Հայերեն   English   Русский  

​Թե ինչպես Ֆեդյա Ալեքսանյանին առանց պայքարի հաղթանակ շնորհեցին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Վիկտոր Ագեևի հետ մրցամարտում


  
դիտումներ: 3392

Ֆեդյա Ալեքսանյանը, որ նախկինում անվանի մարզիկ է եղել, այժմ էլ ճանաչված մարզիչ է, միջազգային կարգի մրցավար, դարձավ 70 տարեկան:

Շնորհավորելով հոբելյանի առթիվ` նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ Մարտունիի Թազագյուղ բնակավայրում (այժմ` Ծովասար) ծնված պատանին տեղափոխվեց Երևան և բռնցքամարտը դարձրեց իր կյանքի անբաժան ուղեկիցը:

- 12 տարեկան էի, երբ տեղափոխվեցի Երևան: Երրորդ մասում էինք բնակվում: Ավագ եղբայրս` Վոլոդյան, բռնցքամարտիկ էր, նա խորհուրդ տվեց, որ մարզվեմ: Ու որպեսզի բակի հասակակիցներիս շրջանում ինձ ֆիզիկապես խեղճ չզգամ, ուժեղ լինեմ, սկսեցի հաճախել «Աշխատանք» մարզընկերության դպրոց: Պարապում էի բանիմաց մարզիչ Վարդան Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որին բոլորը հարգում, սիրում, նաև փաղաքշաբար կոչում էին ընկեր Վագեն: Սկզբում դժվար էր: Փորձամրցումների ժամանակ պարտվելիս ընկճվում էի: Չորս ամիս կանոնավոր մարզվելուց հետո եկավ նաև առաջին պատասխանատու քննության առիթը: Պետք է ռինգ դուրս գայի Հայաստանի պատանեկան առաջնությունում: Եվ ինքս իմ առջև խնդիր դրեցի, որ եթե պարտվեմ, պետք է բռնցքամարտը թողնեմ: Բայց հաղթեցի բոլոր մրցակիցներիս և չեմպիոն հռչակվեցի: Հետո արդեն միջազգային մրցամարտում կարողությունները փորձելու հնարավորություն ստացա: Երևանի «Սպարտակ» մարզասրահում մասնակցեցի Կրասնոդարի պատանեկան հավաքականի հետ հանդիպմանը, առավելության հասա ռուսաստանցի մրցակցի նկատմամբ: Սեփական ուժերիս նկատմամբ հավատն աստիճանաբար ավելի ամրապնդվեց, սկսվեց հաղթանակների շրջանը: Հետո դարձա Հայաստանի երիտասարդների, մեծահասակների չեմպիոն: Շուրջ մեկ տասնամյակ մեր երկրում առաջինն էի: Զինծառայությանս ընթացքում, որն անցել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, այդ երկրի խորհրդային զորքերի մարզիկների առաջնություններում էի անպարտելի: Ձեռնոցներս մեխին կախեցի, երբ 29 տարեկան էի, արդեն ընտանիք էի կազմել:

- Խնդիրներ կայի՞ն ԽՍՀՄ հավաքականի կազմում ընդգրկվելու հարցում:

- Խորհրդային երկրի առաջնություններում ինձ լավ էի դրսևորում, բայց մարզական բախտն ուղեկից չէր: Կազանում կայացած ԽՍՀՄ առաջնությունում մրցակիցս Ռուֆատ Ռիզկիևն էր, որ հետո դարձավ աշխարհի չեմպիոն: Մրցամարտի ավարտից հետո մրցավարներից երեքը հաղթանակը շնորհել էին ինձ, երկուսը` ուզբեկստանցի բռնցքամարտիկին: Բայց դադար եղավ, հաղթողի անվան հայտարարումը ձգձգվեց, և ի վերջո վճիռը փոխվեց, հաղթանակը շնորհվեց մրցակցիս: Երբեք չեմ մոռանա1968-ին Ծաղկաձորում կատարվածը: Նախօլիմպիական ընտրական մրցաշար էր, խաղարկվում էր ԽՍՀՄ գավաթը: Հայտարարվել էր, որ իրենց լավագույնս դրսևորած բռնցքամարտիկները ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական խաղերի են մասնակցելու: Արհմիությունների թիմի կազմում էի, և հաղթեցինք «Աշխատանքային հերթափոխի» հավաքականին: Ես առավելության հասա ԽՍՀՄ չեմպիոն, լիտվացի Վիտաուտաս Ուժուլիսի նկատմամբ: Նրա մարզիչն Ալգիրդաս Շոցիկասն էր: Հանրածանոթ մասնագետը կատարվածից անակնկալի էր եկել և մրցամարտից հետո վեհանձն քայլ կատարեց.ոչ միայն շնորհավորեց, այլև ձեռքին պահած կիտրոնը կտրելով` կեսը տվեց ինձ, կեսն էլ` իր սանին: Հաջորդ օրը պետք է մրցեինք ԲԿՄԱ-ի հետ: Անհամբերությամբ սպասում էի, որ հանդիպեմ 71 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Վիկտոր Օգեևի հետ: Այդ մրցամարտում հաղթանակն ինձ փառք կբերեր, իսկ պարտությունն ամենևին էլ ամոթալի չէր լինի: Ես ռինգ դուրս եկա, սակայն մրցակիցս այդպես էլ չերևաց: Թեև հաղթող ճանաչվեցի, ինձ բավարարված չէի զգում: Միայն 40 տարի հետո, երբ մերձմոսկովյան Բալաշիխայում հանդիպեցի Վիկտորին, իմացա կատարվածի պատճառը: Օգեևն ասաց, որ հոգնած է եղել, չի ցանկացել մրցել, քանի որ վստահեցրել են, որ ԽՍՀՄ հավաքականի կազմում իր տեղն արդեն ունի:1969-ին Ուլյանովսկում կազմակերպված ԽՍՀՄ առաջնության մրցավայր նախատեսվածից ուշ էինք հասել, ճանապարհին հոգնել էինք, բայց հանգստանալու ժամանակ չկար: Հանդիպումից առաջ հանդերձարանում, երբ մարզակոշիկներիս քուղերն էի կապում, զգացի, որ ննջում եմ: Լիտվացի Յուոզաս Յոայչավիչուսի հետ մրցամարտի առաջին երկու ռաունդներում առավելություն ունեի, բայց երրորդում հոգնածությունը զգացվեց, ուժերս արդեն սպառվել էին, և մրցավարները, միավորների չնչին տարբերությամբ, հաղթանակը շնորհեցին լիտվացուն, որն էլ դարձավ չեմպիոն, ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականի կազմում, իսկ հետո հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 1971-ին Մոսկվայում կազմակերպված ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում էլ մրցակիցս ռուսաստանցի Անատոլի Կլիմանովն էր: Հաղթում էի աշխարհահռչակ մարզիկին, բայց անսպասելիորեն հոնքի վնասվածք ստացա, և բժիշկը թույլ չտվեց շարունակել պայքարը:

-Ինչո՞ւ ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո մարզչական աշխատանքը նախընտրեցիք:

- Երևանում «Աշխատանքի» նոր մարզահամալիր էր կառուցվել, և տնօրեն Լյովա Հովհաննիսյանը մի շարք երիտասարդների հետ միասին նաև ինձ հրավիրեց մարզչական աշխատանքի:

- Երբ մարզիկը մարզչության է անցնում, փորձում է իր սաներին հասցնել այնպիսի բարձունքների, որոնք իր համար անհասանելի են եղել: Դա հաջողվե՞լ է:

- Ինչ խոսք, սաներին բարձունքների հասցնելն ավելի դժվար է, պետք է մանկավարժ, հոգեբան լինել: ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր Հրաչյա Տեր-Ստեփանյանին պատահաբար եմ հանդիպել, երբ Երևանի թիվ 124 հանրակրթական դպրոցից աղջկաս էի տուն տանում: Երբ առաջակեցի նրան բռնցքամարտով զբաղվել, նա կտրուկ մերժեց, բայց բնակարանի հեռախոսահամարը վերցրեցի: Խոսեցի Հրաչյայի հոր հետ, նա էլ չէր ցանկանում, որ որդին բռնցքամարտով զբաղվի, պատճառաբնում էր, որ տղան վատառողջ է, այնքան էլ համարձակ չէ և այլն: Պայմանավորվեցինք, որ պատանին մեկ պարապմունքի ներկայանա ու որոշի` պարապի՞, թե՞ ոչ: Հետո Ստեփանյանը խմբի անդամներից առաջինն էր գալիս մարզման: 1995-ին, երբ գլխավորեցի Հայաստանի պատանեկան հավաքականը, Արմեն Ենգոյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Հաջորդ տարի Բագրատ Օհանյանը Մակեդոնիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, հետո էլ դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն: Ընդ որում, մեր թիմի պատանի բռնցքամարտիկներից շատերը հետագայում իրենց հաջող մրցելույթները շարունակել են երիտասարդների և մեծահասակների միջազգային ռինգերում:

Իսկ Օհանյանը գուցե և պատանիների չեմպիոն չդառնար: Նա հանդիպումից առաջ, երբ նախավարժանք էր կատարում, անդրավարտիքը պատռել էր: Շփոթվել էր, որովհետև չէր կարող ռինգ դուրս գալ, և նրան պարտություն կգրանցվեր: Շտապեցի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի մոտ և խնդրեցի օգնել: Բայց Գրիգորյան ազգանունով մեր հայրենակիցը մերժեց հանդերձանք տրամադրել: Պատճառաբանեց, թե մենք նրա թիմի հակառակորդն ենք, ուստի չի կարող օգնել: Չգիտեի, թե ինչ կարելի է անել: Բայց հանկարծ նկատեցի, որ պատվո պատվանդանին կանգնած պարգևատրվողների թվում կա մի հաղթանդամ ուկրաինացի բռնցքամարտիկ: Մոտեցա նրան, բացատրեցի իրավիճակը, ասացի, որ ժամանակավոր իր անդրավարտիքը պետք է: Ուկրաինացին ասաց, որ մի փոքր սպասեմ, որպեսզի պարգևատրման արարողությունն ավարտվի: Հետո նա այն հանեց և ինձ տվեց: Երբ Բագրատի մոտ վերադարձա, նա շատ ուրախացավ, որ ֆիրմային անդրավարտիք եմ բերել: Նկատելով, որ այն մեր բռնցամարտիկին շատ է դուր եկել, ստիպված ստեցի` ասելով, որ եթե հաղթի, դա որպես նվեր կստանա: Եվ Բագրատը ռինգ դուրս ելավ, եզրափակչում նոկդաունի ենթարկեց, նաև առավելության հասավ ռուսաստանցի մրցակցի նկատմամբ: Իմ ղեկավարած պատանեկան թիմի ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոնների և մրցանակակիրների թվում են նաև Էդգար Մանուկյանը, Ազատ Հովհաննիսյանը, Կորյուն Սողոմոնյանը, Գուրգեն Սուքիասյանը, Տիգրան Տերտերյանը, Արմեն Կիրակոսյանը, Հայկ Խաչատրյանը և ուրիշներ:

- Ինչպե՞ս է ստացվել, որ նաև արտասահմանում եք աշխատել:

- Այն տարիներին այդպիսի որոշումները ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում էին կայացվում: Եվ1985-ին ինձ գործուղեցին Հնդկաստանի Փենջափ նահանգ: 6 ամիս դասախոսություններ էի կարդում, տեսական և գործնական պարապմունքներ վարում, մարզում էի նաև այդ երկրի հավաքականը: Այն մարզիչների ղեկավարությամբ, որոնց օգնել եմ, ներկայումս պարապում են Հնդկաստանի տարբեր տարիքի հավաքականները, և դրանք եղանակ են ստեղծում աշխարհում: 1987-ին աշխատել եմ Աֆրիկայում, մարզել եմ Գվինեա Բիսաուի հավաքականը: Առաջարկներ եմ ստացել մնալու և աշխատելու երկու երկրներում էլ, սակայն մերժել եմ:

- Վերջին տարիներին Հայաստանի մեծահասակների հավաքականի մարզչական խմբում էիք: Ի՞նչն էր այդ աշխատանքը թողնելու պատճառը, լավ արդյունքներ չկայի՞ն:

- Մեդալներ կան նվաճված Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում: Արամ Ավագյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ, մերոնք մեկական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալով վերադարձան մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից, սակայն 2013-ի դեկտեմբերին անսպասելիորեն հայտնեցին, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը մարզչական նոր կազմ է ընտրել: Կատարվածը սրտի ցավով ընդունեցի, քանի որ մի շարք կիսատ ծրագրեր կային…

- Չինաստանում օրերս կայացած պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից Նարեկ Մանասյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Դա՞ էր մեր երկրի ներկայացուցիչների կարողությունների սահմանը:

- Անսպասելի չէր, քանի որ նա Հունգարիայում իմ ղեկավարած թիմի կազմում դարձել էր Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, աչքի էր ընկել նաև Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Իսկ աշխարհի չեմպիոնուհի Անուշ Մկրտչյանից սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն նա ձախողվեց:

- Օրերս պարգևատրվել եք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալով, ՀԱՕԿ-ի «Վլադիմիր Ենգիբարյան» մեդալով, մինչև այդ ստացել էիք նաև ՀԱՕԿ-ի «Տրդատ III Արշակունի» մեդալ, ՀՀ վաստակավոր մարզիչ եք, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, անկատար ի՞նչ երազանքներ ունեք:

- Ներկայումս Երևանի մարզական քոլեջի բռնցքամարտի գլխավոր մարզիչն եմ և շարունակում եմ մարզիկներ աճեցնել: Հույս հունեմ, որ նրանք կընդգրկվեն Հայաստանի հավաքականի կազմում և միջազգային ռինգում նշանակալի հաջողությունների կհասնեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: