Հայերեն   English   Русский  

​Իսրայելական անօդաչու թռչող սարքի անփառունակ վախճանն Իրանի օդային տարածքում


  
դիտումներ: 1529

Մինչ Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) անդամ երկրների պատվիրակությունները Վիեննայում «գլուխ են կոտրում» Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հանգելու համար, Թեհրանի տարածաշրջանային հակառակորդներից Իսրայելն անթաքույց «մտահոգությամբ» է արձագանքում ստեղծված իրավիճակին:

Իրանի Նաթանզ քաղաքի օդային տարածքում իսրայելական լրտեսական անօդաչու ինքնաթիռի հայտնվելը հերթական արձագանքներից էր:

Ինչպես տեսնում ենք, չնայած արևմտյան քաղաքական գործիչների խաղաղարարական կոչերին՝ Իրանը շարունակում է մնալ թիրախ դիվերսիոն և լրտեսական գործողությունների համար:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության ուժերը, ի տարբերություն 2011-ին ամերիկյան անօդաչու լրտեսական թռչող սարքը կործանելու դժվարին ջանքերին, այս անգամ շատ ուժ չգործադրեցին իսրայելական անօդաչու թռչող սարքի վայրէջքը կանխելու համար:

Ռադարները, հայտնաբերելով իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքը Նաթանզի շրջանում (Թեհրանից 240 կմ հարավ), ճշգրիտ հաշվարկների շնորհիվ կործանեցին իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն իրանական արտադրության ռազմաօդային հրթիռի միջոցով:

Սրանից կարելի է մի հետևություն անել, որ Իրանում գիտատեխնիկական ոլորտը շարժվում է ժամանակին համընթաց, և Իսրայելը ռազմական տեսանկյունից չի գերազանցում Իրանին:

ԻՀՊԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ այդ փորձն իսրայելական վարչակարգի արկածախնդրության հետևանքն է, որին իրանական զինված ուժերն իրենց իրավունք վերապահեցին պատասխանել:

Կործանված «Հերմես 450» հետախուզական անօդաչու թռչող սարքն արտադրվել է Իսրայելում: Առաջին թռիչքը տեղի է ունեցել 1994-ին: Ուշագրավ է, որ ամբողջական համալիրի արժեքը 10 մլն դոլար է, իսկ բուն «Հերմես 450»-ինը՝ 2 մլն դոլար:

Նաթանզը, որտեղ գտնվում է Իրանի միջուկային ծրագրի կարևոր օբյեկտներից մեկը, կարիք չունի հետախուզական գործողությունների: Պատճառը մեկն է՝ այն գտնվում է արտասահմանյան դիտորդների և լրտեսական արբանյակների անմիջական ուշադրության կենտրոնում:

Ինչ վերաբերում է Իրանի հակօդային պաշտպանության համակարգին, ապա այն «թույլ» անվանել չես կարող: Չնայած տարիներ առաջ իրանական կողմը չկարողացավ ռուսներից ձեռք բերել «Ս-300» օդային համալիրը, չհուսահատվեց և ջանք ու եռանդ չխնայեց՝ ստեղծելով սեփական բազմաստիճան պաշտպանական համակարգը:

Իրանական օդային տիրույթում «Հերմես 450»-ի հայտնվելը փաստում է, որ Իսրայելի կողմից Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա հարվածներ հասցնելը ոչ միայն չի հանվել Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության օրակարգից, այլև նոր ծրագրեր են մշակվում այս ուղղությամբ:

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն Իսրայելին մեղադրել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ հետախուզական գործունեություն ծավալելու համար: Ի պատասխան այս մեղադրանքի Իսրայելի «Canal 19» հեռուստաալիքն անմիջապես հայտնել է, որ այդ անօդաչու թռչող սարքն արտադրվել է Իսրայելում, սակայն նույնատիպ սարքեր վաճառվել են Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին:

Ուշագրավ է, որ իտալացի ռազմական լրագրող, փորձագետ Դևիդ Սենսոտտին նշել է, որ տվյալ անօդաչու սարքն օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից: Նա պնդում է, որ Իրանում կործանված անօդաչու թռչող սարքն իր տեսքով հիշեցնում է 2011-ին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կողմից ոչնչացված անհայտ անօդաչու հետախուզական սարքը:

Անդրադառնալով Իրան-Իսրայել ներկայիս հարաբերություններին` հնարավոր չէ չնկատել, որ Թել Ավիվն ակնհայտ «խանդով» է մոտենում Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման հեռանկարին՝ իրավացիորեն երկյուղելով կորցնել նույն Արևմուտքի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, հատկապես` Մերձավոր Արևելքի ներկայիս բուռն զարգացումների համատեքստում: Եվ երկրորդ, այնուամենայնիվ, Թել Ավիվը չի հավատում Թեհրանի անկեղծությանը և համոզված է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները ձգտում են «մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ»: Այսինքն` փափուկ բարձ դնելով Արևմուտքի գլխի տակ՝ փորձում են կարգավորել հարաբերությունները, ձերբազատվել պատժամիջոցներից, մյուս կողմից՝ շարունակում են հարստացնել ուրանը՝ նպատակ ունենալով հասնել ռազմավարական խնդիրների լուծմանը՝ միջուկային զենքի ստեղծմանը:

Մերձավոր Արևելքում ներկայումս ընթացող գործընթացները կոչված են ապացուցելու այն պատմական ճշմարտությունը, որ «չկան հավերժ թշնամիներ, կան մշտական շահեր», իսկ սպասվող զարգացումները հաստատում են այն մտավախությունները, որ այս տարածաշրջանում սպասվում է առավել մասշտաբային սպառազինությունների մրցավազք:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: