Հայերեն   English   Русский  

«Աշխարհաքաղաքական գործընթացներին պետք է արձագանքենք միասնական». Վահե Էնֆիաջյան


  
դիտումներ: 105

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 19-ին կայացել է «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» թեմայով միջազգային խորհրդաժողովը:

Աշխատանքային քննարկումները միտված են եղել միջկուսակցական եւ միջխորհրդարանական փոխգործակցության ամրապանդմանը:Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:«Տիկնայք եւ պարոնայք, «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում եւ դաշինքներում` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» միջազգային խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի Սերգեյ Իվանովիչ, շնորհակալություն եմ հայտնում միջազգային խորհրդաժողովին հրավիրելու համար: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի բոլոր ներկաներին:

Հարգելի գործընկերներ, մեր միջեւ սերտ դաշնակցային, միջկուսակցական եւ միջխորհրդարանական հարաբերություններ են, որոնք բնութագրվում են փոխադարձ այցելությունների եւ հանդիպումների մեծ ինտենսիվությամբ՝ ամենաբարձր մակարդակներում:

Երկու բարեկամ երկրների միջեւ կնքվել են ավելի քան 250 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր եւ համաձայնագրեր՝ ներառյալ Բարեկամության պայմանագիրը:

Սիրելի ընկերներ, այս տարի լրացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագործակցության հուշագրի ստորագրման 10 տարին: Մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ ժամանակն է ամրապնդել մեր բարեկամական հարաբերությունները, եւ որ մենք պատրաստ ենք շարունակել մեր նախագծերը, ծրագրերը եւ աջակցությունը, քանի որ նման հարաբերությունները նպաստում են մեր երկրների բարգավաճմանը:

Մեր համագործակցությունն առաջնային է եւ ռազմավարական մոտեցում ունի: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին՝ պարոն Նեւերովի գլխավորությամբ պաշտոնական այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծելու աշխատանքային խումբ, որը կզբաղվի միջխմբակային եւ միջկուսակցական կապերի, երիտասարդական ծրագրերի, ինչպես նաեւ միջազգային վայրերում գործընկերության խնդիրների լուծմամբ:Աշխարհը զարգանում է, եւ այն խնդիրները, որոնց առջեւ մենք կանգնած ենք, նույնպես զարգանում են: Եվ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն միասնական եւ գրագետ աշխատանքի շնորհիվ: Աշխարհաքաղաքական զարգացումները մեզ ասում են, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի փոփոխության:

Վերոնշյալը նաեւ բարձրաձայնել եմ սեպտեմբերի 27-28-ը Կալինինգրադում տեղի ունեցած՝ «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ամրապնդման հեռանկարները եւ հնարավորությունները» միջազգային գիտաժողովի իմ զեկույցում:

Հիշեցնեմ, որ գիտաժողովին մասնակցում էին անվտանգության փորձագետներ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միջազգային անվտանգության համագործակցության կառույցներ, ավելի քան 30 եվրոպական պետություններ: Երկօրյա ակտիվ քննարկումներ տեղի ունեցան տարբեր երկրների քաղաքական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այնուհետև իմ և գործընկերներիս գաղափարները տեղ գտան՝ «21-րդ դարի Եվրոպայում անվտանգությունն ու համագործակցությունը» փաստաթղթերի հոդվածների ժողովածուի մեջ: Պարոն Կլիմովը կհաստատի, որ այսպիսի միջոցառումը թույլ է տալիս իրավիճակը դիտարկել այլ տեսանկյունից եւ գտնել նոր առաջարկներ եւ տեսլականներ:

Հարգելի գործընկերներ, մենք մշտապես կարևորում ենք մեր համագործակցությունը, որը զարգանում է ամենաբարձր մակարդակով՝ մեր կուսակցության նախագահի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, փոխնախագահների, երկու հանձնաժողովների նախագահների և երկու կողմերի կուսակցական կառույցների ղեկավարների:Վստահ եմ, որ պետք է ամրապնդենք երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը՝ դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվ խորացման, կայուն խաղաղության, երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով, ինչպես Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հարգելի գործընկերներ, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի եւ վստահության համար.այս խորհրդաժողովը լավագույն հարթակներից մեկն է միջխմբակցային եւ միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման համար:

Խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանքային քննարկումներ»:

Ելույթի հղումը՝https://www.youtube.com/watch?v=8uqdiAMl70o





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: