Ես էրեխեքիս հետ կնստիմ պոեզի գծերին ու թող ռուսը գա անցնի. Գյումրու դեպոյում 44 աշխատակից ուղարկվել է հանգստի
դիտումներ: 287
- Նրանք ոչ միայն կաշխատին մեր փոխարեն, այլև վնասելով կվարեն էն տեխնիկան, որով մենք հետո պիտի նորից փող աշխատինք, - ասում են դեպոյի գյումրեցի աշխատակիցները:
Ըստ դեպոյի աշխատակիցների, իրենք նախապես ոչ մի զգուշացում կամ ծանուցում չեն ստացել: Իմացել են, որ երեկ առավոտյան ռուս մեքենավարներ են բերել, որոնք երեկոյան արդեն չվերթի են դուրս եկել:
- Բայց իրենք պետք է մեկ-երկու ամիս փորձաշրջան անցնեին, ծանոթանային մեր տարածքին, դրանից հետո նոր իրավունք ունենային գնացքը քշելու: Արդեն իսկ սխալ քշելու արդյունքում երկու հատ տեխնիկա է վառվել:
- Սրանով մեզ պատասխան են տալիս, որ իրենցից դժգոհել ենք, - ասում են մեքենավարները:
Մեքենավարները նաև բարձրաձայնում են՝ ռուս մեքենավարների համար Երևանում հյուրանոցային համարներ են վարձակալած, և յուրաքանչյուր չվերթից հանգստի են գնում պատվիրված մեքենաներով, մինչդեռ հայ մեքենավարները հանգստանում են հենց դեպոյում՝ ուր սպասելու է գնացքը:
- Ես առավոտը գործի եմ եկել՝ պարզվել է, ինձ հանգիստ են գրել, ռուսը գնացել է գնացքով:
Սա դեռ ամենը չէ, ռուս մեքենավարների մի նոր խումբ էլ է միանալու արդեն Հայաստանում գտնվող իրենց 10 կոլեգաներին, և գյումրեցի մեքենավարները մտավախություն ունեն, որ իրենք՝ 44 մարդ, դառնալու են գործազուրկ: Ասում են՝ ղեկավարներն իրենց այս քայլին որպես պատճառ նշել են՝ իրենք էլ են աշխատելու: Բայց հայ աշխատակիցները հերթով հանգստի են ուղարկվում:
Նրանք ասում են՝ եթե երկաթուղու ղեկավարությունը որոշի աշխատանքից հեռացնել իրենց, ապա կդիմեն ծայրահեղ քայլերի.
- Ես իմ էրեխեքի հետ գուկամ, կնստիմ էս գծերի վրա ու թող որևէ ռուս ռիսկ էնե պոեզ քշե: Ես դիմել եմ ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգություն. մեր պետության դեմ էս պահին հանցագործություն կենեն: