Հայերեն   English   Русский  

​Պրակտիկ հոգեբանություն. երբ կանգնած օդանավերը սկսում են թռչել


  
դիտումներ: 4286

Դպրոցներում ու բուհերում մեզ տարբեր բաներ են սովորեցնում՝ ֆիզիկա, մաթեմատիկա, լեզուներ, հողաթափիկ ինֆուզորիաների կառուցվածքը, արծաթ-հայելու ռեակցիայի բանաձևը, շարժում են մոլորակների շարժման Կեպլերի օրենքները և այլն, և այլն:

Հոգեբան Հրաչյա Ամիրյանն ամենևին դեմ չէ, որ այդ ամենը մարդուն ուսուցանվի: Ընդհակառակը, դա իսկապես անհրաժեշտ է ճիշտ աշխարհընկալում ձևավորելու համար: Այնուամենայնիվ կարծում է, որ դպրոցներում ու բուհերում անչափ կարևոր բաներ մարդուն չեն սովորեցնում, չեն տալիս այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք ամեն օր, ամեն ժամ նրան անհրաժեշտ են առօրյա կյանքում: «Չեն սովորեցնում ամենակարևորը՝ ապրելու արվեստը,- ասում է նա,- այն, թե ինչպես մարդը տեր դառնա իր կյանքին, այն կազմակերպի ու կառավարի այնպես, որ կյանքը լինի օգտակար իր և մյուսների համար, լինի հնարավորինս առողջ, արդյունավետ, ներդաշնակ, հագեցած ու լիարժեք»:

Թվում է՝ բարդ է ու վերացակա՞ն: Ամենևին: Պարզվում է՝ այդ ամենը նույնքան հստակ և որոշակի է, որքան մաթեմատիկական բանաձևերը:

Ընդհանրապես հոգեբանի աշխատանքը երկու ուղղությամբ է տարվում. մեկը՝ լուծել գոյացած խնդիրը, մյուսը՝ մարզել, զարգացնել, որ խնդիրներ չառաջանան: Հրաչյա Ամիրյանի համար երկրորդ մոտեցումն առավել հոգեհարազատ է, որովհետև դրանով դու ոչ միայն օգնում ես մարդուն խուսափելու խնդիրներից, այլև վեր ես հանում նրա ներուժը, նրան դուրս բերում իրացման ուղի:

Աշխարհի ամենախոշոր հոգեթերապևտներից մեկը՝ Կառլ Ռոջերսը, հոգեթերապիան համարում էր մի միջոց, որը տալիս է տարբեր հասարակական խնդիրների բանալին:

«Գործնական հոգեբանության պահանջարկը ոչ միայն անհատների խնդիրները լուծելու մեջ է, այլև հասարակական գործունեության բոլոր ոլորտների՝ ռազմական, ինժեներական, սպորտ, կառավարում և այլն»,- ասում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ նշելով, որ ամեն օր ավելի ու ավելի է մեծանում պրակտիկ հոգեբանության պահանջը Հայաստանում, որը, կարելի է ասել, նոր զարգացող ոլորտ է, քանի որ խորհրդային տարիներին պարզապես գոյություն չի ունեցել: «Այն ժամանակ հոգեբանությունը որպես ակադեմիական գիտություն էր շատ զարգացած: Սովետական հոգեբանական դպրոցն աշխարհում առաջին տեղում էր իր գիտական, մեթոդոլոգիական ուղղվածությամբ, բայց ընդամենը այդքանը: Պրակտիկ կյանքում դա չէր գործածվում: Կար ընդհանուր գաղափարախոսություն, որն անհատին ուղենիշներ էր տալիս. եղիր ազնիվ, աշխատավոր, ձգտիր հասարակությանն օգտակար լինել ու կլինես երջանիկ»:

1988 թվականի երկրաշարժից հետո, ըստ Հրաչյա Ամիրյանի, մեր հասարակության մեջ բեկում տեղի ունեցավ: Հասարակությունը կանգնեց պրակտիկ հոգեբանության անհրաժեշտության ու դրա բացակայության խնդրի առջև: Նա հիշում է, որ երբ Երևանի երիտասարդական պալատում աղետից փրկված քաղաքացիների հետ արտասահմանցի հոգեբաններն աշխատանքներ էին տանում, նրանց ծառայություններից շտապում էին օգտվել նաև այլ քաղաքացիներ: Այսինքն՝ մարդիկ ունեին անհատական հոգեբանական խնդիրներ և դրանք բարձրաձայնելու, լուծելու պահանջ:

Հրաչյա Ամիրյանը, որ բազային մասնագիտությամբ ֆիզիկոս էր, սակայն դեռևս երրորդ կուրսից տարված էր հոգեբանությամբ և պետական համալսարանն ավարտելուց հետո 1989-90 թվականներին հոգեբանական գիտելիքներ էր ստանում Մոսկվայում, Հայաստան վերադառնալուն պես սկսում է անցնել գործի. խմբային զարգացնող թրեյնինգներ է անցկացում տարբեր թիրախային խմբերի հետ: Այդ թրեյնինգները շարունակվում են մինչ օրս, սակայն նոր ասելիքներով, նոր պահանջներով և նոր՝ առավել հետաքրքրված լսարաններով: «Կան թեմատիկ թրեյնինգներ, որոնք ուղղված են շատ կոնկրետ ունակությունների զարգացմանը: Օրինակ՝ ինչպես արդյունավետ ելույթ ունենալ, ինչպես համոզիչ խոսել: Այսինքն՝ հռետորական արվեստ: Կամ, ենթադրենք, կան ոլորտներ, որտեղ հաջողությունը կախված է այն բանից, թե որքան համոզիչ կխոսես, կներկայացնես քո ապրանքը կամ ծառայությունը: Ոչ թե խորամանկություն բանեցնես, այլ ըստ արժանվույն ներկայացնես: Թվում է՝ դա հեշտ է, բայց ոչ: Կամ ինչպես սովորել մարդկանց մղել լավ գործերի, մոտիվացնել, շփման կարողություն և այլն: Սակայն այդ ունակությունները մեկ ժամում չեն զարգանում: Եթե ինչ-որ թրեյներ հրապուրի, թե եկեք մասնակցեք այս 4-5- ժամանոց թրեյնինգին և ֆանտաստիկ արդյունքներ կունենաք, իհարկե լուրջ չէ: Կարողությունը կարող ես ձևավորել, բայց դրա հղկման, զարգացման և ամրապնդման համար ժամանակ ու ջանքեր են պահանջվում»:

Թրեյնինգներն արդյունավետ են նրանով, որ գործնական ուղղվածություն ունեն: Իսկ ի՞նչ ազդեցություն են թողնում դրանք: Ինչպե՞ս է գնահատվում արդյունքը: Հոգեբանն ասում է, որ արդյունքը չափելը դժվար է, բայց յուրաքանչյուր սեմինարին հետևող արձագանքներն արդեն իսկ վկայում են, որ դա մարդկանց չափազանց ոգևորել է և մղել դրական գործերի:

Թրեյնինգներին զուգահեռ, հոգեբանը շարունակում էր խորանալ հոգեբանական գիտության մեջ, գիտական հոդվածներ գրել: 2002 թ. լույս է տեսնում Հրաչյա Ամիրյանի «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքները», որ Հայաստանում հայերեն առաջին և միակ մասնագիտական ուսումնական ձեռնարկն է:

Դրան հետևում են ուրիշ գրքեր: 2015 թ. լույս է տեսնում Հրաչյա Ամիրյանի «Ինքնակերտման արվեստը» գիրքը կարևոր գիտելիքների և կարողությունների զարգացման մասին: Իսկ որո՞նք են դրանք. պոզիտիվ մտածողություն, գիտակցվածություն, հույզերի կառավարում, մտքերի կառավարում, կենտրոնանալու կարողություն, նպատակների իրականացում, ծուլություն, կամք, հաստատակամություն, խնդիրներ լուծելու կարողություն, որոշումների կայացում, «ոչ» ասելու կարողություն, ինքնավստահություն:

Սակայն գրքի հեղինակը նշում է, որ այստեղ դեռևս բոլոր կարևոր կարողությունները չէ, որ ներկայացված են, ուստի գրքի վրա նշված է՝ գիրք առաջին: «Կարծում եմ՝ այս գիրքն իսկապես պահանջված ու սպասված է, և ընդհանրապես, նման մոտիվացնող, զարգացնող գրքերի պահանջարկը գնալով աճելու է, և եթե իսկապես որակյալ է և ուսանելի՝ անպայման իր ընթերցողներին գտնելու է»,- համոզված է հեղինակը:

Հոգեբանը հիշում է, որ երբ ինքն ուսանող էր, հայերեն ընդամենը մեկ նման գիրք կար՝ Վլադիմիր Լևիի «Ինքնատիրապետման արվեստը», որը, սակայն, «սև աղվես» էր, գործնականում հնարավոր չէր գտնել: «Երբ վերջապես երկար որոնումներից, մեծ ջանքեր թափելուց հետո գտա այն, ինձ ուղղակի երջանիկ էի զգում»:

«Ինքնակերտման արվեստը» հեղինակի 21-րդ գիրքն է: Հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև նրա «Ապրելու արվեստը» հոգեբանա-փիլիսոփայական առակների շարքը՝ 10 հատորով:

Ընդհանրապես Հրաչյա Ամիրյանը միշտ է տարված եղել հոգեբանա-փիլիսոփայական առակներով, քանի որ կարծում է՝ դրանք բոլոր ժամանակներում մեծ դեր են խաղացել մարդկանց կյանքում: «Առակների հմայքն այն է, որ մարդուն պատրաստի ճշմարտությունը չի մատուցվում, այլ մղում է խորհելու, զգալու, ինքնուրույն բացահայտելու ճշմարտությունը, որի դեպքում այդ ճշմարտությունը շատ ավելի մեծ նստվածք է տալիս նրա հոգում, ավելի գործուն ուժի է վերածվում: Առակները մի սքանչելի հատկություն էլ ունեն, դրանք այնքան խտացված ու խորն են, որ մարդը, ամեն անգամ կարդալով, նոր իմաստներ է գտնում: Մարդն ինչքան աճում է, առակն ավելի ու ավելի շատ բան է նրան տալիս: Բացի այդ, դրանք չհնացող են, միշտ հրատապ են՝ կյանքի ամենակարևոր ասպեկտների մասին»:

Խոսելով մերօրյա իրականության ամենատխուր դրսևորումներից մեկի՝ անդադար կյանքից դժգոհելու, սակայն այդ կյանքն առավել լավը դարձնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու արատավոր երևույթի մասին՝ հոգեբանը նշում է, որ դա լուրջ խնդիր է մարդու համար, որը գալիս է մանկությունից: Դեռևս նորածին՝ մարդը լացելով ու դժգոհությամբ է արտահայտում իր կարիքները: Եթե երեխայի կողքին հոգատար մեծահասակներ են, ապա շատ արագ արձագանքում են և բավարարում երեխայի կարիքները: Հետագայում նույնպես դա կրկնվում է, և երեխան սովորում է, որ բացասական պահվածք դրսևորելը արագ կհանգեցնի իր պահանջների կատարմանը: Այդ վարքն ամրապնդվում է, դառնում սովորություն, և մարդկանց մեծ մասը նաև հասուն տարիքում է շարունակում բողոքել ու պահանջել, արդեն՝ աշխարհից. «Հատկապես համացանցը ազատորեն բողոքելու լավ հնարավորություն է տալիս, որովհետև անմիջական սաստողներ չկան: Սակայն մարդկանց փոքր մասը որոշում է իսկապես մեծանալ, հասունանալ, սովորում է ինքնուրույն լուծել իր խնդիրները: Հասկանում է, որ ավելի լավ է մի հատիկ մոմ վառել, քան շարունակ անիծել ու հայհոյել խավարը»:

Այս առումով հոգեբանը շատ է կարևորում կրթական համակարգում ալտերնատիվ կրթության ներմուծումը, երեխաներին կյանքի դասեր տալու հնարավորությունը: Ի դեպ, ասում է, շատ ուսուցիչներ են դիմում իրեն, և ինքը դասն առավել հետաքրքիր ու բովանդակային դարձնելու միջոցներ է առաջարկում: Օրինակ՝ առանձնացնում է հատուկ առակներ-պատմություններ, խաղ-վարժություններ, որոնք ուսուցիչները հաճույքով կիրառում են դասարանում:

Ի՞նչ է երջանկությունը և ինչպե՞ս հասնել դրան: Մոլորակի բոլոր մարդկանց հուզող այս հարցին հոգեբանը պատասխանում է. «Երջանկությունը ոչ թե արդյունք է, այլ ընթացք, որը քեզ սնում է, ոգևորում, իմաստավորում կյանքդ: Դա առաջանում է այն ժամանակ, երբ ունես հստակ ուղենիշ, օգտակար, արժեքավոր ճանապարհ, որով ընթանում ես, որով ապրում ես, գործում ու դրսևորվում»:

Հրաչյա Ամիրյանը մարդկանց համեմատում է գերհզոր, ժամանակակից ու շքեղ ինքնաթիռների հետ, որոնց մեծ մասը, ցավոք, չի թռչում: «Չի թռչում, որովհետև օդաչուները քնած են, օդաչուները զբաղված են ամեն ինչով, բացի թռչելուց: Օդաչուները չեն հավատում, որ կարող են թռչել: Իսկ ամենակարևորը՝ չգիտեն թռիչքի ուղղությունը: Իմ ամբողջ գործունեությունը միտված է այդ օդաչուներին արթնացնելուն և այդ օդանավերը թռիչքուղի դուրս բերելուն»,- իր գործունեությունը մեկ նախադասությամբ ներկայացնում է պրակտիկ հոգեբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: