Հայերեն   English   Русский  

Լիբանանում ցուցարարները պաշարել են խորհրդարանի մուտքերը


  
դիտումներ: 106

Բեյրութում հարյուրավոր ցուցարարներ են պաշարել խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ:

Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին և բաց են թողնում միայն ռազմական ու շտապ օգնության մեքենաները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին», վերջիններիս թույլ են տալիս անցնել, երբ համոզվում են, որ հատուկ տրանսպորտում պատգամավորներ չկան:

Պատգամավոր Ալի Ամարը հասել է բարիկադներին: LBC հեռուստաընկերության թղթակցին նա ասել է, որ քաղաքացիները հանրահավաք անելու և իրենց իրավունքները պաշտպանելու իրավունք ունեն: Այսուհանդերձ նա շարունակել է գնալ դեպի խորհրդարան՝ փորձելով ճեղքել բարիկադները:

Ակտիվիստները քարկոծել են մի խումբ պատգամավորների, որոնք փորձել են անցնել բարիկադների միջով: Իրավապահները օդ են կրակել:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատգամավորների մի մասը կարողացել Է աշխատատեղ հասնել: Որոշ խորհրդարանականներ էլ հրաժարվել են մասնակցելուց այսօրվա նիստին՝ պաշտպանելով քաղաքացիներին:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, նախատեսված Է խորհրդարանի նիստ, որում պետք Է ընդունվեն մի շարք օրենքներ, ներառյալ՝ ընդհանուր համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները:

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ համաներման տակ կարող են հայտնվել կոռուպցիոն սխեմաներին խառնված պաշտոնյաները և այդ կերպ խուսափել պատասխանատվությունից: Մի խումբ փորձագետների կարծիքով՝ մտահոգություն կա, որ համաներմամբ կարող են ազատ արձակվել ահաբեկչական խմբավորումների հետ կապված արմատականներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: