Հայերեն   English   Русский  

​Հայերը նախընտրում են ծովափնյա հանգիստը. ամենապահանջված ուղղությունը Հունաստանն է


  
դիտումներ: 1936

Ամռան սկսվելու հետ մեկնարկել է նաև հանգստի ակտիվ սեզոնը հայաստանցիների համար. ոմանք դեռ իրենց ամառային հանգիստն են պլանավորում, ոմանք էլ արդեն արձակուրդն են վայելում:

Հայաստանից արտագնա զբոսաշրջության միտումները հասկանալու և պահանջված ուղղությունները պարզելու համար «Անկախը» զրուցել է տուրիստական մի քանի գործակալությունների հետ:

Այսպես, մասնագետները հայաստանյան արտագնա տուրիզմի մի քանի բնորոշիչներ են նշում. հայերը նախընտրում են ծովափնյա հանգստավայրերը, երկրորդ` իրենց հանգիստը վերջին պահին են պլանավորում, այդ պատճառով էլ հաճախ խնդիրների են դեմ առնում ու նաև ավելի թանկ վճարում:

Hopa travel տուրիստական ընկերության տնօրեն Ռաֆայել Բադալյանն «Անկախի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանգստյան ուղղությունների պահանջված լինելու վրա մեծապես ազդում է ավիաթռիչքների առկայությունն այդ ուղղությամբ:

Նրա խոսքով` այս տարի ամենապահանջված ուղղությունը Հունաստանն է, այս ուղղությամբ կանոնավոր թռիչքներ են իրականացվում, թրենդային են նաև Իսպանիան և Իտալիան: Բայց եթե հանգիստը վաղ պլանավորելու պարագայում կարելի էր դեպի Իսպանիա և Իտալիա ավիատոմսերը ձեռք բերել 350-400 եվրոյով, ապա այժմ դրանք արժեն 700-800 եվրո:

Չնայած դրան, այս ուղղություններն էլի շարունակում են պահանջված մնալ, բայց Վրաստանից իրականացվող թռիչքներով, որոնք ավելի մատչելի են:

Խոսելով Թաիլանդի, Շրի Լանկայի, Եգիպտոսի, Դուբայի մասին` ասում է, որ այդ վայրերում հիմա չափազանց շոգ է, ուստի այդ ուղղությունները որպես հանգստավայր կառաջարկեն աշնանը, երբ այնտեղ համապատասխան եղանակ լինի:

«Հյուրանոցին ավելի գումար տալն ընդունելի է, քանի որ որքան շատ գումար ես վճարում, այնքան լավ պայմաններ ես ստանում, սակայն ավիատոմսին ավելի գումար վճարելն անիմաստ կորուստ եմ համարում, քանի որ միևնույն է, նույն ինքնաթիռով ես թռչելու: Սակայն ուշ դիմելու պատճառով մեր քաղաքացիներն ավելի շատ գումար են վճարում»,- ասում է Բադալյանը:

Փաստորեն, Հայաստանից ավիաթռիչքների չափազանց բարձր արժեքի պատճառով քաղաքացիների հիմնական մասը նախընտրում է թռիչքներ կատարել Վրաստանից:

Բադալյանը նաև նշում է, որ հայերը լավագույն դեպքում հանգիստը սկսում են պլանավորել մայիս-հունիս ամիսներին, ոմանք էլ` ենթադրյալ արձակուրդից 2-3 շաբաթ առաջ միայն, ինչը բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում. դեսպանատուն մտնելու հերթեր` վիզա ստանալ չհասցնելու վտանգով, նախընտրելի հյուրանոցներում ազատ տեղերի բացակայություն և, ինչպես վերը նշվեց, թանկարժեք ավիատոմսեր:

Նրա կարծիքով` հանգիստը վաղ պլանավորելուց խուսափելու պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքացիները մտավախություն ունեն. մի քանի ամիս առաջ տոմս գնելու պարագայում կարող է ավիաընկերությունը սնանկանալ ու իրենք փաստի առաջ կանգնեն:

Ամփոփելով միտումները` Բադալյանը նշում է, որ հայերը հիմնականում նախընտրում են լավագույնը: Օրինակ` չեն համաձայնում մնալ մի հյուրանոցում, որը ծովափից մի փոքր հեռու է, սակայն` մատչելի, ուզում են, որ լինի հենց ծովափին ու լավագույն պայմաններով:

Խոսելով հոսքերի մասին` Բադալյանն ասում է, որ նախորդ տարվա համեմատ փոփոխություններ չի նկատում: Սակայն վերջին շրջանում ակտիվացել են երիտասարդները, ինչն ուրախալի հանգամանք է համարում:

Smart Travel ընկերության վաճառքի գծով մենեջեր Հերմինե Հովսեփյանը ևս «Անկախի» հետ զրույցում նշեց, որ այս տարի ամենապահանջված ուղղություններից մեկը Հունաստանն է:

Հովսեփյանի խոսքով` էկոնոմ հանգիստ նախընտրողները, ինչպես և նախորդ տարիներին, ընտրում են Վրաստանը: Ծովափնյա հանգստավայրերից պահանջված են նաև Հունաստանը, Բուլղարիան, Եգիպտոսը: Նրա խոսքով` Եգիպտոսը, չնայած շոգին, մատչելի գնի պատճառով նախընտրում են հիմնականում ընտանիքով հանգստի մեկնողները: «Ընտանեկան փաթեթով Եվրոպա չեն գնում, քանի որ թանկ է նստում: Փոխարենը, Եվրոպայում հանգստանալ նախընտրում են երիտասարդները և անհատ հանգստացողները»,- ասում է նա:

Հովսեփյանը նշում է, որ այս տարի թուրքական հանգստավայրերը երկրորդ պլանում են հայտնվել, հոսքերն այդ ուղղությամբ զգալիորեն նվազել են: Կարծում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը մարդկանց մեջ որոշակի գիտակցություն է ձևավորել, ինչի պատճառով էլ ոմանք հրաժարվել են այդ երկրում հանգստանալուց: Սակայն, չնայած Թուրքիայի ժխտողականությանն ու հակահայկական քաղաքականությանը, այս երկրում հանգստանալ նախընտրող հայեր դեռևս կան:

Go travel ընկերությունից ևս «Անկախին» տեղեկացրին, որ հանգստացողների հոսքը դեպի Թուրքիա նվազել է նախորդ տարիների համեմատ: Փոխարենը շատ պահանջված հանգստավայր է դարձել Հունաստանը, ինչն այս ընկերությունում պայմանավորեցին գների մատչելիությամբ:

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանից արտերկրում հանգստանալու մեկնողների թիվը մշտապես աճում է: 2013-ին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանից զբոսաշրջության նպատակով այլ երկրներ է մեկնել 906 154 մարդ, իսկ 2014-ին արտերկրում հանգստանալ նախընտրողների թիվը հասել է 1 մլն 203 հազարի:

Աճում է նաև Հայաստանում հանգիստը նախընտրող հայերի թիվը. 2013-ին, օրինակ, Հայաստանում հանգստացել է 669 540 հայաստանցի, իսկ 2014-ին այդ թիվը հասել է 859 703-ի:

Ներքին տուրիզմի միտումներին «Անկախը» կանդրադառնա առաջիկայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: