Հայերեն   English   Русский  

​ՙԱմբողջ երկրով փորձում ենք ուրախացնել գյումրեցուն, բայց չենք կարողանում՚, փոխնախարար


  
դիտումներ: 1433

ՙԱմեն անգամ գալուց հույսով ես լինում, որ ինչ-որ նորություն կա Գյումրիում՚, - ասում է ՏԿԱԻՆ փոխնախարար Արտաշես Բախշյանը և հավելում, թե նման երազանքներ միշտ եղել են: ՙԲայց, փառք Աստծո, կարողանում ենք փոքր, բայց ուրախություններ ունենալ այս քաղաքում՚, - նշեց փոխնախարարը:

Իսկ Գյումրու խնդիրների մասին խոսելիս, փոխնախարարը հատկապես առանձնացրեց քաղաքի փողոցների նորոգման խնդիրը. ՙՄեկ տարի առաջ, երբ մեզ թվեր ներկայացրեցին, թե որքան գումար է անհրաժեշտ Գյումրու փողոցները ասֆալտապատելու համար. դա մոտավորապես երեք անգամ գերազանցում է ՀՀ-ում այսօրվա բյուջեի հնարավորությունների սահմանում Հայաստանի տարածքում տարեկան ասֆալտապատվող փողոցների, մայրուղիների, ճանապարհների համար անհրաժեշտ թիվը: Այսինքն, նշանակում է մենք պիտի ուրիշ ոչ մի բան չանենք և այդ մեկ տարվա գումարները հատկացնենք Գյումրու փողոցներին՚: Արտաշես Բախշյանն ասում է, այդպես լինել չի կարող ու օրինակ բերում, թե երբ 7 տարի առաջ որոշվեց ամեն ինչ մի կողմ թողնել և Գյումրիում անօթևանության խնդիրը լուծելու համար մի ամբողջ թաղամաս կառուցվեց, միևնույն է, դրանով այդ խնդիրը չլուծվեց:

ՙԵս կարծում եմ, ամեն ինչ արժեհամակարգի մեջ է. Հնարավոր է, որ մարդ քչով բավարարվում է և ավելի երջանիկ է, և ինչքան էլ անես, մարդը կարող է բավարարված չզգալ և երջանիկ չլինել՚:
Փոխնախարարի խոսքերով, գյումրեցին այսօր ուրիշ մարդ է, ժամանակին գյումրեցին ունեցել է ուրախանալու և մյուսներին ուրախացնելու ներքին մղում, ՙԻսկ այսօր, կարծես, ամբողջ երկրով փորձում ենք ուրախացնել գյումրեցուն, բայց չենք կարողանում՚:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: