Հայերեն   English   Русский  

Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան


  
դիտումներ: 52

Նախորդ օրը, երբ հետևում էի քաղաքական ամենամեծ դատավարությանը, ուսումնասիրում դատավորի կեցվածքն ու պահվածքը, անընդհատ աճում էր համոզմունքս, որ առաջին հերթին իշխանության համար է ձեռնտու, որ այս տիկինը հեռացվի դատավարությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությանը: Նա իր գրառումը վերնագրել է. «Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը»:

Արփինե Հովհաննիսյանը մասնավորապես, նշել է.

«Ի դեպ, առաջին անգամ եմ անդրադառնում սույն դատավորի մասնակցությամբ վարվող դատավարությանը:

Նախ` նա չի կատարում ՍԴ որոշումները թե’ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հակասահմանադրականության մասով լուծումների տեսանկյունից, եւ թե’ գրավի կիրառման տեսանկյունից` մերժելով դրա միջնորդությունը հենց իրավական տեսանկյունից, այն դեպքում, երբ հենց այդ իրավական խնդիրն է ԼՈՒԾՎԵԼ համապատասխան որոշումով:

Բացի այդ` ակնառու էր եւ բացահայտ պաշտպանական թիմի հանդեպ նրա բացասական վերաբերմունքը, որը հատկապես վերջին նիստին կապիտալիզացվում էր իրավական կոպիտ խախտումներով, ընդհատումներ, մերժումներ եւ այլն, որոնք ի դեպ նրա կողմից անտեսվում էին մեղադրող կողմի դեպքում:

Բացի այդ դատավորի մոտ նկատվում է ակնհայտ նեղացվածություն եւ վրեժի զգացողություն: Նա նեղսրտած է վարչապետի բառապաշարին համահունչ կալանավորված տղաների կողմից իրեն հնչեցրած հարցից (վնգստացող է ինքը թե՞ ոչ) ու այդ հարցի հնչեցման համար անհասկանալի կերպով վրեժ է լուծում պաշտպանական թիմից: Մերժում է ինչ հնարավոր է, բացարձակ չխորանալով ներկայացվող փաստարկների մեջ: Նա պարփակվել է իր մեջ եւ չի ցանկանում տեսնել, որ իր այս վարքագծով ինքը ամեն վայրկյան դրական է պատասխանում այն հարցին, որ իրեն հնչեցրել էին: Ավելին նա ապացուցում է, որ իրեն դուր է գալիս այդպիսին լինելը:

Արմեն Դանիելյանը, ինչպես նաեւ այս տիկինը միջնաժամկետ կտրվածքով նվեր են 2-րդ նախագահի պաշտպանական թիմին, ու երբ օրինակ հռետորական ու քաղաքականացված հարց է հնչում, թե ինչու՞ չի սկսում այս դատավարությունը, պատասխանը այդտեղ է պետք փնտրել: Ընդհանուր առմամբ ասում են` ամեն ինչ` անգամ ծառայելը, վախենալը, ենթարկվելը չափի մեջ է լավ, ամենածառայամիտները, վախկոտներն ու ենթարկվողները պրոբլեմ են հենց տերերի համար: Իսկ փաստաբանների խնդիրն է քայլ առ քայլ ցույց տալ, ընդ որում այլեւս առաջին հերթին դրսի լսարանին, որ սա բացառապես քաղաքական դատավարություն է: Իսկ դանիելյանարմենները, դանիբեկյանաննաները միայն ու միայն օգնում են այս հարցում:

Հ.Գ. Թեեւ դատավորին անձամբ չեմ ճանաչում, բայց եթե վստահ լինեի, որ Աննա Դանիբեկյանը պահպանել է իրեն երբեմնի վերագրվող որակները` համեստությունը, գլուխը կախ գործ անելն ու հարցի մեջ խորանալը գնահատականներս այսքան կոշտ չէին լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: