Հայերեն   English   Русский  

ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն երիտասարդական միջազգային մրցույթում


  
դիտումներ: 90

ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի համատեղ ներկայացրած «Որտեղ խոսում է փողը, այնտեղ լռում է խիղճը» աշխատանքը, որը երկրորդ տեղը կիսել է Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների հեղինակած հոլովակների հետ: Այս անվանակարգում լավագույնն է ճանաչվել Բելառուսի ներկայացուցչի աշխատանքը:

Իսկ «Լավագույն պաստառ» անվանակարգում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանի «Վերջ կոռուպցիային» աշխատանքը, որն ընդամենը մեկ միավորով է զիջել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հեղինակած պաստառին:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի սկզբին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացված աշխատանքները նման արդյունքներ են ապահովել միջազգային սույն մրցույթին մասնակցած 10 երկրներից ներկայացված ընդհանուր առմամբ ավելի քան 20 000 տեսահոլովակների և պաստառների պայմաններում: Ինչպես արդեն տեղեկացվել է 2019թ. «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում ներգրավված են եղել ոչ միայն ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, այլ նաև BRICS-ի անդամ երկրները՝ Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Բրազիլիան:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է գալիս որպես նշված մրցույթի համակազմակերպիչ:

Մրցույթի շրջանակներում 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիները, երիտասարդական ստեղծագործական խմբերը պետք է պատրաստեին և ներկայացնեին սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ՝ դրանցում յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլելով իրենց պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի և դրա դեմ պայքարի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների, բացասական հետևանքների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: