Հայերեն   English   Русский  

«…Եթե Թեոդորոս Ռշտունու նման քաղաքական մտածողներ շատ լինեին հայ կառավարող շրջանների մեջ». Լեո


  
դիտումներ: 5834

Թեոդորոս Ռշտունին VII դարի օրհասական օրերին Հայաստանի իրական փրկիչը դարձավ: Արաբական արշավանքներն արհավիրքի պես սրբում էին տարածաշրջանի երկրները: Արաբների նոր ձևավորված հզոր տիրապետության դեմ ընկրկեցին անգամ աշխարհի հզորները` Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը: Վերջինս արաբների հարվածների ներքո հեռացավ պատմության թատերաբեմից, ավելին` պարսիկ ժողովրդին պարտադրվեց իսլամը, ինչն էականորեն փոխեց նրա աշխարհընկալումը, հոգևոր, բանական, զգայական արժեքները:

Թվում էր` Հայաստանն ի վիճակի չի լինի դիմակայելու արաբական հզոր արշավանքին: Թվում էր: Սակայն հայոց երկրում կային հզոր, արի ու հմուտ գործիչներ, որոնք գիտեին` ինչպես փրկել հայրենին, որոնց համար Հայաստանը` աստվածային արարչական երկիրը, սրբություն սրբոց էր: Նրանցից մեկը Թեոդորոս Ռշտունին էր` չգնահատված մեծություն, որին սերունդներն իսկապես պարտք են մնացել` փառավորելու նրա գործն ու հիշատակը:

VII դարի սկզբին Հայաստանը` որպես առանձին մարզպանություն, Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ էր: 628 թ. Ռշտունյաց հզոր նախարարական տոհմից Թեոդորոս իշխանը պարսից արքայի հրամանով նշանակվեց հայոց զորքերի սպարապետ: Մի քանի տարի անց` 634 թ., Թեոդորոս Ռշտունին նշանակվեց նաև հայոց մարզպան: Նրա իշխանությունը ճանաչեց նաև Բյուզանդիան, որ հայոց իշխանին հաճոյանալու համար շնորհեց պատրիկ, կյուրոպաղատ տիտղոսները:
Երկրի ռազմական ու վարչական լծակների կենտրոնացումը հմուտ զորավարի ու լավ վարչարար-դիվանագետի ձեռքում դրական երևույթ էր Հայաստանի համար: Նա կրթություն ու դաստիարակություն էր ստացել Տիզբոնի արքունիքում և քաջ զորավար լինելուց զատ, նաև հմուտ դիվանագետ էր:
Շատ չանցած` արաբների հարվածներից կործանվում է Սասանյան Պարսկաստանը: Հայաստանը ձեռք է բերում փաստացի անկախություն, և այդ պետության ղեկավարը հենց Թեոդորոս Ռշտունին էր: Թվում էր` Հայաստանի լիակատար անկախությունն ու թագավորական իշխանության հաստատումը ժամանակի խնդիր է: Բայց Հայաստանին նույնպես պատուհասում է արաբական վտանգը: Թեոդորոս Ռշտունին լավ էր հասկանում երկրին սպառնացող վտանգը և արաբների ռազմական հզոր ուժը, քանզի ի պաշտոնե հայոց բանակով պարսկական բանակի կազմում մասնակցել էր հակաարաբական պատերազմին: Նա նաև հասկանում էր, որ Հայաստանը միայնակ չի կարող երկար դիմակայել արաբական արշավանքներին: Հարկ էր, երկիրը ռազմականացնելուց զատ, նաև հմուտ դիվանագիտություն վարել արաբների հետ:
Վտանգի դեմն առնելու համար նա ամեն դեպքում մեծացնում է հայոց բանակի թվաքանակը` շեշտը դնելով թեթևազեն և արագաշարժ հայոց այրուձիի վրա: Նա ամրացնում է Հայաստանի բերդերը, կարևորագույն քաղաքները, պաշտպանական հանգույցները:
Ամրացնելով Հայաստանը` նա հոգ տարավ նաև Աղվանքի և Վիրքի մասին, այնտեղ տեղի ուժերին նույնպես նախապատրաստեց արաբական ներխուժմանը դիմակայելուն:

640 թվականից արաբները պարբերաբար հարձակումներ են իրականացնում Հայաստանի ուղղությամբ: Սակայն հայոց բանակը կազմ ու պատրաստ էր և միշտ դիմագրավելով արաբներին` արժանի հակահարված է հասցնում նրանց:
642 թ. Թեոդորոս Ռշտունին Կոգովիտ գավառում ջարդ տվեց արաբական զորքերին և վտարեց նրանց Հայաստանից:
Սակայն հայոց իշխանը լավ էր հասկանում ուժերի հարաբերակցությունը: Արաբական խալիֆայության դեմ Հայաստանը մենակ էր: Պոտենցիալ դաշնակիցներից արդեն չկար Սասանյան Պարսկաստանը, Բյուզանդիան իր հերթին իր անհեռատես քաղաքականությամբ ոչ միայն համատեղ ճակատ չէր կազմում արաբների դեմ, այլև ոտնձգություններ էր անում Հայաստանի հանդեպ: 646 թ. բյուզանդական Կոստաս կայսրն անգամ կարողացավ դավադրաբար ձերբակալել հայոց իշխանին և Կոստանդնուպոլիս տանել: Սակայն, վախենալով հայերի ընդվզումից` բաց թողեց նրան:
15-Հայաստանն-արաբական-արշավանքների-տիրապետության-հաստատման-և-հայ-ազատագրական-պայքարի-շրջանում-VII-IX-դարեր648 թ. Բյուզանդիան Հայաստանին դավանափոխության առաջարկ արեց` քաղկեդոնության ընդունման փոխարեն խոստանալով աջակից լինել հակաարաբական պատերազմում: Թեոդորոս Ռշտունու հարկադրանքով հայ իշխաններն ու հոգևորականությունը մերժեցին Բյուզանդիայի առաջարկը:
650 թ. Արծաթ բերդի մատույցներում հայոց իշխանը կրկին ջարդում է Հայաստան ներխուժած արաբական բանակները:
Այս պայմաններում Թեոդորոս Ռշտունին բանակցություններ է սկսում Ասորիքի արաբ կառավարիչ (հետագայում խալիֆ) Մոավիայի հետ և 652 թ. նրա միջոցով խալիֆայության հետ կնքում հայոց համար նպաստավոր պայմանագիր: Ըստ այդմ`
Հայաստանը ճանաչում էր արաբական խալիֆայության գերիշխանությունը: Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց: Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան` ինչքան ցանկանային: Արաբական արքունիքը հոգալու էր հայոց 15000-ոց այրուձիի ծախսը: Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու: Արաբները պարտավորվում էին բյուզանդացիների Հայաստան ներխուժման դեպքում օգնել հայերին:

Խալիֆայությունն այսպիսով Թեոդորոս Ռշտունուն ճանաչեց իբրև հայոց, վրաց և աղվանից իշխանաց իշխան:

Սա բավական նպաստավոր պայմանագիր էր Հայաստանի համար: Հայոց երկիրը ոչ միայն աննշան հարկ էր վճարելու խալիֆայությանը, այլև հայոց այրուձին պիտի պահվեր արաբական գանձարանի հաշվին: Հայաստանի համար այս կարգավիճակը շատ ավելի ձեռնտու և անկախ էր, քան Մարզպանական Հայաստանը Սասանյան Պարսկաստանի կազմում:

Շուտով հայ-արաբական պայմանագիրը տվեց իր պտուղները: Հայաստան ներխուժեց բյուզանդական մեծ բանակ, և հայոց իշխանն արաբական 7000-ոց օգնական զորաբանակի հետ ջախջախեց բյուզանդացիներին:

Սակայն Թեոդորոս Ռշտունու այս քայլը միանշանակ չընդունվեց հայոց երկրում: Նրան ընդդիմացավ հայ կղերականությունը` հայոց եկեղեցին:
Սեբեոս եպիսկոպոսը (պատմիչ) այս պայմանագիրն անվանում է պայմանագիր դժոխքի հետ: Ցավոք, հայ կղերի համար էական չէր այդ պայմանագրով հայոց ձեռքբերումը, էական էր, որ հայոց իշխանը նման պայմանագիր է կնքել մահմեդական տերության հետ` թշնամանալով դավանակից Բյուզանդիային:

Հայաստանում, հայոց եկեղեցու և Մամիկոնյան նախարարական տան գլխավորությամբ, շատ իշխաններ ըմբոստացան Ռշտունյաց իշխանի դեմ: Նա մեկուսացավ երկրի պետական գործերից: Փաստորեն, եկեղեցին ու բյուզանդամետ նախարարները չեղյալ հայտարարեցին հայ-արաբական պայմանագիրը: Հետևանքն այն էր, որ արաբական բանակը մտավ Հայաստան և օգտվելով երկրի պառակտված վիճակից` գրավեց երկիրը, կողոպտեց ու ավերակների կույտի վերածեց այն:
Փորձելով շտկել իրավիճակը` Թեոդորոս իշխանը 1800 հայ մեծատոհմիկ ազնվականների հետ գնում է խալիֆայության մայրաքաղաք` Դամասկոս: Սակայն ավաղ, այլևս ոչինչ հնարավոր չեղավ փրկել: Հայ կղերականներն ու բյուզանդամետ ուժերն արել էին իրենց սև գործը: Հայաստանն այլևս գրավված էր արաբների կողմից:
Վշտացած, միայնակ ու հուսահատ, մեկուսացած պետական գործերից` Թեոդորոս Ռշտունին քաշվեց իր տոհմական Աղթամար կղզին, ուր էլ շատ չանցած` 654 թ. մահացավ կասկածելի հանգամանքներում:
Թեոդորոս Ռշտունին հայ ժողովրդի պաշտած իրական հերոսներից է: Շատ ուսումնասիրողներ նրա կերպարը նույնացնում են հայոց ազգային էպոսի Քեռի Թորոսի հետ: Որքանով է տեղին այդ համեմատությունը` դժվար է ասել: Սակայն մի բան պարզ է` Թեոդորոս Ռշտունին իսկական հայ էր ու նվիրյալ հայրենասեր:
Հայ ականավոր պատմաբան Լեոն տեղին է նկատել. «Եվ գուցե հայ ազգի ճակատագիրն այլ կերպ ընթանար, եթե Թեոդորոս Ռշտունու նման քաղաքական
մտածողներ շատ լինեին հայ կառավարող շրջանների մեջ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: