Հայերեն   English   Русский  

​Տնտեսական օճառը


  
դիտումներ: 5219

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր նաև այն ժամանակ, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա ասես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով: Սակայն, տնտեսական օճառը միայն լվացքի պարագա չէր, այլ շատ ավելին: Ուստի, թող ձեր տան մի անկյունում միշտ լինի ոչ թանկ ու ոչ անուշաբույր այդ օճառը, քանի որ այն մի ամբողջ սերունդ է տարբեր նպատակներով կիրառել ու դրա օգուտները տեսել: Այսպես.

1. Եթե ցանկանում եք առատ ու երկար մազեր ունենալ կամ թեփից ազատվել, ապա տնտեսական օճառից լավ միջոց դժվար թե գտնվի: Սկզբում շամպունով լվացեք գլուխը, ապա տնտեսական օճառով, իսկ հետո մազերը ողողեք քացախի լուծույթով: Դա շատ է օգնում հատկապես յուղոտ մազեր ունեցողներին:

2. Որպեսզի զգայուն մաշկը չգրգռվի մազահեռացումից հետո, այդ հատվածին տնտեսական օճառ քսեք:

3. Շաբաթական երկու անգամ տնտեսական օճառով լվացվելու դեպքում կունենաք երիտասարդ մաշկ: Լվացվելուց հետո անպայման մանկական քսուք քսեք: Արդյունքը ցնցող է:

4. Իսկ բաղնիքի սիրահարները կնկատեն, որ տնտեսական օճառը հրաշալի մաքրում է մաշկը:

5. Այն կփրկի անգամ հարբուխից, եթե առաջին իսկ ախտանշանների դեպքում սկսեք բուժվել: Դրա համար պետք է տնտեսական օճառի մեջ թաթախված խծուծներով մշակել քթանցքերը:

6. Օգնում է ոտնաթաթի սնկի ժամանակ: Ախտահարված մասը պետք է լվանալ տնտեսական օճառով ու խոզանակով, ապա յոդ քսել:

7. Ատամի խոզանակը ևս խորհուրդ է տրվում ախտահանման նպատակով մշակել տնտեսական օճառով. դրա համար խոզանակը պետք է օճառոտել ու ողջ գիշեր թողնել: Առավոտյան լավ լվանալ, ապա գործածել:

8. Այտուցներն ու կապտուկները վերացնելու համար պետք է մի քիչ օճառ լուծել ջրի մեջ ու այդ լուծույթը քսել կապտուկին: Օրական 2 անգամ նման պրոցեդուրայով կարելի է ազատվել այտուցից ու կապտուկից:

9. Թարախապալարից ևս հնարավոր է ազատվել տնտեսական օճառի օգնությամբ. քերած սոխը, տնտեսական օճառն ու շաքարը (1:1 հարաբերությամբ) խառնել ու քնելուց առաջ այդ քսուքը դնել թարախապալարին և փաթաթել:

10. Կրունկների ճաքերի դեմ. 2 լ տաք ջրի մեջ 1 թեյի գդալ սոդա ու 1 ճաշի գդալ օճառի քերուկ լցնել և ոտքերն իջեցնել այդ լուծույթի մեջ:

11. Արևայրուքի դեպքում տուժած հատվածին տնտեսական օճառ պետք է քսել ու թողնել այնքան, որ չորանա: Այդ կերպ կխուսափեք անցանկալի կարմրությունից ու ջրաբշտերի առաջացումից:

Ահա, թե որքան օգուտ կարող է տալ հանիրավի մոռացության մատնված տնտեսական օճառը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: