Հայերեն   English   Русский  

​Քաղաքական «թեժ աշնանը» սպասելիս…


  
դիտումներ: 2201

Հայաստանում ներքաղաքական զարգացումները, մեղմ ասած, կլինիկական մահ են ապրում: Ներքաղաքական ամենալուրջ զարգացումն այս պահին թերևս ոչ իշխանական «քառյակի» գործողություններն են, հայտարարություններն ու քաղաքական «թեժ աշուն» կազմակերպելու «սպառնալիքը», իշխանական վերնախավում ուժերի ու դիրքերի վերադասավորումները:

Կենդանության այլ առավել լուրջ նշաններ Հայաստանի ներքաղաքական դաշտը ցույց չի տալիս: Ուստի, շունչներս պահած սպասում ենք «հրաշալի քառյակի» խոստացած թեժ աշնանը, քանի որ խոստացել են սեպտեմբերի վերջից հանրահավաքներ և ավելի ակտիվ գործունեություն սկսել:

Ըստ էության` ընդդիմադիր դաշտը փորձում է ընդհանուր քաղաքական պլատֆորմ ստեղծել` ներկայացնելով գործունեության և քաղաքական որոշակի առաջարկներ: Մյուս կողմից, սակայն, ընդդիմադիրները, համագործակցության եզրեր գտնելու փորձերին զուգահեռ, փորձում են ձևավորել նաև իրենց ուրույն քաղաքական օրակարգերը:
«Պարզ է, որ բացի ընդհանուր օրակարգից, յուրաքանչյուր ուժ այստեղ ունի նաև սեփական դիտարկումներն ու սեփական առաջնահերթությունները, որոնք ունեն միջնաժամկետ նպատակ` կապված հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ: Այսինքն` որոշ իմաստով տեղի է ունենում նորմալ քաղաքական գործընթաց, երբ ընդդիմությունը, մի կողմից, փորձում է միասնական ուժերով հանդես գալ իշխանության դեմ, մյուս կողմից` յուրաքանչյուրը փորձում է պահպանել իր առանձնահատկությունը»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Իսկ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` կառավարության փոփոխությունից հետո ոչ մի արտասովոր բան չի կատարվում և դժվար թե կատարվի: Եվ պատճառը, ըստ նրա, այն է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարություն ձևավորելը և կառավարության` կուտակային ռեֆորմից հրաժարվել-չհրաժարվելու գործընթացը վերջին լծակն էին, որ կարող էին օգտագործվել ընդդիմադիր ուժերի կողմից առավել ակտիվ քաղաքական պրոցեսներ ծավալելու համար, սակայն չօգտագործվեցին: Արտաքին ֆորս մաժորներ էլ չեն նկատվում:
«Եվ քանի որ խորհրդարանում մեծամասնությունը հանրապետականներն են, որևէ լուրջ խմորում

Սերգեյ Մինասյան

հանրապետականների ներսում գոյություն չունի, ընդդիմությունը մինչև մյուս ընտրություններ ներկա քաղաքական վիճակը փոխելու հնարավորություն չունի, իսկ այն կրիտիկական մասսան, որ կարող է փողոց դուրս գալ, և որի մասին ընդդիմությունը միշտ խոսում է, նույնպես չի կարող հավաքվել, որովհետև կարելի է ասել, որ ընդդիմությունը դրա համար լծակ չունի»,- նշում է Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ առնվազն մինչև 2016 թ.` մինչ նոր նախընտրական արշավ սկսվելը, եթե իսկապես գլոբալ ֆորս մաժորներ չլինեն, դժվար թե ներքաղաքական դաշտում լուրջ զարգացումներ ունենանք:
Բայց ընդդիմությունն ընդդիմություն չի լինի, եթե չխոսի իշխանափոխության մասին: Այս առումով ուշագրավ է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի` սեպտեմբերի 16-ին արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը շատ շուտով ստիպված կլինի հեռանալ. «Քաղաքականության մեջ լինելու է հստակ բաժանում: Նրանք, ովքեր կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին որևէ պատրվակով, կհայտնվեն քաղաքական աղբանոցում: Նրանք, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին, կլինեն Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատ Հայաստանում առաջատար քաղաքական ուժ: Կարծում եմ, որ մենք առաջիկա ամիսներին կունենանք նոր որակ քաղաքական իրավիճակում»: Իսկ այն հարցին, թե երբ է լինելու այդ իշխանափոխությունը, պատասխանեց. «Շուտով կսկսվի այդ ժամանակը, համբերատար եղեք և սպասեք»:
Ոչ թե թեժ քաղաքական աշուն, այլ ցուրտ ձմեռ
Ըստ քաղաքագիտական վերլուծության, ուրեմն, ներկայումս առավել ակտիվ քաղաքական գործընթացների նախադրյալներ չկան, ուստի լիովին սպասելի էր, որ հանրության մի ստվար զանգվածի կողմից «կենսաթոշակային բարեփոխումների» հետ կապված բողոքի ալիքը, թանկացումները, իշխանական սկանդալները որպես լուրջ ներքաղաքական գործընթացի հիմք օգտագործել չկարողանալուց հետո ընդդիմությունը պետք է փորձի այդպիսի նախադրյալի վերածել իշխանության` սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը: Բայց դա, ինչպես այս առումով նշեց Սերգեյ Մինասյանը, իրականում որևէ լուրջ քաղաքական շարժի չի հանգեցնի: Որովհետև այստեղ ևս պետք է որոշակի վերապահումներ անել:
Նախ` վերջնական փաթեթ դեռ չի ներկայացվել խորհրդարանի քննարկմանը, ինչը նշանակում է, որ դեռևս վերջնականապես հայտնի չէ, թե նրանք, ովքեր դեմ են փոփոխություններին, ինչի համար են դեմ: Բացի այդ, չմոռանանք, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկություններում որոշ դրույթներ ընդունելի են ընդդիմադիր դաշտում գործող որոշ դերակատարների համար: Եվ խորհրդարանական քառյակի քաղաքական ուժերը տարբեր մոտեցում ունեն սահմանադրական բարեփոխումների հարցում. ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հաճախ են փոփոխություններին կողմ հանդես գալիս, իսկ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն` կտրականապես դեմ:
Որ «քառյակի» ներսում անհամաձայնություն կա, երևաց նաև սեպտեմբերի 16-ին` «Ժառանգության» կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում: Այդ ժամանակ «Ժառանգությունը» հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին, առավել ևս` ծրագրային հայեցակարգ ունի: Իսկ ՀՅԴ-ն կոշտ ու սուր ելույթ ունեցավ փոփոխություններին դեմ հանդես եկողների մասին: Ակնհայտ էր, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ «քառյակն» արդեն իսկ պառակտված է ու դժվար թե մինչև սեպտեմբերի վերջ կարողանա միասնական տեսակետ ձևավորել:

Ալեքսանդր Մարգարով

Քաղաքական «թեժ աշնան» մասին արդեն համեստորեն են արտահայտվում հենց «քառյակի» ներկայացուցիչները: Ինչ վերաբերում սեպտեմբերի վերջին հարյուրհազարանոց հանրահավաքներ անցկացնելու մասին հայտարարություններին, ապա այս առնչությամբ էլ քաղաքագետները խնդիրներ են տեսնում:
«Փաստ է, որ յուրաքանչյուր կուսակցություն և ուժ ներուժ ունի, նրանք իրենց կողմնակիցների հետ կարող են իրականացնել որոշակի գործողություններ, նաև` հրապարակային, բայց դժվար թե դա վերածվի քաղաքացիների լայնամասշտաբ մոբիլիզացման: Դրա համար, նախ, չկա այն նախադրյալը, որ կոչվում է համապատասխան մոբիլիզացիոն կոչ` կապված, ենթադրենք, ընտրությունների հետ, և չկա նաև այն խնդիրը, որը տվյալ պահին կարող է ամբոխներին կամ բավականին մեծ զանգվածների բերել փողոց»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Իշխանությունները ևս անգործ նստած չեն ու որոշ հակաքայլեր են ձեռնարկում: Դեռ մի կողմ թողնենք իշխանական բուրգից եկող անհանգստության ազդակները, մի կողմ թողնենք գործադիր իշխանության տարբեր օղակներում վերջին շրջանում դիտարկված պաշտոնների վերաբաշխումները, որոնք, ինչ խոսք, հուշում են, որ իշխող ՀՀԿ-ն, որքան էլ հայտարարում է, թե չի անհանգստանում «քառյակի» կոնսոլիդացման փորձից, լավ էլ անհանգստանում է: Ուշագրավ էր հատկապես սեպտեմբեր 13-ին` ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, որ «թեժ աշնան» կողմնակիցներին խոստացավ «սառը ցնցուղ», իսկ եթե դա էլ չօգնի` «ավելի թեժ աշուն»:
Քաղաքական «թեժ աշնան» հարցը եզրափակենք Սերգեյ Մինասյանի խոսքով. «Ես չեմ բացառում ոչինչ, որովհետև քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց կարծում եմ, որ ավելի հավանական է ոչ թե «թեժ աշունը», այլ «ցուրտ ձմեռը»:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: