Հայերեն   English   Русский  

«Մենք անարժանների հասարակություն ենք». Հարություն Մեսրոբյան


  
դիտումներ: 1578

Անկախ-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

-Պարոն Մեսրոբյան, նախ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականի վերաբերյալ: Ըստ Ձեզ, դա ճի՞շտ քայլ էր:

-Այն, որ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց, դա շատ բնական է մեր հասարակարգի համար, քանի որ մենք կակոկրատական հասարակարգ ենք: Դա նշանակում է, որ անարժանները հասարակության մեջ իրենց կոմֆորտ են զգում, իսկ արժանիները՝ դիսկոմֆորտ: Ավելին, իշխանական բուրգ մտնելը և առաջ գնալը արժանիների համար շատ ավելի դժվար է, քան անարժանների: Դրա համար, երբ ես տեսնում եմ, որ հերթական արժանավոր մարդը հրաժարական է տալիս, ինձ այդ փաստը չի զարմացնում, որովհետև մենք անարժանների հասարակություն ենք:

-Երեկ Հանրային խորհուրդն արտահերթ նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է նաև խորհրդի հետագա գործունեությունը: Ըստ Ձեզ, խորհուրդը կշարունակի՞ նախկինի պես աշխատել:

-Շատ կարևոր է, թե ով կդառնա Հանրային խորհրդի նախագահ: Դրանից է կախված՝ ՀԽ-ն որպես արդյունավետ միավորում կմնա՞, թե ոչ:

-Շրջանառվում է Ստյոպա Սաֆարյանի անունը խորհրդի նախագահի պաշտոնում: Դուք դա հավանական համարո՞ւմ եք:

-Կարծում եմ՝ այդ դեպքում շատերը դուրս կգան Հանրային խորհրդից: Ես՝ միանշանակ, առանց վարանելու: Հենց նման նշանակում լինի, համարեք, որ ես դիմումս գրել եմ:

-ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարեց, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա կարծիքը:

-Գիտե՞ք ինչ, մենք մոտ 10 միլիոն հայ ենք և գրեթե 10 միլիոնս էլ հեռու ենք կառավարումից: Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ այդքան մարդու անգրագիտությունը մեկնաբանել: Ես միշտ ասել եմ՝ մենք կառավարումից հեռու ենք այնքան, որքան խոզը տուռնիկից: Հիմա ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել, եթե չգիտենք, թե ինչպես երկիրը կառավարել: Շախմատի չեմպիոն դառնալու համար գոնե պե՞տք է շախմատ խաղալ իմանալ...

-Պարոն Մեսրոբյան, անդրադառնանք վերջին շրջանում ամենաբուռն քննարկվող իրադարձություններից մեկին՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին: Ձեզ վրա այդ իրադարձությունն ի՞նչ տպավորություն թողեց: Ի՞նչ նպատակի այն պետք է ծառայի և ի՞նչ կարող է տալ մեր պետությանը:

-Ես «Վերնատունը» դիտարկում եմ որպես մեր պետության կարևոր զտիչ: Բայց ես այն կհամարեմ կայացած, երբ զտման արդյունքում իսկապես հաջողվի այդ կառույցի շուրջ համախմբել մեր էլիտայի փշրանքները: Ընդհանրապես զտման երկու պրոցես կա. առաջինը՝ հավաքագրել, հետո զտել, երկրորդը՝ զտել, հետո հավաքագրել: Երբ «Վերնատունը» գնա կայացման ճանապարհով, շատ կարևոր է, թե այդ երկու ճանապարհներից որը կընտրվի:

-Իսկ ո՞րն է ճիշտ ճանապարհը:

-Ընդհանրապես, եթե սկզբում հավաքագրում են, հետո սկսում զտել, դա միգուցե արագ պրոցես է, բայց ինչ-որ ժամանակից հետո բուն նպատակը քանդվում է, որովհետև զտման վրա կազմակերպիչները մեծ ջանքեր են թափում, իսկ դա շատ բարդ է, հատկապես, որ անարժաններն իրենց հոգեբանությամբ վամպիր են և խլում են այդ ջանքերը: Բայց եթե գնում են մյուս ճանապարհով՝ զտել, հետո հավաքագրել, դա դանդաղ, բայց հուսալի ճանապարհ է: Ես կարծում եմ՝ «Վերնատան» շուրջ համախմբումը պետք է այդ ճանապարհով ընթանա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարող է տալ պետությանը, ապա դա կարող է դառնալ մի հարթակ, սնուցման աղբյուր պետության կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այդտեղ կարող է ձևավորվել մեր ապագայի տեսլականը: Իսկ եթե տեսլական և դրա կրողներ չլինեն, անհնար է երկիրը զարգացնել:

-Մեր իշխանությունը պատրաստ է՞ լսել այլ կարծիք, այլ առաջարկ, այլ տեսլական, որը կձևավորվի իշխանության պատերից դուրս:

-1991 թվականից սկսած՝ մեր ոչ մի իշխանություն դրան պատրաստ չէ: Պատճա՞ռը՝ որովհետև մենք կակոկրատական հասարակություն ենք:

-Պարոն Մեսրոբյան, իշխանությունները հայտարարում են, որ աննախադեպ հաջողություններ են գրանցվում ամենատարաբեր ոլորտներում և, առհասարակ, Հայաստանում աննախադեպ ու անշրջելի փոփոխություններ են տեղի ունենում: Իբրև կառավարման փորձագետ՝ Դուք անշրջելի, աննախադեպ փոփոխություններ նկատո՞ւմ եք:

-Կառավարման մեջ հաշվի են առնում ոչ թե հայտարարությունները, այլ բարոյական չափանիշները և արդյունքները՝ ի՞նչ վիճակում է ստացել խնդիրը և ի՞նչ վիճակում է հանձնել: Որպեսզի հասկանանք՝ իշխանության եկած մարդիկ որքանո՞վ են արժանի այդ իշխանությանը և որքանո՞վ կարող են լուծել մեր երկրի առաջ կանգնած խնդիրները, նախ պետք է հասկանանք այն չափանիշները, որոնք պարտադիր են իշխանության գալու համար: Առաջին չափանիշն անցած ուղին է, գրանցած նախկին արդյունքները՝ թե՛ բարոյական և թե՛ գործնական: Առանց արժանի «background»-ի ոչ մեկի չպետք է թույլ տալ մոտենալ իշխանությանը: Այն, որ ասում են երիտասարդ է կամ տարեց՝ կառավարման մեջ մարդուն չեն գնահատում տարիքով, այլ գնահատում են գրանցած արդյունքներով և անցած ճանապարհով: Երբեմն հիվանդագին արձագանք է հնչում տարիքով մեծ գործիչների նկատմամբ: Բայց այդ բոցաշունչ ելույթ ունեցողների մտքով անգամ չի անցնի, ասենք, ԱՄՆ կառավարչական վերնախավն անվանել ծերակույտ։ Հիշենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որը 79 տարեկան է կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն ի դեպ, Վազգեն Մանուկյանի տարիքին է:

Այնպես որ, իրական փոփոխությունների հասնելու համար պետք է նախ ունենալ արժանիների հասարակություն, իսկ մենք անարժանների հասարակություն ենք...






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.11.2019 bar.msropyan chat jicht a jer asajner hayastani pnaqjutyan mej mas anarGanneri yn vor tuyl dvin pogojayin lkdi u laqod zanbinerun ichanutyun zaften
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: