Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարությունները Սաֆարովի գործով ճանաչվել են որպես պատասխանող կողմ


  
դիտումներ: 912

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություններին։Հաղորդում է news.am-ը`վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը (European Human Rights Advocacy Centre)։

ՄԻԵԴ-ը ադրբեջանական եւ հունգարական կողմերից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին։ Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի հարազատներին ՄԻԵԴ-ում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, «Legal Guide» հայկական ՀԿ-ն եւ Նազելի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Բուդապեշտում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրան սպանած Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թափանցում է հայ սպաների սենյակ եւ կացնահարում քնած Գուրգեն Մարգարյանին:

2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ժամկետով համաներման իրավունքի: Դատարանում Սաֆարովը փոխել էր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարությունից՝ պատճառաբելով, որ վատ գիտի ռուսերեն եւ անգլերեն:

2012 թվականի օգոստոսի 31-ին, Վիկտոր Օրբանի որոշմամբ, Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ նախագահի կողմից ներում շնորհվեց, բարձրացվեց նրա ծառայողական աստիճանը եւ նվերներ ստացավ՝ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը: Հունգարիայի այդ քայլին ի պատասխան՝ Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: