Հայերեն   English   Русский  

​Մայիսի 28-ի խորհուրդը


  
դիտումներ: 4368

Ո՞րն է մայիսի 28-ի խորհուրդը` դժվար է միանշանակ ասել:

Արժևորել այն` նշելով միայն ձեռքբերումները, հաջողությունները, կնշանակի դասեր չքաղել պատմությունից, կրկնել այն սխալները, որոնք խանգարեցին առաջին հանրապետության կայացմանը, ու նրա կործանման պատճառների վրա աչք փակել:

Պատմությունն ամենալավ դասատուն է. և հարկ է միշտ հաշվի առնել նրա տված դասերը:

Լրանում է առաջին հանրապետության հերթական տարեդարձը, Մայիսի 28-ն է, տոն, որ ամենանշանակալիցը պիտի լիներ մեր իրականության մեջ, մեր հասարակությունում: Բայց արդյոք այդպե՞ս է…

Բուն Հայաստանի տարածքում 1045 թվականից ի վեր ազգային պետականություն չենք ունեցել: Եվ թվում է` 1918 թվականի մայիսի 28-ը պետք է լիներ հայության զարթոնքի, ազգային պոռթկումի ու թռիչքի խորհրդանիշը: Բայց փորձենք պատմությանը նայել ավելի անկեղծ, ավելի ազնիվ հայացքով:

Ռուսական հեղափոխությունից հետո, երբ կազմալուծվեց Կովկասյան ճակատը, հայկական գնդերը դեմ առ դեմ մնացին թուրքական բանակի հետ: Թուրքերը ողջ ճակատով հարձակման անցան, իսկ հայկական զինուժը անկազմակերպ նահանջում էր: Երբեմն այդ նահանջն անգամ փախուստի էր վերածվում: Ընկան Էրզրումը, Կարսը…

Թուրքական բանակը կարճ ժամանակ անց կանգ առավ Արաքսի ափին: Թուրքերի նպատակը Իգդիրի կողմից Արաքսի գետանցումն ու Երևանի առումն էր: Սակայն թուրքերի պլանները խափանեց Դրոն՝ Դրաստամատ Կանայանը, որ կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը, ապա անցնելով Արաքսի ձախ ափը՝ պայթեցրեց կամուրջներն ու դիրքավորվեց գետանցման վայրում՝ պատրաստ հարվածելու ոսոխին:

Թուրքական զորքերը ստիպված էին Արևելյան Հայաստան մուտք գործել հյուսիսով՝ գրավելով Ալեքսանդրապոլ-Գյումրին: Ցավոք, Հայկական կորպուսն անզոր եղավ դիմագրավելու թուրքերին Շիրակի դաշտավայրում: Պետք է խոստովանել, որ անգամ այս օրհասական պահին հայ զինվորականությունն ու հայ քաղաքական ուժերն անհրաժեշտ կամք ու ջանադրություն չդրսևորեցին` փրկելու հայությանը: Խնդիրներ կային հայ զինվորականության մեջ: Թուրքական առաջխաղացումը դեռ հնարավոր էր կանգնեցնել լավ ամրացված Երզնկայի մատույցներում, Էրզրումում, Կարսում: Բայց այդ բերդաքաղաքներն ընկան գրեթե առանց դիմադրության: Մանավանդ Էրզրումը, որ Արևմտյան Հայաստանի ամենաամուր բերդն էր համարվում: Էրզրումի պաշտպանությունը վստահված էր զորավար Անդրանիկին:

Հայ քաղաքական ուժերը, փոխանակ այդ ծանր պահին հայության կողքին լինելու՝ բուն հայրենիքում, քաղաքական խարդավանքներով էին զբաղված Թիֆլիսում: Հայ քաղաքական առաջատար ուժը ՀՅԴ-ն էր, որ ամենամարդաշատն էր Հայոց ազգային խորհրդում: Սակայն դաշնակցության, ժողովրդական կուսակցության, էսէռների, մյուս ազդեցիկ ուժերի միջև անգամ այդ պահին, ինչպես նաև հետագայում, այդպես էլ միասնություն և ընդհանուր մարտավարություն չձևավորվեց:

Թուրքական բանակը երեք ուղղությամբ Ալեքսանդրապոլից շարժվեց առաջ: Այս պայմաններում արևելահայության փրկիչն Արամ Մանուկյանը դարձավ: Հենց նրա աննկուն կամքի և նվիրումի շնորհիվ Սարդարապատում և Ապարանում հայությունը գոյամարտի ելավ: Իսկ Արամին դա հեշտ չտրվեց: Երևանում ու շրջակայքում իսկական խուճապ էր: Հայությունը փախչում էր վախեցած, ահաբեկված: Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում զենքի դիմել: Եվ ահա ասպարեզ եկավ երկրի դիկտատորը՝ Արամ Մանուկյանը իր թիմով:

Արամը, որ Ազգային խորհրդի կողմից օժտված էր արտակարգ լիազորություններով, ամեն միջոցի դիմեց՝ կազմակերպելու հայության գոյամարտը: Նա անգամ Երևանում պատժի ծանր միջոցներ գործադրեց. այն զինապարտները, որոնք խուսափում էին ճակատ մեկնելուց, մահապատժի էին ենթարկվում:

Ձեռնարկված միջոցներն արդյունք տվեցին: Սարդարապատում հայությունը Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, որ ռազմաճակատի հրամանատարն էր, որպես կորիզ ունենալով հիմնականում արցախցիներից կազմավորված Մահապարտների 5-րդ գունդը, հերոսական ճակատամարտ տվեց ու ջախջախեց թուրքական զորքերը: Հայոց պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ, երբ հայը բաց դաշտում ջախջախեց թուրքական մեծաթիվ ու հզոր բանակը:

Արամը, Սարդարապատի քաջերն ապացուցեցին, որ ռազմաճակատում թվային, զինական գերազանցություն ունենալը դեռ քիչ է. ոգին է վճռորոշը:

Նույնը կատարվեց նաև Ապարանում, որտեղ հայկական ուժերը Դրոյի հրամանատարությամբ ջախջախիչ հարված հասցրին թուրքերին ու նրանց փախուստի մատնեցին՝ ապահովելով Արարատյան երկրի անվտանգությունը հյուսիսից:

Փոքր-ինչ այլ էր իրավիճակը Ղարաքիլիսայում: Այստեղ ռազմաճակատի հրամանատարը Ալեքսեյ Բեյ-Մամիկոնյանն էր, որ օգնական ունենալով Նժդեհին` մեկ շաբաթ հերոսական դիմադրություն ցույց տվեց թուրքերին: Ցավոք, Ղարաքիլիսայում մարտի չգնաց Անդրանիկը, որ իր մարտունակ գնդով Դսեղում էր՝ ռազմաճակատի գծից ոչ հեռու: Գուցե թե նա կարողանար փոխել ընթացքը, բայց… Այսուհանդերձ, թշնամու բանակի հրամանատարը հետագայում կխոստովանի` հայերը Ղարաքիլիսայում ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի ամենաքաջ զինվորները…

Թուրքերը հաղթանակ տարան Ղարաքիլիսայում, նախճիր սարքեցին այնտեղ, բայց առաջխաղացում չեղավ: Ընդհանուր ճակատում թուրքական բանակն արդեն պարտվել էր:

Ռազմական այս փայլուն հաղթանակներից, ավաղ, չկարողացավ օգուտ քաղել հայ քաղաքական միտքը: Հայոց Ազգային խորհուրդը, փոխանակ օգտվելու ռազմաճակատում ստեղծված բեկումնային իրավիճակից, 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում Թուրքիայի հետ պայմանագիր և հաշտություն կնքեց, որով Թուրքիան, փաստորեն, հայ ժողովրդին պետականություն նվիրեց 11 հազար քկմ տարածքով: Այն ընդգրկում էր սոսկ Երևանն ու Սևանը:

Ավելին. այն, ինչ թուրքերը չկարողացան ստանալ ռազմական ուժով, ստացան Բաթումի պայմանագրով: Սույնով սահմանափակված էր ՀՀ զինված ուժերի թվաքանակը, հայկական երկաթուղին անարգել անցնում էր Թուրքիայի տրամադրության տակ, այսինքն՝ թուրքերն իրավունք ստացան Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու դեպի Բաքու, ուր իրագործեցին Բաքվի հայերի սպանդը: Հայաստանը, ըստ էության, դառնում էր թուրքական պետության ինքնավար կցորդը:

Իսկ մինչ այդ` մայիսի 26-ին, Թիֆլիսում Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Հաջորդ օրն անկախացավ նաև Ադրբեջանը: Հայաստանին, փաստորեն, պարտադրվեց անկախությունը, և մայիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության ծնունդը: Անկախ հանգամանքներից և իրավիճակից՝ Հայաստանն անկախացավ:

1045 թվականից ի վեր հայությունը պատմական հայրենիքում չէր ունեցել անկախ պետականություն և, վերջապես, մեծ տառապանքի գնով ստացավ այն, ստացավ միլիոնավոր մարդկանց կյանքի գնով ու անասելի զրկանքներով: Անկախ քաղաքական հանգամանքներից՝ դա վաստակած անկախություն էր: Հայության իղձն իրականացավ պետականությունը կորցնելուց գրեթե հազար տարի անց:

Այսօր հայությունը նշում է առաջին հանրապետության ծննդյան տոնը` Անկախության տոնը: Ցավոք, նշում է, չի տոնում:

Անցյալ տարի հեռուստատեսության էկրաններից մի քանի շնորհավորանքներ եղան բարձրաստիճան հանրապետականների ու հոգևորականների կողմից, և վերջ: Մայրաքաղաքի հասարակ ժողովուրդն անհաղորդ է այս ամենին: Անհաղորդ է, քանզի իրենը չի համարում: Կարծես մեր պապերի ձեռքբերումը չէ սա:

Եվ պետական մակարդակով էլ այս տոնը նշում են ձևական, իմիջիայլոց: Անցած տարի Հանրապետության հրապարակում համերգ էր, որին ունկնդրում էր ընդամենը մի քանի հազար մարդ: Բայց ուրիշ ժամանակ, երբ նույն հարթակից «Մամա Լյուբա» էր հնչում, ասեղ գցելու տեղ չկար: Անկախության տոնին քաղաքի կենտրոնում գեթ մեկ եռագույն դրոշ չէր ծածանվում, բացառությամբ թերևս Հաղթանակի կամրջի դրոշների: Բուն համերգի բեմի վրա չորս դրոշ կար, ամեն անկյունում, իսկ հանդիսատեսի ձեռքին` ՀՅԴ երկու տասնյակ դրոշներ, մի քանի եռագույն և…Սիրիայի դրոշը:

Համեմատության եզրեր չկան թեկուզ մեր հարևան ոսոխի հետ: Թուրքիայում անգամ հանրային գերեզմանոցներում թուրքական դրոշներ են ծածանվում, ամեն բնակավայրում, սարերի գլխին, ամեն մի հաստատության մեջ: Թուրք պաշտոնյան իր քաղաքացու մեջ հայրենիքի պաշտամունք է սերմանում: Ամեն ինչ մեր իրականության մեջ աբսուրդի է հասել:

Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդի համար առաջին հերթին պարտական ենք Արամ Մանուկյանին, Դրոյին, Նժդեհին, մյուս հերոսներին… Անմահ հերոսներ, որոնց սերունդներն արժանի չհամարեցին արձան կանգնեցնելու: Արամի տունը քաղաքի կենտրոնում քանդված ու ավերված է, տասնյակ տարիներ չի վերանորոգվում, փոխարենը բազում եկեղեցիներ ենք կառուցում:

Ցավոք, մենք չենք կարողանում գնահատել իրական արժեքները, իրական հերոսներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: