Հայերեն   English   Русский  

Ո՞ր 2 ընկերություններն են կառավարությունից արտոնություն ստացել


  
դիտումներ: 35

Կառավարությունն իր այսօրվ՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց հարկային արտոնություն տալ երկու ընկերությունների:

Մասնավորապես, կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Նրա խոսքով, ընկերությունը գործում է 2006 թվականից, ունի 65 աշխատատեղ. «Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտոնության համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63 մլն դրամ, իսկ ՀՀ բյուջե մուտք չի գործելու 777 հազար դրամ»,-ասաց փոխվարչապետ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը:

«Ընկերությունն արտադրելու է էլեկտրոնային հաշվիչներ: Ընկերությունը գործում է 2015 թվականից, Երեւանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 153 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է, որ արտադրված ապրանքներն ամբողջությամբ արտահանվելու են ԵՏՄ շուկա: Արտոնության համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2,8 մլրդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ, իսկ ՀՀ բյուջե մուտք չի գործելու 3,5 մլն դրամ»,-ասաց Ավանեսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: