Հայերեն   English   Русский  

​Համաշխարհային երաժշտության լեգենդները և երկրպագուները սգում են Դևիդ Բոուի մահը


  
դիտումներ: 1112

Կյանքի 69-րդ տարում վախճանվել է բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Դևիդ Բոուին:

Այն բանից հետո, ինչ հաստատվեց երաժշտի մահը, համաշխարհային աստղերը և երկրպագուները չեն դադարում իրենց գրառումներով իրենց ցավը հայտնել Բոուի մահվան կապակցությամբ:

«The Rolling Stones-ի անդամները խորապես ցնցված են լսելով մեր սիրելի ընկեր Դևիդ Բոուի մահվան լուրը: Նա հրաշալի և բարի մարդ էր և միևնույն ժամանակ աննկարագրելի յուրահատուկ և ինքնատիպ արտիստ»,- գրել է The Rolling Stones-ի պաշտոնական կայքը:

«Որպիսի տխուր նորություն ստացանք` արթնանալով այս անձրևոտ առավոտյան: Դևիդը մեծ աստղ էր և նրա հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը հարստություն է ինձ համար: Նրա երաժշտությունը մեծ դեր ունի բրիտանական երաժշտության պատմության մեջ, և ես հպարտ եմ մտածելու, որ նա ամբողջ աշխարհում մարդկանց վրա մեծ ազդեցություն է ունեցել»,- նշել է Փոլ Մաքարթնին:

«Դևիդ Բոուի. մեր ժամանակի ամենախելացի և ամենահետաքրքիր ձևով հանճարեղ մարդը: Ինչպիսի~ դատարկություն է թողնում նա: Ինչպե~ս ենք նրան կարոտելու»,- գրել է Queen խմբի թմբկահար Ռոջեր Թեյլորը:

Դևիդ Բոուի

«Դևիդ Բոուին եզակի արտիստ էր` այնպիսի աշխարհայացքով, որը փոխեց երաժշտության դեմքը: Անչափ կկարոտեմ նրան: Հանգչիր խաղաղությամբ, Դևիդ»,- գրել է լեգենդար կիթառահար Ջիմի Փեյջը:

«Սա այն օրերից է, երբ ուզում ես գոռալ և լաց լինել միևնույն ժամանակ… Սակայն հետո լռություն է տիրում: Մնաս բարով, իմ հերոս»,- իր վիշտն է արտահայտել հանրաճանաչ դերասանուհի Օռնելա Մուտին:

«Նրա հետ ընկերությունը իմ կյանքի լույսն էր: Ես երբեք նրա նման փայլուն մարդ չեմ հանդիպել»,- ասել է Իգգի Փոփը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ցավակցել է Բոուի ընտանիքին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը անվանել է երաժշտին հանճար, իսկ նրա մահը` մեծագույն կորուստ:

Դևիդ Բոուի

«Իմ Դևիդ Բոուին չի մահացել: Դա երբեք տեղի չի ունենա: Այն, ինչ նա ինձ տվել է հավերժորեն իմը կլինի, քանի որ նա է ինձ ձևավորել: Ես բացարձակ համոզված եմ դրանում: Ես կարիք չունեմ որևէ ցավակցության քաղաքական գործիչների կողմից կամ նրա հիթերի թվարկման հեռուստաալիքներով: Կարիք չկա վիճելու ` արդյոք նա Դիլանի կամ Լենոնի չափ մեծություն էր, թե` ոչ. դա հիմար հարց է: Նա իմ բևեռային աստղն էր. Այն տարիներին, երբ ես փորձում էի գտնել ինքս ինձ, նա ցույց տվեց, որ հնարավորություններն անվերջ են: Նա ընդլայնվեց նոր տարածություններում` ուղղակի և անուղղակի իմաստներով»,- The Guardian –ի մշակութային բաժնի լրագրողներից մեկը այսպես է մեկնաբանել Դևիդ Բոուի մահը:

Դևիդ Բոուի

Դևիդ Բոուին 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից է: Նա իր կարիերան սկսել է դեռևս 1960-ականներին և հռչակ է ձեռքբերել 1969 թվականին Space Oddity սինգլը լույս ընծայելուց հետո: Նա այն եզակի երաժիշտներից էր, որը գործել է երաժշտության ամենատարբեր ուղղություններում` արթ ռոք, պսիխադելիկ ռոք, գլեմ ռոք, էլեկտրոնային երաժշտություն և այլն:

Նա նաև այն ազվադեպ երաժիշտերից է, որոնք մերժել են ընդունել ասպետի կոչում:

Բոուին իր երաժշտական գործունեությունը շարունակեց մինչև կյանքի վերջին օրերը: Մահվանից ընդամենը 2 օր առաջ` իր 69-րդ ծննդյան օրը, երաժիշտը ներկայացրել էր վերջին` «Blackstar» ալբոմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: