Հայերեն   English   Русский  

​Մարիա Գևորգյան. «Շախմատը բնավորության գիծ է»


  
դիտումներ: 2276

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնության նորընծա չեմպիոնուհին 21-ամյա Մարիա Գևորգյանն է: Երիտասարդ մարզուհին ամբողջ մրցաշարը վերելքով անցկացրեց և արժանիորեն նվաճեց հաղթողի տիտղոսը:

Մարիան հրաշալի արդյունքով, 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, դարձավ չեմպիոն, արժանացավ ոսկե մեդալի և 47 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը: Այս հաղթանակով Մարիան նաև համալրեց Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը:

«Անկախի»հետ զրույցում երիտասարդ մարզուհին կիսվում է տպավորություններով, պատմում դեպի հաղթանակ տանող ճանապարհի դժվարությունների և առաջիկա ծրագրերի մասին:

- Մարիա, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ողջ մրցաշարը վերելքով անցկացրիք՝ ոչ մի միավոր չզիջելով մրցակցին և միայն մեկ ոչ-ոքի գրանցելով: Հրաշալի արդյունք է:

- Ուրախ եմ, որ վերջապես հաջողվեց դառնալ Հայաստանի չեմպիոն: Երկու տարի անընդմեջ՝ 2014-ին և 2015-ին դարձել եմ փոխչեմպիոն: Անգամ 2014-ին նույն միավորներն ունեի, ինչ առաջնության հաղթողը, պարզապես լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զիջեցի:

Այս տարի ամեն ինչ հաջող դասավորվեց: Առաջնությանը լավ պատրաստված, բարձր տրամադրությամբ և շատ հանգիստ եմ մասնակցել: Ավելի շատ մտածում էի պարտիաները բարձր մակարդակով անցկացնելու, լավ խաղ ցուցադրելու մասին: Ուրախ եմ, որ ստացվեց:

- Առաջնության ավարտից 1 տուր առաջ դարձաք անհասանելի մրցակիցների համար՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Հաղթանակը հե՞շտ տրվեց, թե՞ լարվածություն կար:

- Մրցակցություն, անկասկած, կար: Շախմատում և մանավանդ աղջիկների պայքարում ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել: Մրցակիցներս ուժեղ էին: Ամենակարևորը և պատասխանատուն ինձ համար առաջին պարտիան էր Արմինե Բաբայանի հետ: Նա մրցաշարի վարկանիշային առաջատարն էր: Մեկնարկը հաջող սկսեցի, ինչն ինձ վստահություն հաղորդեց:

- Հաղթանակի շնորհիվ Դուք ազգային հավաքականի կազմում եք: 2016 թվականի սեպտեմբերին շախմատային օլիմպիադան կայանալու է Բաքվում:

- Պատասխանատվությունն ավելի է մեծացել: Ցանկացած մարզիկի համար մեծ պատիվ է համալրել ազգային հավաքականի կազմը: Այն հանգամանքը, որ այս տարի օլիմպիադան կայանալու է Բաքվում, առավել պարտավորեցնող է: Եթե որոշում կայացվի մասնակցության վերաբերյալ և թիմը մեկնի Բաքու, ես կլինեմ թիմակիցներիս կողքին:

- Առաջիկայում ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել: Կա՞ն որոշակի ծրագրեր:

- Մոտավորապես մեկ շաբաթ կհանգստանամ: Այնուհետև, կան մի շարք ծրագրեր, որոնք կփորձեմ իրականացնել: Պատրաստվելու եմ կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը, որը կայանալու է մայիսին, Ռումինիայում: Կլինեն նաև այլ մրցաշարեր, որոնցում կփորձեմ հաջող մասնակցություն ունենալ: Հնարավոր է՝ Աբու Դաբիում մասնակցենք ուսանողական առաջնության: Իսկ սեպտեմբերին արդեն օլիմպիադան է:

- Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք զբաղվել շախմատով:

- Մանկուց եմ սիրել շախմատ խաղալ, 3 տարեկանում արդեն գիտեի խաղաքարերը, քայլերը: Պապիկս է սովորեցրել (Մարիայի պապիկն անվանի մարզական լրագրող Դերենիկ Գևորգյանն է):

Ընտանիքիս անդամներին, հյուրերին, փոքրից մինչև մեծ, ով շախմատ խաղալ գիտեր, առաջարկում, անգամ ստիպում էի ինձ հետ խաղալ: Շատ սիրում էի նաև մեծ թենիս, բայց նախընտրեցի շախմատը:

Արդեն 7 տարեկանից հաճախել եմ մարզադպրոց: Սկսել եմ Պիոներ պալատում, հետո հաճախել եմ շախմատի ակադեմիա: Եղել եմ ակադեմիայի առաջին սաներից: Այժմ մարզվում եմ Էրեբունու շախմատի դպրոցում: Մարզիչս գրոսմայստեր Հրայր Սիմոնյանն է:

- Դասակա՞ն, թե՞ արագ շախմատ:

- Դասական շախմատն ավելի եմ նախընտրում, բայց արագն էլ շատ եմ սիրում: Երևանում անցկացվող գրեթե բոլոր մրցաշարերին մասնակցում եմ: Այն մարզում է ուղեղը, զարգացնում մտքի ճկունությունը:

- Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

- Աշխատանք, նվիրվածություն, հավատ սեփական ուժերին, զոհաբերություններ: Ոչինչ հենց այնպես չի տրվում: Կարծում եմ, որ եթե մարդ ինչ-որ գործ է անում, պետք է լավ անի կամ ընդհանրապես չանի: Մեծ նվիրում է պետք:

- Երբ ազատ ժամանակ եք ունենում, ինչպե՞ս եք այն անցկացնում:

- Շատ նախասիրություններ և հետաքրքրություններ ունեմ: Ազատ ժամանակն անցկացնում եմ ընկերներիս հետ: Սիրում եմ ընթերցել, ֆիլմեր դիտել, մարզվել: Միշտ քաջատեղյակ եմ մեր երկրում և աշխարհում կատարվող իրադարձություններին:

Մրցաշարերից առաջ ինձ մեծապես օգնում է սպորտը, սիրում եմ թենիսով զբաղվել: Այդ դեպքում ավելի հանգիստ եմ մոտենում պայքարին: Իսկ խաղից հետո լիցքաթափվում եմ մուլտֆիլմ դիտելով:

- Ի՞նչ է Ձեզ համար շախմատը:

- Յուրաքանչյուր շախմատիստի կյանքում այն խորը արմատներ է գցում: Շախմատն արդեն դարձել է բնավորության գիծ: Օգնում է կենտրոնացած առաջ շարժվել, ճիշտ որոշումներ կայացնել և հնարավորինս անսխալ ապրել:

- Չնայած երիտասարդ տարիքին՝ հարուստ մարզական կենսագրություն, միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունեք: Ի՞նչ խորհուրդ կտաք պատանի շախմատիստներին:

- Պարտություններից չհուսահատվել, չընկճվել, երբեք չհանձնվել, լինել համարձակ: Ցանկության դեպքում հնարավոր է հասնել ամեն ինչի:

- Ո՞րն է Ձեր ցանկությունը շախմատում:

- Ցանկանում եմ, որ Հայաստանի կանանց հավաքականն իր ներուժով մոտենա տղամարդկանց հավաքականին, ունենա նմանատիպ հաջողություններ՝ գրանցելով բարձր արդյունքներ: Ես էլ ցանկություն ունեմ արժանանալ գրոսմայստերի կոչման և դառնալ աշխարհի չեմպիոն:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: