Հայերեն   English   Русский  

​«Ամբերդն այնտեղ է քանդվում, իսկ մենք կողքից նայում ենք, թե Դաշտադեմը երբ է քանդվելու». Վահրամ Թոքմաջյան


Վահրամ Թոքմաջյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1557

Պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Դաշտադեմի կամ Քաղենի ամրոցին:

Ամրոցի և գյուղի անունը, որտեղ այն գտնվում է, նշանակում է «դաշտի դիմաց»: Հայտնաբերելու ճշգրիտ ժամանակը երբ հայտնի չէ: Ենթադրվում է, որ ամրոցի կառուցումն իրականացվել է 7-10-րդ դարերում: Դաշտադեմ ամրոցը գործում էր մինչև 16-րդ դարը, չնայած այն հանգամանքին, որ այն բազմիցս ենթարկվել է ծանր ոչնչացման: Հնագիտական պեղումներ այստեղ տարբեր տարիներին են իրականացվել: Արդյունքում պարզվեց, որ Դաշտադեմի հիմքը փորագրված է ժայռի մեջ: Բացի այդ, այնտեղ հայտնաբերվել են ստորգետնյա անցում, հսկայական հարթակ և ջրամբար: Բացի այդ, իրերի մեջ կային խաչքարեր, կավից, բրոնզից և ապակուց պատրաստված տարբեր իրեր:

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում ցավով նշում է, որ Ամբերդն այնտեղ է քանդվում, իսկ մենք կողքից նայում ենք, թե Դաշտադեմը երբ է քանդվելու.

«Երեկ նորից առիթ եղավ Դաշտադեմի կամ Քաղենի ամրոց այցելելու: Ութ տարի շարունակ, տարբեր խմբերի, տարբեր մարդկանց հետ լինում եմ այս բերդում: Սա մեր պահպանված բացառիկ բերդերից է:

Ցավոք, մենք պահպանված բերդեր շատ չունենք, առավել ևս՝ այս որակի: Ամբերդն այնտեղ է քանդվում, իսկ մենք կողքից նայում ենք, թե Դաշտադեմը երբ է քանդվելու: Ութ տարի շարունակ այս բերդում նույն վիճակն է: Զրո փոփոխություն: Թալինից մի քանի կմ է հեռու: Թալինում, ինչպես Հայաստանի փոքր քաղաքներից շատերում, տնտեսություն գրեթե գոյություն չունի: Զբաղվածության լուրջ խնդիր կա: Ու ահա, կա էս հրաշքը՝ միջնաբերդ-դղյակով, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատով, ամրոցապարիսպով, եկեղեցով, գաղտնուղիներով, ջրավազաններով և այլ կառույցներով: Թվում էր, թե էլ ի՞նչ պետք երջանիկ լինելու համար: Բայց չէ:

Ուզածդ եվրոպական երկրում, նման բերդը քո վրա կծախեին շատ թանկով: Դու էլ հիացած մի քանի նկար կանեիր, որպեսզի ընկերներդ նախանձեին աչքերիդ տեսածին: Տո ինչու՞ եվրոպական երկրում: Հարևան Վրաստանը քեզ օրինակ: Ուրեմն էս գյոզալ գանձը թողել ենք էս վիճակում ու չենք օգտագործում բոլոր հնարավորությունները:

Իհարկե, հիմա կսկսեն, թե էս ինչ թվին, էս ինչ հատկացումն է եղել և այլն: Բայց բերդն այլ բան է ապացուցում:

Ընդամնենը մի քանի միլիոնի ծախս է: Ծախսն անում ես ու տարածաշրջանի բնակիչներն սկսում են վայելել: Հոսթելներ, սպասարկման օբյեկտներ, տարածքում այլ արշավներ, հազար ու մի բան:

Բերդը ժամ առաջ խնամել, ռեստավրացնել է պետք: Կողքից կարելի է ավելացնել տարբեր փուլերի կենցաղը՝ իր ձիանոցներով, լողավազաններով, մի քանի թնդանոթներով, հին հրացաններով: Հազար ու մի բան: Դե հիմա պատկերացրեք: Բերդի դարպասից մտնում ես ներս ու ընկնում միջնադար, կամ՝ 19-րդ դար: Ամեն պայման կա դրա համար: Մտնողն էլ կուզի՞ դուրս գալ: Ավելին, կբերի՞ իր հետ նոր մարդկանց, նոր խմբերի: Իհարկե կբերի:

Չէ, դուք շարունակեք տուրիստին քյաբաբ կերցնել ու 3 օրում 54 հատ եկեղեցի ցույց տալ:

Պատմական ակնարկ Դաշտադեմի ամրոցի մասին

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է, իր պաշտպանական բոլոր կառույցներով։

Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն։ Թ. Թորամանյանը, ուսումնասիրելով բերդը, հաստատապես եզրակացրել է, որ այն կառուցվել է ուրարտական բերդի պարիսպների վրա։ Հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։

Բագրատունիների օրոք՝ 9-10-րդ դարերում բերդապարիսպը նորից վերակառուցվել է՝ ներառյալ միջնաբերդի դղյակն ու տաճարը։ Սելջուկների կողմից 1064թ. Անի քաղաքը գրավելուց հետո ամրոցը նույնպես անցնում է նրանց տիրապետության տակ: Սելջուկներից հետագայում այն անցնում է Շադադյան տոհմին և այդ տոհմի ներկայացուցիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին: Վերջինս 1174թ. նորոգում և վերակառուցում է ամրոցը, սրբատաշ քարերից և կրաշաղախից ուղղանկյուն հին աշտարակին կցելով կիսաշրջանաձև, բազմանկյուն հատակագծով բուրգեր։ Այդ մասին է վկայում հարավային բուրգի վրա թողնված արաբերեն արձանագրությունը: Ամրոցը հետագայում ազատագրվում է Զաքարյան իշխանների կողմից: Նրանց է վերագրվում միջնաբերդի շուրջ կառուցված կիսաշրջանաձև աշտարակներով առաջին պարսպապատի կառուցումը: Ինչպես երևում է, հետագա ժամանակներում այն անցել է Զաքարյանների մեծ տոհմի շառավիղներից մեկին՝ Աղպաղային:

Դղյակի մուտքի դռան վրա եղել է նվիրատվության վերաբերյալ մի ընդարձակ արձանագրություն՝ 1307թ.։ Պարիսպի հյուսիսային աշտարակի վրա եղել է քարտաշ վարպետի մի փոքր արձանագրություն. «Քարգործ Հովհաննեսին հիշեցեք ի Քրիստոս»։ Այն գլխիվայր գրված տառերով կրկնված է քիչ հեռու։ Միջնաբերդի հիմքերը դրված են կոպտատաշ և խոշոր քարասալերի վրա։ Ամրոցի շրջագծից դուրս՝ նրա արևմտյան կողմում, բլրի լանջերին կիկլոպյան տիպի շարվածքով պարիսպների հետքեր են նկատվում։

Միջնաբերդից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերևի հարկերի առանձին պատեր։ Ամրոցի հնագույն շինությունը դահլիճն է, որն ունի քառակուսի ձև։ Քառանկյուն աշտարակին հետագայում կցվել են կիսաշրջանաձև բուրգեր, որոնք կառուցվել են 12-րդ դարում։

Ամրոց – համալիրում առկա կառույցները

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են): Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: