Հայերեն   English   Русский  

Թուրքիա-Իրան փոխադարձ մեղադրանքների պատճառներն ու հնարավոր զարգացումները


  
դիտումներ: 827

Մերձավորարևելյան պետությունների շահերն ու տարաձայնություններն այս պահին բախվում են Եմենում: Կարելի է ասել` Եմենը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր օջախ է դարձել. Արևմուտքի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի` տարածաշրջանում գերակայության համար պայքարում երբեմն կրքերը տեղի են տալիս:

Դեռևս հունվարին Եմենում Իրանի աջակցությունը վայելող շիայադավան հութիների «Անսար Ալլահ» շարժման զինված խմբավորումները գրավել էին Եմենի մայրաքաղաք Սանայում տեղակայված նախագահական պալատը և շարժվել առաջ` ստեղծելով քաղաքացիական պատերազմի և հեղաշրջման լուրջ սպառնալիք:

Եմենի նախագահը շտապեց դիմել ՄԱԿ-ին և Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով շտապ միջամտել և բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությունը: Այսպես սկսվեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած ավիահարվածները: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 10 երկրների զինված ուժերը միջազգային ռազմական օպերացիա իրականացրին Եմենում:

Սաուդյան Արաբիան իր գործողություններն արդարացնում է նրանով, որ պաշտպանում է Եմենի օրինական նախագահին, իսկ Իրանն այլ բան է պնդում: Չնայած ԱՄՆ-ի հետ համագործակցությանը` Սաուդյան Արաբիան արտաքին քաղաքական իր ձեռքբերումներով չի կարող հպատանալ. Իրաքում, Սիրիայում, Լիբանանում Սաուդյան Արաբիայի ազդեցությունը գնալով նվազում է` հօգուտ Իրանի: Սա է Մերձավոր Արևելքի սուննիական պետությունների տագնապի պատճառը` Իրանի ազդեցության հնարավոր ընդլայնումը:

Չնայած նրան, որ Իրանը մերժում է Եմենում իր դերակատարությունը, մի շարք պետություններ թերահավատորեն են վերաբերվում այդ պնդումներին:

Կարծիք կա, որ բացի այն, որ հութիները հաջողության են հասնում Եմենում, նրանք մասնակիորեն իրենց ձեռքը կարող են վերցնել նաև միջազգային ծովային փոխադրումները, քանի որ հարավ-արևմուտքում Եմենին սահմանակից է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը` «արցունքի դարպասը»: Ընդամենը 30կմ. երկարության այս նեղուցը Արաբական ծովը կապում է Կարմիր ծովի հետ: Այստեղից էլ Սուեզի ջրանցքով ելք կա դեպի Միջերկրական ծով. այս ճանապարհով են որպես կանոն նավթատար նավերը հասնում Եվրոպա:

Այս ամենը վերջին օրերին տագնապ ստեղծեց մի շարք պետությունների շրջանում. հատկապես բուռն արձագանքեց Թուրքիան: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իրանին մեղադրեց տարածաշրջանում գերիշխանության ձգտման մեջ և դա համարեց անհանդուրժելի: Պաշտոնական Թեհրանը կոշտ արձագանքեց, Թուրքիայի դեսպանը հրավիրվեց ԻԻՀ ԱԳՆ՝ պարզաբանումների նպատակով: Ըստ այդմ՝ ԻԻՀ-ը Թուրքիայից ակնկալում է հստակ պատասխան առ այն, թե ինչ տրամաբանությամբ են հնչել նման մտքեր: Իրանը Թուրքիային անգամ հիշեցրեց այն մասին, որ Թուրքիան մեղադրվում է «Իսլամական պետության» ահաբեկիչներին օժանդակելու մեջ: Լարված երկխոսության պայմաններում լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, թե հնարավոր է ` Էրդողանի ապրիլին նախատեսված այցը Թեհրան անորոշ ժամանակով հետաձգվի:

Այս թեմայով Անկախ-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ, ով հանգամանալիորեն ներկայացրեց իրավիճակն ու նախանշեց հնարավոր զարգացումները: Արաբագետը Եմենում տեղի ունեցող զարգացումները դիտարկում է 2 հարթություններում՝ նախ տասնամյակների պատմություն ունեցող ներեմենյան իրողությունների համատեքստում, որոնք նոր դրսևորումներ ստացան 2011թ. «արաբական գարնան» հետևանքով երկրում տեղ գտած գործընթացների առումով և, բնականաբար, Մերձավոր Արևելքում տարածաշրջանային տերությունների միջև առկա մրցակցության տեսանկյունից՝ իսլամի երկու՝ սուննի-շիա ուղղությունների միջև աստիճանաբար խորացող դիմակայության Ֆոնին:

Ըստ նրա` ներկայում ներյեմենյան գործընթացները վերածվում են Իրան-Սաուդյան Արաբիա կամ սուննիական պետություններ անուղղակի դիմակայության: Այս համատեքստում, ռազմական կոալիցիայի գործողություններին իր աջակցության մասին է հայտարարել նաև Թուրքիան, ինչը լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել Իրանում: Փաստացի սիրիական, ապա նաև իրաքյան ճգնաժամերից հետո ևս մեկ հակամարտության օջախ առաջացավ երկու երկրների միջև անուղղակի դիմակայության համար, որն արդեն իսկ դրսևորվում է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի ակնկալվող այցն Իրան պաշտոնական Թեհրանի կողմից չեղարկելու մի շարք նախաձեռնություններով: Պետրոսյանը կարծում է` ընդհանուր առմամբ, կարճաժամկետ հեռանկարում, Թեհրան-Անկարա դիմակայությունը հազիվ թե դուրս գա հռետորաբանության, առավելագույնը քաղաքական հարթությունից, իսկ երկարատև հեռանկարում ամեն ինչ կախված է զարգացումներից, որոնց մեջ բավականաչափ մեծ է անկանխատեսելիության գործոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: