Հայերեն   English   Русский  

​Նոր սահմանադրությամբ կսահմանափակվի նախարարությունների թիվը


  
դիտումներ: 837

ԱԺ-ում շարունակվող սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց բարձրացրեց, թե ավելի ճիշտ չէր լինի, եթե սահմանադրության նոր նախագծից հանվեր այժմ էլ չգործող դրույթը, ըստ որի պատգամավորները անհարգելի բացակայությունների պարագայում զրկվում են մանդատից: «Հակառակը, կարծում ենք որ կարևորագույն դրույթ է»,- արձագանքեց Պողոսյանը:

Ֆարմանյանի մյուս հարցը պատերազմական իրավիճակներում ԶՈՒ հրամանատարության մասին էր: Պատգամավորը խնդրեց պարզաբանել`ԶՈՒ գերագույն հրամանատարությունն անցնում է վարչապետին միայն հայտարարված պատերազմական իրավիճակում գտնվելու ժամանակ, թե նաև ռազմական դրության ժամանակ:

Պողոսյանը նշեց, որ ներկա փաթեթը նախատեսում է, որ վարչապետն է գլխավորելու ԶՈՒ-ն դե յուրե պատերազմի ժամանակ: Նա, սակայն, չբացառեց, որ առաջիկայում հանձնաժողովը քննարկում կունենա և կամրագրի, որ ռազմական դրության ժամանակ ևս ԶՈՒ հրամանատարությունն անցնում է վարչապետին:

Անդրադարձ կատարվեց նաև սահմանադրության կետին, ըստ որի նախարարությունների թիվ է սահմանվում 18-ը: Ֆարմանյանը հետաքրքրվեց, թե որքանով է նպատակահարմար սահմանադրությամբ նման թիվ ամրագրելը, գուցե մի քանի տարի հետո նախարարությունների թվի կրճատման անհրաժեշտություն է առաջանում:

Պողոսյանն էլ նշեց, որ ավելի քիչ թվով նախարարություններ ունենալուն սահմանադրությունը չի խոչընդոտում: Հակառակը, 18 նախարարությունների հնարավոր առավելագույն թիվն է: Նրա խոսքով` սահմանադրությամբ նախարարությունների թվի սահմանափակման իմաստն այն է, որ օրենսդրին հնարավորություն չտրվի անվերջ մեծացնել նախարարությունների թիվը` հաշվի առնելով, որ խորհրդարանական համակարգում կարող են լինել կոալիցիոն կառավարություններ և նրանք նոր պորտֆելի համար համապատասխան առաջարկներ կարող են ներկայացնել:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հարցրեց, թե ավելի նպատակահարմար չէր լինի, եթե սահմանադրությամբ ամրագրվեր նաև կառավարության անդամների թիվը, որպեսզի մեծաթիվ փոխվարչապետներ ու անպորտֆել նախարարներ չլինեին:

«Հնարավոր է այս հարցն էլ քննարկվի, որ նաև կառավարության անդամների թվի սահմանափակում լինի»,- ասաց Պողոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: