Հայերեն   English   Русский  

​«Բողոքում են միայն նրանք, ովքեր չեն ուզում մրցակցել». Մեխակ Ապրեսյան


  
դիտումներ: 1736

Վերջերս բավական մեծ աղմուկ առաջացրեց ՀՀ Կառավարության ընդունած այն որոշումը, որ զբոսաշրջային ավտոբուսները պետք է որակավորման ընթացակարգ անցնեն՝ ստանալով որակավորման վերաբերյալ հավաստագիր: Որոշ զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ ընդվզեցին այս որոշման դեմ՝ որակելով այն որպես ծառայությունների սահմանափակում և դաշտի մենաշնորհում:

ՀՀ Կառավարությունն իր նիստերից մեկում հաստատել է կամավորության սկզբունքով իրականացվելիք տրանսպորտային ծառայությունների մեջ ընդգրկված ավտոբուսների որակավորման մասին որոշումը: Թե ի՛նչ է այն ենթադրում, զրուցեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ:

- Մասնավոր և պետական հատվածի հետ համագործակցության արդյունքում այժմ փորձում ենք կամավորության սկզբունքով իրականացնել զբոսաշրջային ավտոբուսների որակավորման ընթացակարգը: Նշենք, որ ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկներին մշտապես սպասարկում են ամենատարբեր տրասնպորտային միջոցներով, որոնք որակավորված չեն: Ուստի զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մրցունակության բարձրացմանը նպաստելու նպատակով ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց սկսել զբոսաշրջային ավտոբուսների որակավորման գործընթացը, որի նախաձեռնողները, ի դեպ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են՝ «Ներգնա զբոսաշրջային օպերատորների միությունը», «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ-ն, տրանսպորտային կազմակերպություններ և այլն:

- Ի՞նչ չափանիշներով է կարգը շնորհվում, որո՞նք են որակավորման նվազագույն պահանջները, և ո՞ր հաստատությունն է իրականացնելու որակավորման գործընթացը:

- Կարգը կարող է շնորհվել 14 և ավելի նստատեղ ունեցող այն ավտոբուսներին, որոնք չեն իրականացնում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոնավոր փոխադրումներ: Հաստատվել են «զբոսաշրջային ավտոբուս» որակավորման ընթացակարգը, դրա չափանիշները, վկայականի և որակավորման նշանի ձևերը:

Ըստ որակավորման նվազագույն պահանջների` ավտոբուսները պետք է ապահովված լինեն համապատասխան արտաքին տեսքով, ավտոբուսի սրահով, ակուստիկայով, օդափոխման համակարգով, տեխնիկական հագեցվածությամբ: Նույնիսկ առաջադրվել են վարորդին ներկայացվող պահանջներ, ինչպիսիք նախկինում չեն եղել: Այսինքն` որակավորման պարագայում հաշվի է առնվելու նաև համապատասխան վարորդական իրավունքի առկայությունը, վարորդի պատշաճ արտաքին տեսքը, վարվեցողության կանոններին տիրապետելը և այլն: Սրանք այն չափանիշներն են, որոնց առկայությամբ միայն կարող ենք պատշաճ տպավորություն գործել Հայաստանը որպես զբոսաշրջային վայր նախընտրած զբոսաշրջիկի վրա և պատճաշ որակի սպասարկում իրականացնել:

Այս նպատակով ձևավորվել է հանձնաժողով, որը բաղկացած է մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներից: Գերատեսչություններից ներառված են Հայաստանի տրանսպորտի և էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը, ինչպես նաև տարբեր ներկայացուցիչներ ասոցիացիաներից: Այժմ դեռևս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, սակայն ընկերությունները կարող են ցանկացած ժամանակ դիմել որակավորում ստանալու համար:

Այն ավտոբուսները, որոնք ունեն այդ որակավորման կարգը, պետք է ներկայանան շուկային որպես որակավորված ավտոբուսներ՝ այդկերպ գովազդելով իրենց հնարավորությունները: Այս քայլը կնպաստի զբոսաշրջիկների սպառողների գիտակցված ընտրություն կատարելուն, այսկերպ կխթանվեն նաև զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացումը և սպառման ավելացումը:

- Իսկ նման չափանիշներ ունեցող ավտոբուսներ կա՞ն արդյոք:

- Այո՛, կան և կարող են դիմել հանձնաժողովին և որակավորվել՝ նպաստելով մատուցվող տրանսպորտային ծառայությունների կայուն որակի ապահովմանը, աջակցելով սպառողին զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների ընտրություն կատարելիս և խթանելով հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացումը:

- Զբոսաշրջային որոշ ընկերությունների ղեկավարներ հանդես եկան բողոքներով` ընդվզելով որոշման դեմ: Նրանց մեկնաբանմամբ` որակավորման կարգը տեղին չէ և կարող է խաթարել մրցակցությունը՝ մենաշնորհելով զբոսաշրջային ծառայությունների դաշտը:

- Զբոսաշրջային ավտոբուսների որակավորման ընթացակարգը կամավորության սկզբունքով է, և անհանգստություններն ու բարձրացրած բողոքի ալիքն անհարկի են:

Լավ չէ, որ ոմանք, հանդես գալով զբոսաշրջային ընկերությունների անունից, ցանկություն ունենալով թյուրիմացության մեջ գցել սպառողներին, հասարակությանը, փորձում են ապատեղեկատվություն տարածել: Նրանք նույնիսկ չեն կարդացել, թե ի՛նչ է ենթադրում կամավոր որակավորման ընթացակարգը: Չգիտակցելով դրա կամավոր լինելը` հանդես են գալիս անհիմն ելույթներով և որակում այն որպես ոլորտի մենաշնորհում, ինչը իբր սահմանափակում է անձանց իրավունքները: Բողոքում են միայն նրանք, ովքեր չեն ուզում մրցակցել:

- Ի՞նչ է սպասում այն զբոսաշրջային ընկերություններին, որոնց սպասարկող տրանսպորտային միջոցները չունեն նման չափանիշներ:

- Օտարերկրյա զբոսաշրջիկները երկիր այցելելիս նախապես հետաքրքրվում են, թե ինչ կարգի հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ են իրենց տրամադրվելու: Նշանակում է` այն զբոսաշրջային ընկերությունները, որոնք տրանսպորտային ծառայություններ մատուցելու հարցում թերանում են որոշ չափանիշների բացակայության պատճառով, պետք է ձգտեն որակ ապահովել և կարգի բերել իրենց ավտոբուսները:

- Դժգոհում են նաև, որ զբոսաշրջային ավտոբուսները որակավորելու Կառավարության որոշումը, ըստ որի զբոսաշրջային ավտոբուսը պարտադիր պետք է ունենա քիմիական մաքրմամբ զուգարան, լվացարան ու ծածկոց, չեն ապահովում այսօր զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսների 90 տոկոսը:

- ՀՀ Կառավարության կողմից հաստատված չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային ավտոբուսներ այսօր շատ կան, որոնք պարզապես որակավորում չունեն:

Նշենք, որ որակավորման կարգ ունեցող ավտոբուսների միջոցով մատուցվող տրանսպորտային ծառայությունները պետք է համապատասխանեն օրենսդրական ակտերի և տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագրի պահանջներին: Սույն որոշմամբ սահմանված որակավորման կարգի պահանջների փոփոխության դեպքում որակավորման կարգ ունեցող զբոսաշրջային ավտոբուսների նյութատեխնիկական ապահովումը և դրանց միջոցով մատուցվող ծառայությունները ենթակա են համապատասխանեցման որակավորման կարգի պահանջներին` դրանցում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 60 աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման բոլոր չափանիշները քննարկվել են մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, և դրանք մինչև Կառավարություն ներկայացնելը մանրակրկիտ ուսումնասիրվել են ոլորտի շահագրգիռ կողմերի հետ:

Հարցազրույցը՝ Լուսինե Նազարյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: