Հայերեն   English   Русский  

​ԱԼԻՄԵՆՏԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ. քաղաքացու վերաքննիչ բողոքը վերադարձվեց


  
դիտումներ: 7080

«Ես չեմ պատրաստվում ամուսնանալ բաժանվելու նպատակով»,- այս արտահայտությունն անում են գրեթե բոլոր նորապսակները:

Սովորաբար եկեղեցում ցմահ միմյանց միասին լինելու երդում են տալիս, ապա նորապսակների ամուսնական հարաբերություններն օրինականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը` ԶԱԳՍ-ը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երիտասարդ ամուսինների յուրաքանչյուր 8-րդը համատեղ կյանքի 1-ին կամ 2-րդ տարվա ընթացքում ամուսնալուծվում է: Ամուսնալուծվող զույգերից մեկն էլ մեր այս հրապարակման հերոսներն են, որոնք իրենց համատեղ կյանքի ընթացքում երեք երեխա են լույս աշխարհ բերել:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթներից մեկը բացվեց ալիմենտի չափը նվազեցնելու պահանջով:

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Քաղաքացի Դավիթ Ա.-ն և Նատաշա Ու.-ն իրար հետ դեռևս համալսարանից էին ընկերություն անում: Համակուրսեցիներն անգամ օրինակ էին վերցնում զույգից, նրանց տեսնելով` հիանում:

Դավիթը, երբ ավարտում է համալսարանը (նրանց տարիքային տարբերությունը մեկ տարի է,- հեղ.), ամուսնության առաջարկ է անում Նատաշային: Վերջինս էլ երկար-բարակ չի մտածում առաջարկի շուրջ, ու երկուսն էլ որոշում են, որ իրենց հետագա ամբողջ կյանքն անցնելու են նույն ճանապարհով:

Նատաշայի ծնողները մահացել էին դեռևս իր ուսանողական տարիներին: Նատաշան ասում է, որ Դավիթին շատ է սիրել ու երբեք չէր կարող պատկերացնել, որ կյանքն իրեն այսպիսի ապտակ կհասցնի:

- Մենք իրար հետ սիրելով ենք ամուսնացել: Ես էլ, Դավիթն էլ լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Իհարկե, շքեղ կյանքով չենք ապրել, բայց չեմ կարող ասել, որ դժգոհելու առիթներ ենք ունեցել: Ճիշտ է, մենք ապրել ենք իմ բնակարանում, բայց Դավիթի ծնողներին վերաբերվել եմ հարազատի պես:

Համատեղ կյանքի ընթացքում երջանիկ զույգը հասցնում է երեք երեխա ունենալ: Չնայած երեխաները մնում են միայն Նատաշայի խնամքին (Դավիթի ծնողները ծեր էին ու չէին կարողանա պահել երեխաներին), բայց նա շարունակում է աշխատել ու օգնել ամուսնուն:

Երբ ծնվում է ամուսինների երրորդ երեխան, Դավիթը սկսում է կասկածել, Նատաշային, ասում, թե՝ այս երեխան հաստատ իրենը չէ: Նատաշան երկար ժամանակ ծանր ապրումներ է ունենում:

- Ես մտածում էի, որ կմահանամ: Լավ է, որ ինձ օգնության ձեռք մեկնեց մտերիմ ընկերուհիս, որն այս տարի պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը հոգեբանության բնագավառում,- ասում է Նատաշան,- եթե չլիներ ընկերուհիս, ես երևի ինքնասպանություն կգործեի:

Որոշ ժամանակ անց Դավիթը սոցիալական ցանցերից մեկում նկատում է կնոջն ու փնտրում լուսանկարները:

Դավիթը հատկապես հետաքրքրվում է մի լուսանկարով, որում իր կինը մեկ այլ տղամարդու հետ տանգո է պարում: Բայց ընտանեկան սկանդալն այսքանով էլ չի ավարտվում: Դավիթը հետևում է կնոջն ու իբր նկատում, որ նա սիրեկան ունի:

- Մի պահ ինձ թվում էր, որ Դավիթը սիրուց լրիվ խելագարվել է: Մի անգամ մեր աշխատակիցներից մեկին խնդրեցի ուղեկցել տուն,- պատմում է Նատաշան,- փաստորեն նա տեսել էր մեզ միասին ու համոզված ասում էր, թե ես իրեն դավաճանում եմ: Այդ օրը երեկոյան Դավիթը տուն վերադարձավ խմած: Մտածում էի՝ կատարված միջադեպն անցել-գնացել է, բայց նա առավոտյան ասաց, որ բաժանվում է ինձնից, չի ցանկանում ապրել մեկի հետ, որն իրեն չի սիրում, ավելին՝ դավաճանում է: Վերջին անգամ ես Դավիթին տեսա դատարանում:

ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ

Հայցվոր Դավիթ Ա.-ն դատարանին է ներկայացնում հայցադիմում: Նա հայտնում է, որ իր կինը՝ Նատաշա Ու.-ն, հայցադիմում է ներկայացրել դատարան ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակի` սահմանելով բռնագանձել Դավիթ Ա.-ից կայուն դրամական գումարով ալիմենտ՝ յուրաքանչյուր ամիս 70.000 ՀՀ դրամ հօգուտ Նատաշա Ու.-ի` մինչև վերջինիս խնամքին գտնվող երեխաների չափահաս դառնալը:

Դատարանը ալիմենտի բռնագանձումը սկսել է հաշվարկել դեռևս 2011-ի նոյեմբերից:

Նույն ժամանակահատվածում Դավիթ Ա.-ն դատարանին է ներկայացրել հայցադիմում, որում նշել է, որ ապրում է թոշակառու ծնողների հետ,

2002-ից աշխատում է մի ընկերությունում, որը հիմնադրել են իր ծնողները, իսկ իր ամսական աշխատավարձը կազմում է 40 000 ՀՀ դրամ: Դավիթ Ա.-ն նշել է նաև, որ քանի որ իր ծնողների հիմնադրած ընկերությունում իրականացված գործունեությունը շահութաբեր չէր, որոշել են ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել:

Դավիթը դատարանին է ներկայացրել նաև կտրոն, որը հաստատում է, որ 5 մլն դրամ է վճարել բժշկական կենտրոններից մեկին` ծնողների վիրահատության համար:

Երեք երեխաների հայրը նաև նշել է, որ ծնողներին նշանակվել է դեղորայքային բուժում:

Մի խոսքով, Դավիթ Ա.-ն դատարանին խնդրել է նվազեցնել դատարանի վճռով սահմանված բռնագանձման ենթակա ալիմենտի չափը:

Քաղաքացիական գործով պատասխանող Նատաշա Ու.-ն դատարանին հայտնել է, որ իր նախկին ամուսինը դիմել է դատարան, որպեսզի նվազեցվի նշանակված ալիմենտի չափը, սակայն չի ներկայացրել իր գույքային և ընտանեկան դրության փոփոխությունը և, հետևաբար, ալիմենտի չափը նվազեցնելու պահանջը հիմնավորող ապացույցներ: Հայցվորը դատարանին չի ներկայացրել քաղվածք իր աշխատանքային պայմանագրից կամ աշխատավարձի չափի վերաբերյալ որևէ տեղեկանք, այսինքն՝ չի հիմնավորել իր պնդումը: Այնինչ, հայցվորի ալիմենտային պարտավորությունը սահմանելու ժամանակ նախկին վարույթում Դավիթ Ա.-ի կողմից դատարանին ներկայացվել է տեղեկանք 40.000 ՀՀ դրամ աշխատավարձի չափի մասին՝ տրված գործի հետ կապ չունեցող անձի անունով: Ուստի, պատասխանող կողմը կարծում է, որ հայցվորի այս պատճառաբանությունն անհիմն է:

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌՈՒՄ Է

Քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն ալիմենտի չափը նվազեցնելու կամ ավելացնելու դեպքում պարտավոր է հաշվի առնել ոչ միայն կողմերի ընտանեկան, այլև գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխությունը, որի ապացուցման պարտականությունը, ինչպես նաև չապացուցման դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստը վկայակոչած կողմը:

Վերոնշյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ այն ենթակա է կիրառման, երբ փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը: Նաև դատարանը ալիմենտի սահմանված չափը փոփոխելու դեպքում հաշվի է առնում ուշադրության արժանի շահերը:

Նշված իրավանորմից հետևում է նաև, որ ալիմենտի չափը փոփոխելը դատարանի իրավունքն է և ոչ պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից և առաջնորդվելով մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ

նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Տվյալ դեպքում հայցվոր Դավիթ Ա.-ն չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր նրա գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխության, ընտանեկան դրության փոփոխության, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր ընտանիքի ուշադրության արժանի որևէ շահ ոտնահարվում է իր անչափահաս երեխաներին ալիմենտ վճարելու պատճառով:

Դատարանը վճռել է Դավիթ Ա.-ի հայցն ընդդեմ Նատաշա Ու.-ի ալիմենտի չափը նվազեցնելու պահանջի մասին մերժել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: