Հայերեն   English   Русский  

Իսրայելի ընդդիմության առաջնորդը չի կարողացել կառավարություն ձևավորել


  
դիտումներ: 196

Իսրայելի ընդդիմադիր «Կահոլ-Լավա» կուսակցության առաջնորդ Բենի Գանցը տեղեկացրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ իրեն չի հաջողվել ձևավորել իշխող կոալիցիա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով The Jerusalem Post թերթին:

Իսրայելում այս տարի երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ: Ապրիլյան ընտրությունների արդյունքներով Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանձնարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին կառավարություն ձևավորել, բայց նա չկարողացավ դա անել, և խորհրդարանը հայտարարեց ինքնարձակման և նոր ընտրություններ անցկացնելու մասին:

Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերին: Աջ և ձախ կուսակցությունները ստացան մոտավորապես նույնքան ձայներ, իսկ Ռիվլինը կրկին Նաթանյահուին հանձնարարեց կոալիցիա ձևավորել: Վարչապետին երկրորդ անգամ էլ դա չհաջողվեց: Դրանից հետո Ռիվլինը Գանցին հանձնարարեց կոալիցիա ձևավորել:

Այժմ 21 օրվա ընթացքում՝ մինչև նոր ընտրությունները, ցանկացած խորհրդարան անցած պատգամավոր կարող է փորձել կոալիցիա ձևավորել և հասնել իր օգտին ձայների մեծամասնության Քնեսեթում: Դրա համար խորհրդարնականներից առնվազն 61 հոգի պետք է Ռիվլինին դիմի խնդրանքով, որպեսզի կոալիցիա ձևավորելու մանդատ տա այս կամ այն թեկնածուին:

Եթե Ռիվլինը մանդատ տա խորհրդարանականներից որևէ մեկին, ապա վերջինս 14 օր կունենա կառավարություն ձևավորելու համար: Եթե 21 օրվա ընթացքում նման փորձեր չլինեն, ապա Ռիվլինը ստիպված կլինի պաշտոնապես ծանուցել այդ մասին Քնեսեթի խոսնակին: Այդ ծանուցումը ինքնաբերաբար կնշանակի խորհրդարանի ինքնարձակում և կրկին հերթական ընտրությունների նշանակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: