Հայերեն   English   Русский  

Հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող անձը շարունակում է պատիժը կրել անազատության մեջ


  
դիտումներ: 1154

«Արդյո՞ք ժամանակն է, որ Հայաստանում վերականգնվի մահապատիժը», - այսօր լրագրողներին նման հարցով դիմեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Գագիկ Մաթևոսյանը դատապարտվել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու համար և իր պատիժը կրում է 2009 թվականից:

Ըստ նրա փաստաբանի` Մաթևոսյանը բանտում անօրինական կերպով է պահվում, քանի որ ունի հաշմանդամության երկրորդ կարգ. «Գագիկ Մաթևոսյանի մեկ աչքը բացակայում է, իսկ մյուս աչքի տեսողության սրությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ 0.05-ը չի գերազանցում», - ասաց Արթուր Գրիգորյան` ընդգծելով, որ բանտարկյալը վիրավորվել է Արցախյան ազատամարտի ընթացքում:

ՀՀ քրեակատորղական օրենսգիրքը որպես պատժից ազատելու հիմք նախատեսում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկ, որի մեջ ներառված է նաև աչքի տեսողության սրության արտահայտված իջեցումը: Ըստ փաստաբանի` ստացվում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ խոշտագումներ են իրականացվում, քանի որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրան պատժի հետագա կրումից ազատելու ուղղությամբ որևէ միջոց չի պատրաստվում ձեռնարկել: «Վերջերս ունեցանք դեպք, երբ դատապարտյալը մահացավ. սրտի սուր անբավարարությամբ պահում էին անազատության մեջ: Իրենց տված բուժումն էլ հիմնականում ֆորմալ բնույթ է կրում», - ասաց փաստաբանը:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ, սպառելով բոլոր հնարավոր միջոցները, իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Խնդրելու ենք հարցը քննել արագացված ընթացակարգով, քանի որ դատապարտյալի առողջական վիճակը վտանգված է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: