Թաիլանդում փիղը ոտնակոխ է արել զբոսաշրջիկի
Թաիլանդի զբոսաշրջային կղզիներից մեկում փիղը ոտնատակ է տվել մի զբոսաշրջիկի, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, զբոսաշրջիկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր, որը իր դստեր հետ նստած է եղել կենդանու մեջքին, երբ այն հանկարծ սկսել է անհանգիստ շարժումներ անել և ցած է նետել տղամարդուն և դստերը իր վրայից:
«Կարծում ենք, որ կենդանու հանկարծակի բարկությունը պայմանավորված է եղել շոգ եղանակով: Բացի այդ հնարավոր է, որ փիղը լավ վարժեցված չի եղել», - ասել է ոստիկանապետը:
Նա նաև նշել է, որ զբոսաշրջիկի ոտքը պրոթեզավորված է եղել և այդ պատճառով նա չի կարողացել փախչել: Նրա աղջիկը և կենդանու վարժեցնողը թեթև վնասվածքներ են ստացել:
Ներարկումներից հետո միայն հնարավոր է եղել հանգստացնել կենդանուն:
Նշենք, որ սա վերջին հինգ ամիսների ընթացքում մահվան ելքով վեցերորդ նմանատիպ միջադեպն է:
«Արական սեռի փղերը չպետք է ծառայեն զբոսանքների համար, քանի որ շոգ եղանակին նրանք անվերահսկելի են դառնում», - ասել է Թաիլանդի «Վայրի Բնության ընկերների հիմնադրամի» հիմնադիր Էդվին Վիեկը:
Թաիլանդում կա մոտ 4000 ընտելացված փիղ, որոնցից շատերը զբոսաշրջության և առևտրի ոլորտներում են ծառայում:
Բնապահպանական խմբերն անընդհատ բարձրացնում են Թաիլանդում զբոսաշրջության ոլորտում կենդանիների օգտագործումը և կենդանիների օգտագործման անօրինականության հարցը: Սակայն առայժմ դրանք ոչ մի արդյունք չեն տվել: