Հայերեն   English   Русский  

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարն այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն


  
դիտումներ: 1014

Կունիո Միկուրիա.«Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն այստեղ գտնվող քաղաքացիների համար»

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան նոյեմբերի 19-ին այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, ծանոթացել ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթնիրականացնողկառույցի աշխատանքին, որտեղ մեկ օր առաջ սկսվել է ավտոմեքենաների մաքսազերծումը: ՊԵԿ պաշտոնյաները Կունիո Միկուրիային տեղեկացրել են, որ ողջ ծավալով շահագործվելու պարագայում կառույցն օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա:

Առաջիկայում այստեղ կմաքսազերծվեն նաև բեռնարկղերովմեքենաները: Մաքսային հսկողության և ձևակերպման գործառույթներ իրականացնող բաժիններից բացի տեղակայված են բանկեր, իսկ հետագայում միևնույն վայրում կգործեն նաև ներմուծվող ավտոմեքենաների պետական հաշվառման գործառնություններն իրականացնող ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները:

ՀՄԿ գլխավոր քարտուղարն ուրախությամբ է նկատել, որ ընդամենը մեկ օր առաջ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների նոր սրահի գործարկումից հետո բավականին շատ քաղաքացի է սպասարկվել. «Նշանակում է` տարածքի անհրաժեշտությունը կար, և ՊԵԿ-ը կարողացել է արձագանքել այդ պահանջարկին: Այն, որ մեկ օրում` ընդամենը րոպեների ընթացքում են կատարվում գործընթացները, ցույց է տալիս ծառայությունների մատուցման բարձր մշակույթը, որին հասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»:

Կունիո Միկուրիայի դիտարկմամբ` Հայաստանը ՏՏ ուղղվածությամբ երկիր է, իսկ ՊԵԿ-ն իր հերթին շարունակաբար բարելավում է մաքսային ոլորտում կիրառվող թվային տեխնոլոգիաները` փորձելով համընթաց շարժվել համաշխարհային միտումներին. «Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացումը պահանջում է թվայնացման մեծ քայլեր, ուստի վստահ եմ, որ Հայաստանի մաքսային ծառայության համար դա առաջ մղող գործոն կլինի թվայնացման տեմպերի արագացման գործում: Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն այստեղ գտնվող քաղաքացիների համար»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական կառուցումից հետո Հայաստանն ունենալու է նոր որակով մաքսային ծառայություն. «Մաքսային ծառայության կարևորագույն գործառույթներից է լինելու հաճախորդների արագ, սահուն և պատշաճ սպասարկումը: Կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսազերծման հետ կապված բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները»:

ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ամբողջական ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն, որտեղ մատուցվելու են առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ, իսկ մաքսային գործառնությունները կատարվելու են ավելի դյուրինև արդյունավետ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: