Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանն այցելել է Կատարում Հայաստանի նորաբաց դեսպանատուն


  
դիտումներ: 99

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ, Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 18-ին Դոհայում այցելեց Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի աջակցությամբ։

Նախագահ Սարգսյանին դիմավորեցին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Թինքճյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական «Մեսրոպյան» վարժարանի սաները։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ սա պատմական օր է։

«Երկար տարիներ բոլորս սպասել ենք դեսպանության բացմանը։ Իմ բազմաթիվ այցերի ժամանակ, երբ հանդիպում էի ձեզնից շատերին, խոսվում էր, թե երբ է Հայաստանի Հանրապետությունը վերջապես Կատարում ունենալու իր դեսպանությունը։ Այսօր դա իրականություն է, և կարծում եմ՝ հատկապես ձեր՝ Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի, քանի որ դուք ավելի սերտ ու անմիջական կապված կլինեք հայրենիքի հետ, հայրենիքի ներկայությունը կլինի ոչ միայն ձեր սրտերում, այլև ձեր ամենօրյա կյանքում։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Կատարը շատ անելիքներ ունեն թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում, թե՛ գործարար հարաբերություններում և մշակութային կյանքում։ Դեսպանատունը պետք է այն կամուրջը լինի, որ ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև Հայաստան-Կատար հարաբերությունները սերտացնի։ Այսինքն, ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում եմ, որ ակտիվորեն ներգրավվեք և մասնակից լինեք Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացմանը»,- ողջույնի խոսքում ասաց նախագահ Սարգսյանը։

Արմեն Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին դեսպանատան բացմանն աջակցելու համար։

«Դեսպանատան բացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարի կամքն ու հսկայական, նաև՝ նյութական աջակցությունը։ Իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում թե՛ Կատարի ժողովրդին, թե՛ կառավարությանը, թե՛ էմիրին։ Սա բարեկամության առանձնահատուկ քայլ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի այն, պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն։ Այնպես որ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, բարի գալուստ ձեր տուն»,- ասաց նա։

Երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընդգծելով, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը՝ նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Կատարը ևս կբացի իր դեսպանությունը Հայաստանում։ «Այդպիսով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կխորանան, կամրապնդվեն, կընդարձակվեն, և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալ մեր համագործակցության բոլոր ոլորտներում՝ գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, շինարարության, գործարար կյանքի, ինչպես նաև քաղաքականության»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ներկայում աշխարհում տեղի ունեցող ցանկացած մեծ փոփոխություն բոլորի համար առաջացնում է խնդիրներ, բայց յուրաքանչյուր դժվարություն նաև հնարավորություն է այն ժողովուրդների համար, որոնք ունեն կենտրոնանալու, համախմբվելու ունակություն և առաջ շարժվելու հստակ ծրագիր։ «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի։ Աշխարհագրական տեղը, հայրենիքից հեռու լինելը չի նշանակում, որ մենք բոլորս չենք պատկանում նաև այդ հայրենիքին։ Իհարկե, դուք ապրում եք այս երկրում, ու շատ էական է, որ դուք այս երկրի լավ քաղաքացի լինեք, բայց, միևնույն ժամանակ, չմոռանաք ձեր ինքնությունը, թե ով եք, որտեղից եկել և ուր եք ուզում գնալ, ուր եք ուզում տանել ձեր երեխաներին։ Ես ակնկալում եմ, որ մենք բոլորս միասին մեր ներուժը, եռանդը, փորձառությունը, գիտելիքները համախմբված ներդնենք մեր երկրի հաջողության համար՝ միաժամանակ երբեք չմոռանալով մեր ինքնությունը։ Շատ էական է, որ ցանկացած նոր ծնված հայ երեխա կրի ոչ միայն իր մայրենի լեզուն, այլև մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը։ Ճանապարհը, թե ուր ենք գնում մենք, անցնելու ենք միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ հաջողության և հաղթանակի ուրիշ ուղի չկա»,- ասաց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: