Հայերեն   English   Русский  

10 մլն դրամ՝ սիրիահայերին հայկական անձնագիր տալու համար. Կառավարության որոշումը


  
դիտումներ: 64

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց 2019-ի բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 9.95 մլն դրամով:

Գումարը պահուստային ֆոնդից կհատկացվի ԱԳՆ-ին՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի պետական բյուջե վճարելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներն կամ ՀՀ քաղաքացիներն, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:

Նշենք, որ 2019թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 173 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (60 գործ) եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (113 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին եւ ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն եւ դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: