Որքա՞ն գումար է պետք հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար
«Անկախի» նախորդ համարում անդրադարձել ենք արտագնա զբոսաշրջության հիմնական միտումներին: Այժմ կանդրադառնանք ներքին տուրիզմին, որը ևս վերջին տարիներին մասսայական է դառնում: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2013-ին Հայաստանում հանգստացել է 669 540 հայաստանցի, իսկ 2014-ին այդ թիվը հասել է 859 703-ի:
Ներքին տուրիզմի պահանջարկի ու ձևավորվող մշակույթի մասին է վկայում նաև նորաստեղծ հյուրատների ու հանգստյան տների առկայությունը մարզերում, ինչպես նաև` արշավականների ակումբների օրեցոր ավելացող թիվը:
Սկսենք հանգստի ակտիվ տարբերակից` արշավներից: Եթե մի քանի տարի առաջ որևէ արշավի մասնակցելու համար պետք էր նախ կազմակերպիչ գտնել, երկար ժամանակ հայտարարություն տալ` մասնակիցներ հավաքելու համար, ապա այսօր արդեն կան արշավական բազմաթիվ ակումբներ, որոնք մի քանի ուղղություններ ունեն, և ամեն շաբաթվա կոնկրետ օրը տուր է կազմակերպվում:
Համադրելով մշտական արշավների ուղղությունները` կարելի է ասել, որ հատկապես պահանջված են Տաթև, Լաստիվեր, Սևանավանք, Պարզ լիճ, Նորավանք, Սանահին և Հաղպատ ուղղությունները, ինչպես նաև մի քանի օրվա այցելությունները Արցախ: Մեկօրյա արշավների գինը մեծ մասամբ տատանվում է 5-10 հազար դրամի միջև, իսկ դեպի Արցախ այցելության գինը սկսվում է 21 հազար դրամից: Բազմաթիվ են նաև դեպի Թբիլիսի և Արևմտյան Հայաստան ուղևորության առաջարկները:
Սոցցանցերում արշավական ուղղություններ առաջարկող կազմակերպություններից հատկապես ակտիվ են One way tour և «Արշավներ» ակումբները: Իսկ, օրինակ, Armenian geographic-ը հետաքրքիր առաջարկներ ունի լեռնագնացության սիրահարների համար: Այս կազմակերպությունը պարբերաբար կազմակերպում է վերելք դեպի Հայկական լեռնաշխարհի տարբեր բարձունքներ` Արամազդ, Սիս, Արարատ և այլն:
Այնպես որ, արշավների ու ակտիվ հանգստի սիրահարներն ընտրության բավական մեծ հնարավորություն ունեն` սկսած մեկօրյա արշավից, քայլարշավներից, վրանային գիշերակացներից մինչև հյուրանոցներում գիշերակացով արշավները: Ու անգամ այն անձինք, որոնք իրենց արձակուրդի հնարավորությունից ամռանը չեն օգտվի, կարող են հանգստյան օրերին մասնակցել արշավներին ու վայելել ամառը և Հայաստանը:
Ընտրության մեծ հնարավորություն ունեն նաև հայաստանյան հանգստյան տները նախընտրող անձինք: Սակայն, ի տարբերություն արշավների սիրահարների, արձակուրդը պիկ սեզոնին մատչելի գներով կազմակերպելու համար հարկավոր է այն պլանավորել գոնե 2-3 ամիս առաջ, համապատասխան պատվեր կատարել, իսկ հետո վայելել արձակուրդը:
Ջերմուկի առողջարաններում, օրինակ, հանգիստը կարելի է կազմակերպել սկսած օրական 15 հազար դրամից: Ըստ համացանցում առկա տվյալների` համեմատաբար մատչելի պայմաններ են առաջարկում Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը, «Արարատ» մոր և մանկան առողջարանը, Ջերմուկի N1 առողջարանը:
Մեկ անձի համար օրական միջինը 15-20 հազար դրամով էլ կարելի է հանգիստը կազմակերպել Արզնիի առողջարաններում: Այստեղ մատչելի պայմաններ են առաջարկում Արզնիի թիվ 1 առողջարանը և Արզնի պոլիկլինիկա-առողջարանը:
Ստեփանավանի բնությունը վայելելու, մոտակայքում գտնվող դենդրոպարկի առողջարար օդը շնչելու համար այստեղ մեկ անձն իր հանգիստը կարող է կազմակերպել սկսած օրական 10 հազար դրամից: Մատչելի գներ է առաջարկում «Լոռի բերդ» հյուրանոցը քոթեջներով և Ստեփանավան քաղաքում գտնվող «Լոռի» հյուրանոցը:
Մի փոքր ավելի թանկ է հանգիստը կապուտաչյա Սևանի ափին: Քոթեջների արժեքն օրական առնվազն 20-25 հազար դրամ է, բայց քոթեջները նախատեսված են մի քանի անձի համար, այնպես որ սա ընտանեկան հանգստի հարմար տարբերակ է: Օրինակ` մատչելի գներով քոթեջներ առաջարկում են Սևանի «Գլաձոր» հանգստյան համալիրը, Շորժա գյուղի հարևանությամբ գտնվող «Լոռի» հանգստյան գոտին: Չի բացառվում, որ կան ավելի մատչելի տարբերակ առաջարկողներ, որոնք, սակայն, համացանցում իրենց մասին չեն հայտնել:
Իհարկե, Սևանում հանգստի մեկ այլ տարբերակ էլ կա, եթե ունեք անձնական մեքենա և նախատեսում եք մեկ ամիս անցկացնել լճի ափին: Այդ պարագայում լճափնյա որևէ բնակավայրում կարող եք պարզապես տուն վարձել:
Գեղատեսիլ Դիլիջանում հանգստանալու համար մեկ անձն օրական առնվազն 10-20 հազար դրամ կծախսի: Այստեղ նման գներ առաջարկում են հիմնականում հյուրատները, իսկ առողջարանները, որոնք նաև որոշակի բուժում են առաջարկում, ավելի թանկ արժեն: Դիլիջանում մատչելի գներով կեցություն են առաջարկում «Մագնիտ», «Միմինո», «Մխիթար Գոշ» հյուրատները, «Գետափ» հյուրանոցը:
Արցախում հանգիստը նախընտրողները հյուրանոցի համար մի փոքր ավելի գումար պետք է նախատեսեն: Օրինակ` Շուշի բերդաքաղաքին ծանոթանալու և շրջակայքը ուսումնասիրելու համար օրական մեկ անձին հարկավոր կլինի 11 հազար կամ ավելի դրամ: Նման գին, օրինակ, առաջարկում է «Ավան Շուշի պլազա» հյուրանոցը: Ստեփանակերտում համեմատաբար ցածր գներ է առաջարկում «Ավետիս» հյուրանոցը: Իսկ օրինակ` Գանձասար լեռան ստորոտին բազմած գեղատեսիլ «Վանքում» կարելի է հանգստանալ 8-10 հազար դրամով` վայելելով գեղատեսիլ բնությունը և հարևանությամբ գտնվող Գանձասար վանքը, միջնադարյան բերդերը և մի շարք այլ պատմական հուշարձաններ:
Եթե դեռ չեք պլանավորել ձեր առաջիկա հանգիստը, դեռ ուշ չէ. կողմնորոշվեք ըստ հանգստի համար նախատեսված բյուջեի, ձեր նախընտրությունների ու ներկայացված բազմազան առաջարկների և որոշում կայացրեք: Ի վերջո, հանգիստը Հայաստանում երկուստեք օգուտ է. դուք հանգստանում եք, նորովի բացահայտում Հայաստանը, իսկ մեր երկրում վաստակած գումարներն էլ ներդրվում են մեր, ոչ թե այլ երկրի տնտեսության մեջ: