Հայերեն   English   Русский  

Վարչապետը Հռոմում հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահի հետ


  
դիտումներ: 328

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության եւ տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առեւտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։

Վարչապետը կարեւորել է Իտալիայի արտաքին առեւտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում, ինչի համար ձեւավորվել են լավ հիմքեր։

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առեւտրաշրջանառության աճը, նաեւ 2020 թ. հունվարից Երեւան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային եւ բիզնես կապերի զարգացմանը։

Կարլո Ֆերոն ողջունել է ՀՀ վարչապետի այցն Իտալիա եւ նշել, որ իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով եւ պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։

Իտալիայի արտաքին առեւտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել այս տարվա հունիսին Երեւանում եւ երեկ Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը եւ առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը եւ մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական եւ օրենսդրական միջավայրի ձեւավորումն է եւ դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը, ներկայացրել այդ ուղղությամբ արվող քայլերը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել նրան Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, ինչպես նաեւ հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին եւ առկա հնարավորություններին։

Երկուստեք կարեւորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջեւ փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների եւ կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների եւ Իտալիայի արտաքին առեւտրի պետական գործակալության մակարդակով։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական «Corriere della Sera» oրաթերթին։

Իտալիայի արտաքին առեւտրի ինստիտուտը՝ ICE-ը, պետական գործակալություն է, որն իր արտերկրյա մասնաճյուղերի միջոցով աջակցում է աշխարհում իտալական ընկերությունների բիզնես գործունեության զարգացմանը եւ Իտալիայում արտաքին ներդրումների ներգրավմանը։ ICE-ը խորհրդատվական, տեղեկատվական, հաղորդակցական, մասնագիտական թրեյնինգային օժանդակություն է տրամադրում Իտալիայի փոքր եւ միջին ձեռնարկություններին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: