Հայերեն   English   Русский  

​Վաղ միջնադարյան բնակավայրը` հուշարձաններով հանդերձ, արոտավայրի է վերածվել


  
դիտումներ: 5348

«Ի՞նչ է, կով չե՞ք տեսել, որ Գոմեր եք գնում»,- այսպիսին էր նրանց արձագանքը, ովքեր տեղեկանում էին, որ պատրաստվում ենք արշավ իրականացնել դեպի Գոմեր կոչվող տեղանք:

Ժողովուրդն այսպես է անվանում Մարտունուն պատկանող արոտավայրերի տարածքը, որը գտնվում է քաղաքից 8-9 կմ հեռավորության վրա: Նախկինում այն Մթնաձոր է կոչվել, 2009-ին, երբ տեղանքն էլեկտրաֆիկացվեց, պաշտոնապես

Արշավ դեպի Գոմեր

վերանվանվեց Լուսաձոր: Շատ անասուն ունեցող ընտանիքները գարնանը սար են բարձրանում և հաստատվում իրենց փոքրիկ հյուղակներում, իսկ աշնանը նորից քաղաք վերադառնում: Սակայն նման ընտանիքների թիվը հետզհետե պակասում է:

Բնությամբ հիանալու, մաքուր օդ շնչելու ու պարզապես քաղաքակրթությունից մեկ օրով կտրվելու մտադրությամբ վաղ առավոտյան մեկնարկում ենք արշավը: Խոտի գնացող «Զիլը» կանգնում է պայմանավորված տեղում, խմբով թափքն ենք բարձրանում և ուղևորվում դեպի սարեր: Մի քանի րոպեից վերջանում է ասֆալտաշերտը, և սկսվում է քարքարոտ ու խորդուբորդ լեռնային ճանապարհը: Հեռախոսների վրա կորչում է հեռախոսակապը`ազդարարելով ռադիոծածկույթից դուրս գտնվելու մասին: Արդեն Գոմերում ենք. շուրջբոլորը լեռներ են, իսկ մոտակայքում` մի քանի փոքրիկ հյուղակներ, հարևանությամբ էլ հանդարտ հոսում է Մարտունի գետը:

Արշավ դեպի Գոմեր

Քայլարշավի մեկնարկը տրված է: Նպատակն է հասնել մինչև ձոր: Այստեղ ես հասկանում, թե ինչու է Հայաստանը կոչվում քարերի երկիր. ամեն քայլափոխի ժայռեր են, հսկայական, մեկը մյուսից մեծ: Ամենամեծ ժայռը, որ ունի 4 մետր բարձրություն և մոտ 5 մետր լայնություն, կոչվում է Վրդոյի պալ: Այս ժայռի վրա, պարզվում է, հեռախոսակապը կա, ու նորից կարճ ժամանակով կապված ենք քաղաքակիրթ աշխարհի հետ: Իսկ հարևանությամբ գտնվող բլուրը, որի գագաթն ամբողջությամբ ծածկված է սուր ժայռերով, կոչվում է Բրսեյի քռա: Գարնանը ձնհալի ժամանակ երբեմն այդտեղից են ժայռեր պոկվում ու ցած գլորվում` լեռան ստորոտը ծածկելով կիկլոպյան քարերով: Խոտերի միջից լսվում է ծղրիդների երգը, ամենուրեք վազվզում ու սնունդ հայթայթելով են զբաղված ժրաջան մրջյունները, օդում ճախրում են բազեները, գետափի ճահճուտներում սողում են լորտուները, թռչկոտում ու կռկռում են գորտերը: Մեծ ճահճուտը, որը լեցուն է թունավոր օձերով, շրջանցում ենք: Հեռվում երևում է Կարմիր սարը, որն անվանումը ստացել է լանջերի կարմիր գունավորման պատճառով, այն նաև Ոսկու սար են կոչում: Թվում է, թե սարը մոտ է, մի քիչ էլ քայլենք ու կհասնենք: Բայց որքան քայլում ենք, այնքան սարն ավելի է հեռանում: Հասնում ենք ձոր, իսկ մինչև սարը դեռ մոտ տասը կմ էլ կա: Ավելի հեռվում` հորիզոնում երևացող ամենավերջին սարի գագաթին էլ նշմարվում է Սարի սուրբը: Այն 3 հազար մետրից բարձր է, համարվում է ամենաբարձր Սրբավայրը գոնե տարածաշրջանում: Մարդիկ հավատում են, որ Սարի Սուրբ հասած ուխտավորների խնդրանքն անպայման կկատարվի: Հասկանում ենք, որ Կարմիր սարը և Սարի սուրբը կմնան հաջորդ տարվա արշավի նշանակետեր, իսկ առայժմ ավելի լավ է ուսումնասիրենք Լուսաձորը:

Բլուրի լանջին ժայռերի դասավորությունը պատ է հիշեցնում: Պարզվում է, որ դրանք իսկապես նախկինում գոյություն ունեցած ինչ-որ շինության մնացորդներ են, մարդիկ դրանք կիկլոպյան ամրոցների հետքեր են համարում: Պատերի մնացորդների ներսում հանկարծ աչքի են զարնում մշակված քարեր, ուշադիր նայելիս պարզվում է, որ դրանք խաչքարեր են, կոտրտված, քամուց ու անձրևից մաշված, բայց դեռ մնայուն: Տարածքում կովերին արածեցնող պապիկն ասում է, թե ժամանակին խաչքարերի տեղում ջրաղաց է եղել:

Արշավ դեպի Գոմեր

Այնուհետև Սուրբ Ստեփանոս եկեղեցին է` կառուցված վաղ միջնադարում: Բայց թե կոնկրետ երբ, հայտնի չէ, եկեղեցու պատի վրա միայն 1968-ի և 2012-ի վերանորոգումների մասին հիշատակումներն են մնացել: Եկեղեցու ներսում` հողի մեջ, գերեզմանաքարեր են: Սրանք ժամանակին հողի շերտի տակ են մնացել ու բացահայտվել վերանորոգման ժամանակ: Սովորաբար եկեղեցիներում հուղարկավորվել են եկեղեցականներ և վանքի հիմնադիրները: Սակայն այստեղ բացառություն է: Գերեզմանաքարերի վրա պատկերված են ինչպես կանայք, երեխաներ, այնպես էլ տղամարդիկ` զինվորականներ և ոչ զինվորականներ: Ամեն գերեզմանաքարի վրա պատկերված են ննջեցյալին բնորոշող իրեր. զինվորականների տապանաքարերին զենքեր են, կանանց տապանաքարերի պատկերները գեղեցիկ հագուստով ու զարդերով են առանձնանում, մանկահասակ աղջնակի տապանաքարը` գեղեցիկ հյուսքերով, զարդերով ու զգեստով:

Եկեղեցու հարևանությամբ մեծ գերեզմանոց է: Յուրաքանչյուր տապանաքարի վրա փորագրություն կա, որոշ քարերի վրա` անգամ չորս կողմից: Ցավոք, միջնադարյան հայկական մշակույթի մասնագետ չենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում գերեզմանաքարի վրա պատկերված արծիվը` ոտքերով ձուկը ճանկած, կամ հավերժության նշանի, գինու սափորի և մի շարք այլ սիմվոլների համադրությունը: Մի տապանաքարի վրա, օրինակ, պատկերված է մի ձիավոր, մի կին և մի երիտասարդ աղջիկ: Էլի մեզ համար անհասկանալի է մնում` ընտանեկան գերեզմա՞ն է դա, թե՞ այլ նշանակություն ունի պատկերը:

Արշավ դեպի Գոմեր

Կան նաև քանդակներ, օրինակ` խոյ, որի դունչը, սակայն, կոտրված է: Քարերն ուշադիր ուսումնասիրելիս նկատում եմ, որ մի քանիսի վրա թվագրություն կա`ՌՃԾԳ (1153) և ՌԺ (1010): Պարզվում է, որ XI-XII դարերում այս լեռնային վայրերում, որ այժմ մարդիկ բնակության համար ոչ պիտանի են համարում ու վերածել են արոտավայրի, մարդիկ են ապրել, հայեր, և դատելով գերեզմանաքարերի վրա պատկերվածից` ունեցել են բավականին զարգացած մշակույթ: Ցավոք, ներկայումս այդ ամենն անուշադրության է մատնված, պեղումներ և ուսումնասիրություններ չեն իրականացվում, հանրության լայն զանգվածներն էլ անտեղյակ են տեղանքից և դրա պատմությունից: Մշակութային հուշարձաններն էլ բաց երկնքի տակ են, դրանց վրայով քայլում են տարածքում ապրող մարդիկ, տեղում արածող անասունները, լավագույն դեպքում դրանց վրա խաղում են երեխաները: Գերեզմանոցը տարածվում է մինչև լեռան գրեթե գագաթը: Ավելի վեր արդեն քարանձավն է, որ հանրությանը հայտնի է Հեր անունով: Ասում են, որ ժամանակին Հերը դիմացի բլուրին գտնվող ամրոցի հետ կապող գաղտնի ուղի է եղել: Հետո այն փլուզվել է, ու այժմ մի փոքրիկ խորշ է մնացել: Չի պահպանվել նաև դիմացի լանջին եղած ամրոցը: Երևում են միայն ամրոցի արտաքին պատերի հետքերը: Դրանից պարզ է դառնում, որ ամրոցը հսկայական տարածք է զբաղեցրել` բոլոր կողմերից շրջապատված ձորերով: Դժվարամատչելի լեռան լանջին է գտնվում նաև սունկ-քարը, որը մերթ բնության կերտած է թվում, մերթ կասկած է առաջանում, որ առանց մարդու միջամտության չի ստեղծվել: Չի բացառվում նաև, որ այն դիտակետ կամ նման մի բան է եղել:

Քայլում ու քայլում ենք: Հնագույն գերեզմանոցն աննկատ ավարտվում է: Քիչ անց սկսվում են Գեղհովիտի, ապա

Արշավ դեպի Գոմեր

Մարտունու մերօրյա գերեզմանոցները. այս տեղերում անասուններ չեն արածում և երեխաներ չեն խաղում: Գերեզմանաթմբերին էլ վեր են խոյացել մեկը մյուսից մեծ ու հղկված գերեզմանաքարեր: Սակայն դրանցից և ոչ մեկը չունի այն նրբագեղությունը, արվեստի շունչը և կենցաղի արտացոլանքը, ինչ հազար տարի առաջ դրված տապանաքարերը:

Օրնիբուն Թուրքիային, Ադրբեջանին ու նաև Վրաստանին ենք մեղադրում, որ վատ են պահում հայկական հուշարձանները, վերացնում են դրանք և այլն: Տեսնում ենք ուրիշի աչքի փուշը, բայց ոչ մեր աչքի գերանը: Չէ՞ որ մենք էլ ենք վերացնում մեր բազմահազարամյա անցյալի հետքերը: Մեր ազգի անցյալի արժեքների հետ մեր վարմունքն օտարերկրացիներին իրավունք է տալիս անելու այն, ինչ անում են, ու դեռ մի բան էլ ավելին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: