Հայերեն   English   Русский  

​Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 3362

Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։

1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։

Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1904-1906)։ Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը (1908, չի իրականացվել)։

«Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է»,-ասում էր Թամանյանը:

Թամանյանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցված շենքերում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։

Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ Այդ նախագծի իրագործումով մեծապես տուժեց 16-18-րդ դդ.-ի Երևանի պատմաճարտարապետական տեսքը։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերն, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։

Չարենցը՝ Ալեքսանդր Թամանյանի մասին ասել է՝

Նա տեսել է արևային մի քաղաք…

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած

Արևային ժամացույց՝ քարտե՜զն ահա քաղաքի,

Պողոտաներ, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։

Երևանում նրա նախագծով կառուցվել են՝աստղադիտարանը (1930-1935) անատոմիկումը (1926-1933) անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932) հանրային գրադարանը (1932-1938)։

Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու) Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։

Ալեքսանդր Թամանյանի պատկերով ՀՀ թղթադրամն է, բայց այն այլեւ շրջանառության մեջ չէ:

Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։

Հիդրոկայանի շենքը Թամանյանի առաջին այն աշխատանքներից է, որտեղ նա ստեղծագործորել օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հիդրոկայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։

Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածքային և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել։

Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։

Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով։ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների Փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով։ Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը, Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում։

Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով (1974), շինարարական տեխնիկումը (1953), Հայաստանի ճարտարապետների միության տունը (1978), թանգարան-ինստիտուտը (2001)։

2001թվականին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։

ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։

Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: