Հայերեն   English   Русский  

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին. հիմա էլ ոչ մի կապ չունեմ նրա հետ. Փաշինյան


  
դիտումներ: 173

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Մոսկովսկի կոմսոմոլեց թերթի լրագրող Մարինա Պերևոզկինան հարցրել է.

-Պարոն վարչապետ, մամուլում հաճախ կարելի է տեսնել տեղեկություն այն մասին, որ Դուք բավականաչափ մոտ եք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ, կարծես, գենետիկորեն բխում եք նրա շրջապատից, մոտ եք նրա հայացքներին, իսկ ոմանք Ձեզ անվանում են Տեր-Պետրոսյանի նոր վերամարմնավորում (ռեինկարնացիա) հայկական քաղաքականության մեջ: Կարո՞ղ եք մեզ պատմել առաջին նախագահի հետ Ձեր իրական հարաբերությունների մասին: Դուք բարեկամական հարաբերություններ ունե՞ք: Ինչպիսի՞ն են այժմ ձեր փոխհարաբերությունները: Շարունակո՞ւմ եք կապ պահպանել միմյանց հետ: Արդյո՞ք նա որևէ դեր խաղացել է Ձեր քաղաքական ձևավորման գործում: Ի՞նչ ազդեցություն է նա ունեցել: Շնորհակալություն։

– Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը: Ես ընդհանուր առմամբ հասարակական քաղաքական գործիչ եմ, և չափահաս տարիքից, փաստացի՝ 16 տարեկանից, ես ապրում եմ հասարակական կյանքով, որովհետև սկզբում ես աշխատել եմ որպես լրագրող, և 1991 թվականից ի վեր Դուք կարող եք հետևել այն ամենին, ինչ ես արել եմ, փաստացի, ամեն օրվա քայլերին կարող եք ծանոթանալ: Այսինքն՝ ես ի նկատի ունեմ, որ անհնար է, որպեսզի ես ունենայի որևէ ստվերային կապեր, որոնց մասին մեր հասարակությունը տեղեկացված չլիներ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, և դա հրապարակավ արձանագրվեց: Ոչ թե օրը եկավ, և մենք ասացինք, որ վերջ, մեր քաղաքական հարաբերություններն ավարտվում են: Դա բավականին երկար և հրապարակային գործընթաց էր: Ես գրել եմ մի շարք հոդվածներ 2011-ի վերջին, և դրանից հետո՝ 2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը: Դրանից հետո ես սկսեցի իմ քաղաքական նախաձեռնությունը, և փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ: Իմ՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, պարոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հանդիպել ինձ հետ: Նա ասաց, որ շատ կարևոր տեղեկություններ ունի: Մենք հանդիպեցինք կառավարական տանը և խոսեցինք: Եվ սա մեր միակ հանդիպումն էր 2012 թվականից ի վեր: Ի դեպ, ես իմ քաղաքական գործունեությունը սկսեցի 2006 թ.-ին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն 2008 թ.-ին: Այո՛, սա հայտնի փաստ է: 2007 թ-ին, երբ նա սկսեց քայլեր ձեռնարկել քաղաքականություն վերադառնալու համար, նա նախագահի թեկնածու էր, ես նրա նախընտրական արշավի անդամ էի, ինչպես և Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասը: Դրանից առաջ և դրանից հետո ամեն ինչ եղել է հրապարակային: Այսինքն՝ 2012 թվականից հետո ես պարոն Տեր-Պետրոսյանի հետ չունեի և չունեմ որևէ քաղաքական կապ:

– Իսկ ի՞նչ տեղեկություններ նա փոխանցեց Ձեզ այն ժամանակ, երբ հանդիպեցիք:

– Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ես արդեն այն ժամանակ ասացի (չեմ հիշում, երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցե՝ հունիսի վերջին, ես ճշգրիտ չեմ հիշում), բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որոնք պարոն Տեր-Պետրոսյանը ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի, և այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց: Այսինքն՝ ես այդ ժամանակ արդեն վարչապետ էի, և տրամաբանական է, որ իմ առաջին քայլերից մեկն այն էր, որ խնդրեցի տրամադրել ինձ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Այսինքն՝ ես արդեն ծանոթ էի այս տեղեկատվությանը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.11.2019 sdahos nikol yte nuyn isk voyeve qab junis L.D.B. hed voj mi pan ji pohvir vorovhdev tuk miyasin hay azkin tavajanner yk yv mi or bidi stanak jer badiG
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: