Հայերեն   English   Русский  

Ի՞նչ ճակատագիր է սպասում Մարզահամերգային համալիրին


  
դիտումներ: 1321

ԴԱՀԿ պաշտոնական հայտարարության մեջ նշված այն փաստը, որ շենքը գրավի առարկա է, և մասնավոր ընկերության գույքն աճուրդի է հանում պետությունը, մի շարք հարցեր առաջ քաշեց:

19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 48 մլն դոլար). օրեր առաջ այս նախնական գնով աճուրդի հանվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով: Շենքն օտարելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է, բայց այդպես էլ գնորդ չհայտնվեց, և աճուրդը դադարեցվեց: Աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտի երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ, և լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:

Բայց նախ հիշենք շենքի մասնավորեցման գործընթացը: Համալիրը կառավարության որոշմամբ օտարվել է դեռ 2005 թ. 5 մլն 750 հազար դոլարով մոսկվաբնակ գործարարներ Մուրադյան եղբայրներին պատկանող «Բամո» ընկերությանը: Պայմանագրի համաձայն՝ ավելի քան 10 մլն դոլար ներդրումներ անելուց հետո, շենքը շահագործման է հանձնվել 2008 թ.:

Փաստորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ սեփականատերը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները՝ առանց որևէ վնաս հասցնելու շենքի պատմա-մշակութային կողմին: Համալիրը բերվել է պատշաճ տեսքի ու մակարդակի:

Սակայն սա հարցի մի կողմն է:
Իսկ թե ինչ կապ ուներ այս պատմության հետ պետությունը, մասնավորապես` պաշտպանության նախարարությունը, պարզվեց, որ «Բամո» ընկերությունը շենքը գնելուց հետո գրավ է դրել Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, և համալիրը, որպես գրավի առարկա, անցել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:

Վարկը տրամադրվել է ռուսական կողմից. 2008 թ. ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունը 500 մլն դոլարի ռուսական վարկ է ստացել, որից 20 մլն դոլար տրվել է «Բամո» ընկերությանը: Ռուսական վարկը Հայաստանի իշխանությունների կողմից մարվել է 2013 թ.: Ամենայն հավանականությամբ, համալիրի սեփականատերերը, ավելի ճիշտ՝ սեփականատերը, քանի որ Մուրադյան եղբայրներից մեկը Մոսկվայում սպանվեց, չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, և շենքը հանվել է աճուրդի: Սակայն, Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելու համալիրն աճուրդով վաճառելու որոշումը և ԴԱՀԿ գործողությունները՝ դրանք համարելով անօրինական:

«Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի` որպես պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել: ԴԱՀԿ-ն հրաժարվում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն տրամադրելուց: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 մլրդ ՀՀ դրամ: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում, աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը:

2014 թ. մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ն հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի»,- նշված է մարզահամերգային համալիրի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Այս պատմության մեջ իրավական կողմը, իհարկե, կարևոր է, մանավանդ որ կողմերից մեկը պետությունն է, սակայն հանրությանն առավել անհանգստացնում է հանրապետական նշանակության կառույցի ճակատագիրը, քանի որ շենքի աճուրդի վերաբերյալ հայտարարության մեջ որևէ կետով նշված չէ կառույցի կարգավիճակը, և ստացվում է, որ նոր գնորդը կարող է վարվել դրա հետ որպես սովորական մի շինության:

«Դա տարրական անգրագիտության հետևանք է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը, ի դեպ, եղել է այդ փառավոր շենքի երկու կոնստրուկտորներից մեկը:

Գրիգոր Ազիզյանն ասում է, որ աճուրդի դրված օբյեկտը ճիշտ չի ձևակերպված, նշված չէ, որ այն պատմամշակութային հուշարձան է, և գնորդը պարտավոր է պահպանողական պայմանագիր կնքել և այլն: «Նույնն էլ արվեց Ծածկած շուկայի դեպքում, չնայած այն դեպքում դիտավորյալ էր արված, իսկ մարզահամերգայինի դեպքում, կարելի է ասել, եղել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից թույլ տրված տարրական սխալ և անգրագիտություն»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ սխալը կշտկվի, քանի որ այն խիստ ակնհայտ է, և պատմամշակութային շենքին որևէ վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է պետության և մասնավոր ընկերության միջև ծագած վեճին, ապա Ազիզյանը կարծում է, որ այնուամենայնիվ, համալիրի սեփականատերը եղել է բարեխիղճ, իր պարտավորությունները կատարել է պատվով, և այսօր շենքը շատ լավ վիճակում է: «Սակայն համալիրի ղեկավարները լավ մենեջերներ չեն եղել, քանի որ դա այնպիսի շենք է, որ պետք է ավելի լուրջ ձևով շահագործվեր, կազմակերպվեին լուրջ միջոցառումներ, համերգներ: Դա էլ, հավանաբար, հանգեցրել է պարտքերի գոյացման»:

Ազիզյանը նշում է, որ շենքը ո՛չ ժամանակին է իրական արժեքով վաճառվել, ո՛չ էլ այսօր է իրական արժեքով աճուրդի հանվել, քանի որ դրա իրական արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
Մարզահամերգային համալիրի համահեղինակ, Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ շենքի կառուցումը նախատեսված էր սկսել 60-ականներին և մինչև 1970 թվականը հասցնել ավարտին՝ որպես նվեր Խորհրդային Միությունից Խորհրդային Հայաստանին ՝ խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի կապակցությամբ: Սակայն ֆիզիկապես հնարավոր չեղավ հասցնել, ուստի որպես նվեր կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը:
Հիշում է, որ համալիրի շինարարությունը սկսվեց 70-ականների վերջերին, իսկ 1980-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար օլիմպիադան, և ֆինանսավորում ստանալու համար շատ բարդ ժամանակաշրջան էր: Սակայն, Հայաստանի իշխանություններին հաջողվեց գումար ստանալ շենքի շինարարության համար:

Կառույցը 1987 թ. Խորհրդային Միության կողմից ստացավ պետական մրցանակ, ինչն աննախադեպ էր Խորհրդային Հայաստանի պատմության մեջ:

«Ինձ ոչ թե աճուրդն է մտահոգում, այլ այն, թե ում է շենքը վաճառվելու, և շենքի գնորդն արդյոք ի վիճակի է նույն ձևով պահպանել կառույցը, թե ոչ,- ասում է Մուշեղյանը,- պայմանագրային հարաբերությունները պետք է այնպես կազմվեն, որ անկախ նրանից՝ ով է սեփականատերը, շենքը պահպանվի նույնությամբ: Իսկ այսօրվա սեփականատերը պասիվ է շենքն օգտագործում, թե ակտիվ, նորմալ ձևով շենքը պահպանում է, և ցանկացած միջոցառում, ցանկացած պահի այնտեղ կարելի է իրականացնել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: