Հայերեն   English   Русский  

Կախվածությունը համակարգչից կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երեխայի մոտ. հոգեբան


  
դիտումներ: 834

Կախվածությունը համակարգչից երեխաների մոտ սկսվում է 6-7 տարեկանում: Ծնողները պետք է պայքարեն այս երևույթի դեմ, սակայն առանց կոշտ մեթոդների կամ արգելքների:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Ծնողների կոպիտ գործողությունները ավելի են սրում, ավելի մեծ ցանկություն են առաջացնում և սթրեսի առջև կանգնեցնում երեխային, ինչը հանգեցնում լուրջ հետևանքների` ֆիզիկական` տեսողության վատացում, ողնաշարի շեղումներ, հոգեբանական: Արհեստական աուտիզմ է ձևավորվում: Երեխաները սկսում են մեկուսանալ շրջապատից: Սոցիալական շփումներից հեռանալով` այդ հմտությունները մոռանում է, ինչն էլ հակառակ արդյունքի պատճառ է դառնում. անձը չի էլ ուզում շփվել, իսկ հասարակությունը հակված չէ ընդունել նրան»,- նշեց հոգեբանը:

Ըստ նրա` համացանցի կախվածության մասին կարելի է խոսել, երբ դա դառնում է սովորություն, հաճույք է պատճառում և անձը չի կարողանում կարգադրել իրեն, որ դադարեցնի:

«Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը իր հերթին նշեց, որ Հայաստանն այս տեսանկյունից ավելի բարվոք վիճակում է. «Մեր երկրի տվյալները համեմատելով այլ երկրների հետ ` պարզ է դառնում, որ մեզ մոտ բավականին առողջ է հասարակությունը: Շատ երեխաներ ինքնակամ են հրաժարվում որոշակի կայքեր այցելելուց, որովհետև տեղյակ են դրանց վնասներից»,-ասաց նա:

«Ապահով համացանց» ծրագրի համակարգողը նկատեց, որ համացանցը կարող է գործածվել նաև օգտակար նպատակներով, որոնց թվում `նաև գրքեր և կրթական այլ ռեսուրսներ:

«Համացանցը գիտելիքների անսպառ պաշարներ ունի: Այն կրթության հզոր միջոց է: Համացանցը այսօր մեծ հնարավորություններ է տալիս, թեև Հայաստանում համացանցի հասանելիության խնդիր էլ կա: Բնակչության ընդամենը 50 տոկոսն ունի համացանցից օգտվելու հնարավորություն»,-ասաց Նարինե Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: