Հայերեն   English   Русский  

Տիգրան Ձիթողցյանի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ֆիլմը ճանաչվել է լավագույնը


  
դիտումներ: 714

Արթուր Բալդերի <<Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ>> ֆիլմն արժանացել է AIFF-ի /Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի Լավագույն ֆիլմ մրցանակին:

Ֆիլմի հերոսները երկուսն են՝ հայ անվանի նկարիչ Տիգրան Ձիթողցյանն ու ամերիկացի հանրահայտ դերասանուհի Սյուզան Սարանդոնը:

Տիգրան Ձիթողցյան

Ֆիլմն անդրադառնում է համամարդկային և ֆենոմենալ մի երևույթի. ինչպես ենք ընկալում և դատում ինքներս մեզ և ուրիշներին մի աշխարհում, ուր գնալով տիրապետող են դառնում սոցիալական ցանցերը:

Հայ գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանի՝ դերասանուհի Սյուզան Սարանդոնի դիմանկարները կերտելու ընթացքում, ֆիլմի հեղինակ Բալդերը հանդիսատեսին տանում է մի տպավորիչ տեսողական ճամփորդության՝ ընդլայնելով և մեկ այլ մեկնակետից բացահայտելով ժամանակի մեր սովորական ընկալումը:

«Հայելին» Տիգրան Ձիթողցյանի ամենանշանավոր շարքերից է: Այս միագույն/մոնոխրոմ/ աշխատանքներում պատկերված են դեմքերը ձեռքերի հետևում թաքցրած կանանց դիմանկարներ, իսկ բնորդուհիների՝ այս դեպքում Սյուզան Սարանդոնի դիմագծերն արտացոլվում և երևակվում են ձեռքերի վրա։ Արվեստագետ և մտածող Ձիթողցյանի գեղարվեստական արարումի և զրույցի ընթացքում բացահայտվում է ու միաժամանակ ընդգծվում մարդկային հոգու փառահեղ անընդգրկելիությունն ու անմեկնելիությանը։

Ձիթողցյանը վարպետ է, որը լուռ համառությամբ բացահայտում է մարդուն:

Ֆիլմի անվանումը՝ «Ձոն. Մանկական հուշերից ծնված անմահության մտադրություններ», վերցված է անգլիացի ռոմանտիկ բանաստեղծ Վիլյամ Ուորդսվորթիի համանուն բանաստեղծությունից:

Տիգրան Ձիթողցյան

Խոսելով Տիգրան Ձիթողցյանի մասին՝ ահա թե ինչ է գրում ֆիլմի հեղինակը. <<Տիգրանը հավատարիմ է ու խիստ կապված իր ազգային ժառանգությանը, միևնույն ժամանակ` համաքայլ համաշխարհային մշակութային նվաճումներին, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտացոլել հասարակության դինամիկ զարգացման ամենատարբեր երեսները: Նրա աշխատանքներում ակնհայտ են թե՛ սեփական՝ ազգային, և թե՛ հոգևոր մշակույթի ազդեցությունները: Դա կոորդինատների և նշանների մի մշակութային համաստեղություն է, որից անհնար է խուսափել, հակառակը՝ այն վերաիմաստավորվում է և արտահայտության նոր ձևեր գտնում: Այդպես, նրա մի շարք ցուցադրություններում ակներև է, թե ինչպես է յուրացվել հոգևոր մշակույթն ու դրսևորվել մեկ այլ ոգեղեն ու գեղագիտական մակարդակում>>:Արլինգթոնի միջազգային կինոֆառատոնում ֆիլմը ներկայացված է եղել նաև հետևյալ անվանակարգերում ՝ Լավագույն նորարարական ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն կոմպոզիտոր, Լավագույն փաստագրական ֆիլմ, Լավագույն օպերատոր և Լավագույն գլխավոր դերակատար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: