Հայերեն   English   Русский  

​40 գյուղացիական կոոպերատիվ աջակցություն կստանա


  
դիտումներ: 11124

Հարցազրույց գյուղփոխնախարար Արմեն Հարությունյանի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ նախորդ տարեվերջին՝ 2015 թ. դեկտեմբերի 21-ին, ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքը: Եվ ՀՀ կառավարությունն այս տարվա գերակա խնդիրների շարքում առանձնացրել է գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման շարունակականության ապահովումը:

Ներկայումս հանրապետությունում գործում են շուրջ 270 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց հիմնական ուղղվածությունն է կաթի մթերումը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, հացահատիկային մշակաբույսերի աճեցումը, մեղվաբուծությունը, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցումը և արոտավայրերի կառավարումը:

Ինչքանով օրենքը կնպաստի գյուղացիական կոոպերատիվների զարգացմանը և ինչ գործնական քայլեր կձեռնարկվեն փոքր տնտեսություններին միավորելու, նրանց գործունեությանն աջակցելու համար. այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ գյուղփոխնախարար Արմեն Հարությունյանի հետ:

- Նոր օրենքը, ենթադրաբար, կնպաստի գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման օրենսդրական հիմքերի բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանմանը, գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետության, տնտեսվարողների մրցունակության, հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի պետական քաղաքականության հիմնական ուղղությունների հստակեցմանը:

«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարեցման, վերակազմակերպման, պետական աջակցության և այլ հարաբերություններ, սահմանում է կոոպերատիվների մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

- Հաճախ մարդիկ կոլխոզ բառը զուգորդում են կոոպերատիվի հետ: Ինչպե՞ս առավել մատչելի կձևակերպեք «գյուղացիական կոոպերատիվ» սահմանումը.

- Սովորաբար, միջին և մեծ ֆերմերներն են նախաձեռնում կոոպերատիվի ստեղծումը, որպեսզի հնարավորություն ունենան հաղթահարելու ինքնահաստատման, շուկայի նվաճման անխուսափելի դժվարությունները: Միաժամանակ, երբ կոոպերատիվը ստեղծվում և անցնում է նախնական զարգացման փուլերը, փոքր և ավելի աղքատ ֆերմերները միանում են կոոպերատիվին և օգտվում անդամության առավելություններից: Կոոպերատիվը փոքր տնտեսությունների միավորումն է, որոնց ձևավորումը կարող է մեծապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթացի ապահովմանը` գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և գյուղական բնակավայրերի զարգացմանը: Դրանց ստեղծումն ու զարգացումը գյուղատնտեսության ոլորտում կարող է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գյուղմթերքի իրացման դժվարությունների հաղթահարումը, գյուղտեխնիկայի շահագործումը, վառելանյութերը, սերմերը, պարարտանյութերը և այլ ռեսուրսներ ֆերմերին առավել մատչելի դարձնելը:

- Այնուամենայնիվ, ֆերմերների որոշ մասն այնքան էլ ոգևորված չէ կոոպերատիվների ստեղծումից, ի՞նչն է խնդիրը, գուցե ոչ բավարար տեղեկացված լինե՞լը:

- Այո, հիմնական խնդիրը դրանց արդյունավետության մասին տեղեկության պակասն է: Այս պահին շարունակվում է իրազեկության արշավը, մենք կոոպերատիվների գաղափարախոսության տարածման խնդիր ունենք, քանի որ կոոպերատիվները որոշ մարդկանց կողմից ընդունվում են որպես կոլխոզ, բայց դրանք շատ տարբեր են: Մի տնտեսվարող սուբյկետ ունի սահմանափակ քանակությամբ արտադրություն և փորձում է այն հասցնել շուկա, որի համար, սակայն, պետք է ապրանքը սորտավորել, փաթեթավորել, տեղափոխել և տաղավարներին վճարելու գումար հատկացնել: Իսկ մարքեթինգային կոոպերատիվների ձևավորման պարագայում անդամները կարողանում են վաճառել և շուկա հանել իրենց արտադրությունը:

- Նախկինում ինչպե՞ս էին կոոպերատիվները գործում. կարող ե՞ք հստակ նշել, թե ինչ է այս առումով փոխելու օրենքի ընդունումը, ինչքանո՞վ է բարձրանալու կոոպերատիվի անդամների աշխատանքի արդյունավետությունը:

- Օրենքի կիրառման արդյունքում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը կնպաստի գյուղատնտեսական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, տնտեսվարողների գործունեության պայմանների բարելավմանը, ընդլայնված վերարտադրության ապահովմանը, գյուղատնտեսական արտադրության և սպասարկումների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում նախկինում սահմանված էր «սպառողական կոոպերատիվներ» գաղափարը, և բոլոր կոոպերատիվները գործում էին որպես սպառողական կոոպերատիվներ: Դրանց գործունեությունն ամրագրված չէր օրենքով, ուստի կոոպերատիվի անդամները չէին կարող պետական կամ մասնավոր հատվածից որևէ աջակցություն ակնկալել:

- Իսկ այժմ ի՞նչ աջակցության մասին կարող է խոսք լինել, պետությունը որևէ կերպ կօժանդա՞կի նրանց գործունեությանը:

- Նոր օրենքի մեջ կարևորագույն սկզբունքը նաև պետական աջակցության սահմանումն է լինելու, ինչը նախկինում չկար: «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակներում Եվրամիությունը գյուղնախարարության հետ նախաձեռնել է նոր ծրագիր, որն ուղղված է հենց կոոպերատիվների զարգացմանը: Դա դրամաշնորհային ծրագիր է, և բաց մրցույթով արդեն ընտրվել է 40 տնտեսություն, որոնք ցանկանում են ձևավորել կոոպերատիվներ և այս տարի տարբեր ուղղություններով աջակցություն կստանան:

Օրենսդրությունը կոոպերատիվը դիտում է որպես բիզնես միավոր, ինչն առանցքային և սկզբունքային հարց է. դա կարող է շահույթ ապահովել կոոպերատիվի անդամների համար: Արտադրանքը կոոպերատիվի անդամների միջոցով վաճառելու դեպքում ֆերմերներին կարող են առաջարկվել լավագույն մեծածախ գներ՝ ավելացնելով անդամների եկամուտները: Շուկայում կարող է ավելանալ մրցակցությունը և թափանցիկությունը, անդամները կարող են ձեռնարկել գործունեութան նոր ուղղություններ՝ արտադրության ամբողջ շղթայում՝ ապահովելով արտադրանքի հավելյալ արժեք:

- Իսկ այդ տնտեսությունները ո՞ր ոլորտներում են ներգրավված և ի՞նչ կերպ նրանց աջակցություն կտրվի:

- Օրինակ՝ 10 կոոպերատիվ կարտադրի հնդկաձավար Շիրակի մարզում, իսկ ևս երկու կոոպերատիվ կստանձնի վերամշակողի դերը: Այդ ընկերություններին կհատկացվեն չորանոցներ, որից հետո կանցնեն սորտավորման և փաթեթավորման: Աջակցության շրջանակներում արտադրողները կստանան պարարտանյութ, սերմացու, ցանքի համար անհրաժեշտ սարքավորումներ, վերամշակման պարագաներ, իսկ շահառուների համար կիրականացվեն նաև դասընթացներ, խորհդատվություն: 40 կոոպերատիվներին հատկացվող աջակցության չափը կկազմի 800 հազար եվրո: Շահառուներ են համարվել այն ընկերությունները, որոնք առաջարկել են նորարարական արտադրանք:

- Իսկ շահառուների թիվը սահմանափա՞կ է, այս տարի ծրագրում կընդգրկվե՞ն նոր կոոպերատիվներ:

- Անցած տարվա փուլն ավարտվել է, սակայն մենք հեռուստատեսությամբ, կայքով և գյուղաջակցության մարզային կենտրոնով փորձել ենք հնարավորինս իրազեկել բնակչությանը, որպեսզի այս տարի ևս կոոպերատիվները դիմեն և մասնակցեն մրցույթի այս տարվա փուլին: Եղել են կոոպերատիվներ, որոնց անդամները դիմել են չորանոցների ստեղծման, հակակարտային ցանցերի կամ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար: 2015 թ. դեկտեմբերին ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալության հետ մեկնարկեց մեկ այլ ծրագիր. ֆերմերները և կոոպերատիվները կարող են դիմել և աջակցություն ստանալ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Նման ծրագրերը կլինեն շարունակական: Մեր խնդիրն է իրազեկել հանրությանը կոոպերատիվների առավելությունների մասին:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: