Հայերեն   English   Русский  

«Քաղաքական բոյկոտ ենք անում». ԲՀԿ-ն լքեց ԱԺ դահլիճը


  
դիտումներ: 176

Երկու օր է Ծառուկյանի մի հայտարարությունը, որ վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ինչ ասես չլսեցիք, Ծառուկյանի փողերից, վերջացրած բոլոր թեմաներով, որոնք չէին վերաբերվում թեմային: Ես հիշեցնում եմ, որ թեման վերաբերում էր նրան, որ Հայաստանում ներդրումներ հնարավոր չէ իրականացնել եւ դրա վառ օրինակ էր բերվել:

Երկրորդ, մեր գործընկերներից մեկը՝ պարոն Սիմոնյանն ասաց, թե քանի գլխանի ենք: Ուղիղ այնքան գլխանի ենք, որ որքան մարդիկ մեզ ձայն են տվել, հարյուր հազարից ավելի: Չի ստացվի լղոզել, փոշիացնել այդ թեման: Երկու օր է ֆեյքերի բանակը փոշիացնում և լղոզում է այս թեման:

Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մեկ նախադասության փոշիացնելու մի վայր: Մենք այսօր լքում ենք խորհրդարանը և դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղենք: Քաղաքական բոյկոտ ենք անում»,-հայտարարեց նա:

Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Ներդրումների հետ կապված մեղադրանքները, որ հնչեցրին, իրականությանը չեն համապատասխանում: Եթե որոշակի ներդրողներ ենթադրում են, որ ներդրումները ենթադրում են Երեւանի կենտրոնում հողակտորների նվիրատվություն, ապա կարծում եմ՝ այդտեղ որոշակի խնդիրներ կան: Պետք է հասկանալ, թե որտեղ են ավարտվում ներդրողների շահերը եւ որտեղ են սկսվում համայնքային շահերը: Համայնքապետարանի դիրքորոշումը հստակ է եղել, դա ընդհանուր կանոն է բոլորի համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: