչնիայից` Շամիլ Բասաևն իր խմբով: Նման պայմաններում Ապարանցի Վլեն չէր կարող իր ջոկատը թողնել ու Երևան վերադառնալ, նրա հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ևս դեմ էր դրան:

1992-ի դեկտեմբերին, երբ հերթական անգամ վիրավորվում է, կարճ ժամանակով Երևան է գալիս` թե՛ արդեն կես տարեկան փոքրիկին տեսնելու, թե՛ բուժվելու համար: Մի քանի օր անց, սակայն, լուր է ստանում, որ իր մարտական ընկերներից Բասմաչը (Նեֆեսով Կուրբան Միրատ Բազարբաևիչ) զոհվել է:

Մաթևոսյանը պատմում է, որ իր ջոկատը բազմազգ էր. իր հետ թշնամու դեմ, հայերից բացի, պայքարում էին եզդիներ, ռուսներ, ասորի, հույն, թուրքմեն: Հենց թուրքմեն ազատամարտիկը Բասմաչն էր: Նա Հայաստանում էր անցել զինծառայությունը: Եվ Արցախի համար պայքարում էլ հայերին էր միացել` ադրբեջանցիներից լուծելու նաև իր անձնական վրեժը:

բասմաչ«Շատ ուժեղ տանկիստ էր, նավոդչիկ, իսկական հերոս»,- ասում է Մաթևոսյանը:

Հիշում է, որ սկզբում կասկածանքով էր վերաբերվում Բասմաչին` նրան հետախուզության էր ուղարկում, հետևից էլ մեկ ուրիշին` թուրքմեն զինակցին հետևելու: Ասում է, որ Աղդաբանի (տարածք Քարվաճառում, այժմ այստեղ բնակավայր չկա) ազատագրման օպերացիայից առաջ Բասմաչը հայտնում է, որ ադրբեջանցիները տանկային գումարտակ ունեն: Նրա հայտնած կոորդինատներով խմբի անդամներից Գրադի Ժորան ադրբեջանցիների 6 տանկ է ոչնչացնում:

Սկզբում Մաթևոսյանը ցանկանում էր իր զինակցի` Բասմաչի դիակը Աշգաբադ տեղափոխել, բայց նրան զգուշացնում են, որ իրավիճակը լարված է և այնտեղ մեկնելը վտանգավոր է: Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

«Ինքն այստեղ մի հայ աղջկա էր սիրահարվել, ուզում էր ամուսնանալ, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ,- ասում է Մաթևոսյանը:- Միակ մահմեդականն է, որ թաղված է Եռաբլուրում: Ամեն տարի դեկտեմբերի 13-ին մնացած ընկերներով միշտ այցելում ենք Եռաբլուր. նա այստեղ այլ հարազատներ չունի»:

Այս տարի ևս դեկտեմբերի 13-ին ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջ հիշատակը կհարգեն Եռաբլուրում:

Խոսելով պատերազմի մասին` Մաթևոսյանն ասում է, որ հրամանատարից շատ բան է կախված: Երբ հրամանատարը բանիմաց ու հնարամիտ է, կարող են անգամ 12 հոգով առանց կորստի գյուղ գրավել, ինչպես տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի 3-րդ սովխոզ գյուղի (տարածք Մարտակերտում, այժմ չեզոք գոտում է գտնվում և բնակեցված չէ) դեպքում. մարտական գործողությունը ղեկավարում էր Հայկազ Բաղմանյանը:

Մաթևոսյանը հիշում է, որ հենց այդ գյուղում մի երիտասարդ ադրբեջանցու են գերեվարում: «Հարցրի, թե կռվող չես, ինչո՞ւ ես եկել»,- հիշում է Մաթևոսյանը: Ի պատասխան ադրբեջանցի երիտասարդն ասել է, որ համալսարանն ավարտել է, բայց դիպլոմը չեն տվել` պարտադրելով, որ ռազմաճակատ մեկնի:

մարտակերտՄաթևոսյանի կարծիքով` մարդուն ստիպողաբար հայրենասեր չես դարձնի: Հայ մարտիկների ոգին բարձր էր, և նրանք անհավասար մարտերում անգամ կարողանում էին հաղթել, քանի որ կամավոր էին մեկնել հայրենիքը պաշտպանելու:

«Իմ 7 տարվա կռիվների ընթացքում ո՛չ կին եմ սպանել, ո՛չ երեխա , ո՛չ էլ անզեն տարիքով մարդ, իմ թշնամիները զենքով են դեմս դուրս եկել»,- ասում է Մաթևոսյանը` հավելելով, որ անգամ վիրավոր գերեվարված ադրբեջանցիներին են բուժել, կերակրել, մարդավայել վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Երբ զինադադարով պատերազմն ավարտվում է, Վոլոդյա Մաթևոսյանի ծառայությունը չի ավարտվում. նա շարունակում է զինվորական ծառայությունը. այս անգամ Օմարի լեռնանցքն էր պաշտպանում հակառակորդից: Սակայն 1996-ին հերթական անգամ պայթում է ականի վրա` վիրավորվելով: Դրանից հետո այլևս ստիպված թողնում է զինվորական ծառայությունը` շարունակելով արդեն պայքարը քաղաքացիական հարթությունում: 1996-ի սեպտեմբերին, որպես քաղբանտարկյալ, ձերբակալվում է:

Ներկայումս ազատամարտիկ Ապարանցի Վլեն դարձյալ դատական քաշքշուկների մեջ է, բայց այս անգամ` բնակարանային հարցով: Բնակարանը, որ ստացել է որպես ազատամարտիկ ու որտեղ ապրում է շուրջ 10 տարի, ցանկանում են նրանից խլել. հայտնվել է ինչ-որ մարդ, որը բնակարանը, չգիտես թե ինչպես, գնել է երկու տարի առաջ:

Խոսելով ներկայի մասին` Մաթևոսյանը մարդկանց, ովքեր Արցախի հարցով են զբաղվում կամ հետագայում կզբաղվեն, հիշեցնում է` արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին: Իսկ երիտասարդներին կոչ է անում սիրել հայրենիքը և երբեք չլքել Հայաստանը. «Իմ թոռներին էլ սովորեցնում եմ, որ Հայաստանից էն կողմ պետություն չունենք: Մի՛ խաբվեք, մի՛ հրապուրվեք արտասահմանով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: