Հայերեն   English   Русский  

​Տաթևը դարձել է պահանջված զբոսաշրջային ուղղություն


  
դիտումներ: 2010

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը մեկնարկել է տարիներ առաջ, առայսօր հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել: Ինչպիսի՞ արդյունքներ ունենք այսօր և ի՞նչ նորություններով է տարածաշրջանում մեկնարկել զբոսաշրջային ակտիվ սեզոնը. այս հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանի զարգացման հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանի հետ:

- Կարելի՞ է ասել, որ Հայաստան այցելությունների ընդհանուր վիճակագրության մեջ զբոսաշրջային բավական մեծ հոսքեր ապահովել է հենց Տաթևը: Այն զբոսաշրջային պահանջված վա՞յր է տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ համար:

- Տաթևն այսօր բավական հետաքրքիր զբոսաշրջային արդյունք է ներկայացնում. հատկապես վերջին մեկ երկու տարում բավական ընդլայնվել է մատուցվող ծառայությունների տեսականին, ներմուծվել են նորերը, վերակագնվել են որոշ ավանդույթներ:

Այսօր Տաթևը, որպես զբոսաշրջային կենտրոն, շարունակում է պահպանել իր գրավչությունն ու զբոսաշրջային նոր հոսքեր ապահովել: Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների շուրջ 5 տոկոսի աճ է արձանագրվել: Այսօր բնության գողտրիկ ու պատմամշակութային մեծ ժառանգություն ներկայացնող այս վայր են այցելում ոչ միայն հայաստանաբնակները, այլև օտարերկրացիները: Այն պահանջված զբոսաշրջային ուղղություն է:

- Այս տարի ի՞նչ նոր ծառայություններ են ներդրվել: Որքան տեղյակ եմ, փորձ է արվել վերականգնել հնամենի ձիթհանն իր ավանդույթներով:

- Առաջին անգամ այս տարվա սեզոնի բացմանը «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ձիթհանում կայացավ ազգագրական և մշակութային լուսանկարների ցուցադրություն, որը պարունակում է տեղեկություններ տարածաշրջանի, գյուղերի կենցաղի մասին: Այցելուների արձագանքները բավական դրական էին, քանի որ նրանք ցուցադրությանը մասնակցելուն զուգընթաց ծանոթանում էին Տաթևի և հարակից շրջանների ողջ պատմությանն ու արխիվային նյութերին:

Նշենք, որ XVII դարում ձիթհանը գործել է որպես ձեթի պատրաստման արտադրամաս: Այն տեղակայված է անմիջապես վանական համալիրի կողքին և ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել առևտրականների շրջանում: Քանի որ ձեթի արտադրման տեխնոլոգիաները կորսված են, ձիթհանն այսօր վերակառուցվել է զուտ թանգարանային տեսքով: Ձիթհանում այս տարվանից սկսել է գործել նաև թեմատիկ հուշանվերների խանութ սրահ, որտեղ վաճառվում են զանազան բուսական յուղեր, թեյեր, որոնք որևէ կերպ առնչվել են ձիթհանի գործունեությանը:

Որպես նորույթ նշեմ, որ ծրագրին միացել է նաև «Մարաշլյան» արվեստանոցը, որը ներկայացնում է պատմական հայկական տարածաշրջանների հագուստներ, տարազներ և դրանք հագած լուսանկարվելու հնարավորություն է ստեղծում: Արվեստանոցը գործում է Ճոպանուղու «Տաթև» կայանում և հանդիսանում է Photo Atelier Marashlyan-ի մասնաճյուղը: Սա առաջին պրոֆեսիոնալ ֆոտոստուդիան է Հայաստանում՝ մասնագիտացված ազգային և ռետրո հագուստներով ֆոտոսեսիաների գծով:

- Սկսել է գործարկվել նաև «ՏաԹևեր» ճոպանուղու տոմսերի գնման առցանց համակարգը: Ինչքանո՞վ է համակարգն արդյունավետ, և առցանց տոմսերի վաճառքի հնարավորությունն ինչքանո՞վ կանդրադառնա այցելությունների թվի վրա:

- Այո, համակարգն արդեն գործում է, և Տաթև այցելել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել առցանց՝ այցելելով ճոպանուղու պաշտոնական կայք՝ www.tatever.am: Ասեմ` ինչով է համակարգն արդյունավետ: Այցելուները կարողանում են նախապես տոմսեր ամրագրելով զերծ մնալ ավելորդ հերթերից: Առցանց ամրագրումը նրանով է շահավետ, որ շաբաթ- կիրակի օրերին և հատկապես ամռան այս շրջանում այցելուները բավական շատ են: Ի դեպ, սա հայաստանյան զբոսաշրջային ուղղություն ներկայացնող առաջին կայքն է, որը տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է առաջարկում: Այս մեխանիզմը հաջողությամբ կիրառվում է արտերկրում և հատկապես զարգացած զբոսաշրջային կենտրոններում: Մեր նպատակն է օգտագործել միջազգային լավագույն փորձը և ավելի մատչելի ծառայություններ մատուցել ճոպանուղի այցելող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը և վայելել Տաթևը:

Նաև նախատեսում ենք ներմուծել և զարգացնել այլ լրացուցիչ ծառայությունների առցանց վաճառք, որոնք տեսանելի կլինեն զբոսաշրջիկին տոմս ամրագրելիս: Այսօրվա զարգացած տեխնոլոգիաների պայմաններում փորձում ենք առաջընթաց ունենալ և առաջարկել արդի պահանջներին համապատասխան ծառայություններ: Այս համակարգը դեռ նոր է գործարկվել, բայց արդեն գերազանցել է մեր ակնկալիքները: Միայն երկու շաբաթվա ընթացքում տոմսերի 1 տոկոսը վաճառվել է առցանց: Մենք անընդհատ փորձում ենք զարգացնել այդ ուղղությունը և գերակշռող դաձնել առցանց ամրագրումների համակարգը: Նախատեսում ենք նույնիսկ այդ ծառայությունը գրավիչ դարձնելու համար կիրառել որոշակի զեղչեր այս տարբերակով տոմսերի գնման համար:

Հավելենք, որ արդիականացվել է նաև «ՏաԹևեր» ճոպանուղու պաշտոնական կայքը, որի միջոցով այցելուները կարող են ոչ միայն տոմս գնել, այլև տեղեկանալ զբոսաշրջային այս տարածաշրջանում մատուցվող տարբեր ծառայությունների, կազմակերպվող միջոցառումների, գործող հյուրանոցների ու հյուրատների վերաբերյալ, գտնել այն ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկին, ընդ որում՝ ոչ միայն Տաթևի տարածքի, այլև ճանապարհին գտնվող տեսարժան վայրերի վերաբերյալ:

- Սովորաբար, Տաթևի տուրիստական բուն շրջանը մեկնարկում է ապրիլից և տևում մինչև հոկտեմբեր, ուստի դժվար է մշտապես դեպի այդ վայր հոսքեր ապահովելը: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

- Որպեսզի հնարավոր լինի զբոսաշրջային սեզոնը երկարաձգել և ակտիվ պահել զբոսաշրջային հոսքերը դեպի տարածաշրջան, ամեն տարի կազմակերպվում են 3-4 փառատոներ և միջոցառումներ: Նախատեսվում է նաև ֆիլմ նկարահանել, որում կամփոփվեն «Տաթևի վերածնունդ» ծրագրի և ճոպանուղու 5 տարիների գործունեության արդյունքները: Տաթևի մասին մշտապես տեղեկատվական տեսահոլովակներ են նկարահանվում և տարածվում միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով:

- Կցանկանայի անդրադառնալ նաև Տաթևի շրջանում գործող իջևանատներին: Զբոսաշրջիկներն ավելի շատ քաղաքակի՞րթ գիշերակացն են նախընտրում, թե՞ ոչ ավանդականը: Խոսքը նոր կառուցված հյուրատների մասին է:

- Բացի հյուրանոցներից և ավանդական իջևանատներից, զբոսաշրջիկները նախընտրում են գիշերակացը ինքնատիպ դարձնել՝ իջևանելով գյուղական տներում: Նմանատիպ հյուրատների սեփականատերերը հենց գյուղաբնակներն են: Ճոպանուղու կառուցումից հետո միայն Գորիսում շուրջ 10 նոր հյուրանոց է բացվել, եղածներն էլ վերագործարկվել ու արդիականացվել են: Դրանց հետ մեկտեղ այժմ Տաթևում պաշտոնապես գրանցվել և գործում է 12-13 հյուրատուն, որոնք վերանորոգվել են և արդիականացվել: Տնտեսվարողներն այս պարագայում, գրանցվելով որպես ձեռնարկատեր, օգտվում են մի շարք հարկային արտոնություններից և գովազդում իրենց ծառայությունները միջազգային շուկայում:

- «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացման ո՞ր փուլում ենք այժմ: Վանական համալիրի արդիականացումը և վերանորոգումը կարծես դանդաղում են:

- Մինչև 2017 թ. դեռ արդյունքների մասին խոսելու ժամանակ ունենք: Վանական համալիրը և առհասարակ եկեղեցիների ուղղությամբ տարվող աշխատանքները անկանխատեսելի են. անընդատ նոր հետազոտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Այս պահին ընթանում է Տաթև վանական համալիրի դրենաժային համակարգի շինարարությունը, որը մեծ նշանակություն ունի վանական համալիրի պահպանման և վերականգնման առումով: Խորքային ջրերը գյուղերից և բարձունքներից հոսում են դեպի վանական համալիր, ուստի աշխատանքներն ուղղված են լինելու հետագա փլուզման կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Բացի բուն շինարարությունից, իրականացվում են նաև հետազոտական և ճարտարապետական աշխատանքներ, պատրաստվում են գծագրեր: Աշխատանքները և՛ շինարարական, և՛ վերականգնողական բնույթ ունեն:

Կցանկանայի նաև տեղեկացնել, որ Տաթևի ազգային պարկի ստեղծումը ևս ծրագրի բաղադրիչներից է, որն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Արդեն մեկնարկել է ծրագրի առաջին փուլը, որը նախատեսում է նախապատրաստական աշխատանքներ, քարտեզագրում և այլն: Դա բավական կարևոր ռազմավարական նշանակություն ունի համայնքների զարգացման համար, պարկի հիմնումը կնպաստի թե՛ տարածաշրջանի զբոսաշրջային զարգացմանը, թե՛ նոր ներդրումների ներգրավմանը:

Հարցազրույցը՝ Լուսինե Նազարյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: