Հայերեն   English   Русский  

Իրանի եւ Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթերը համագործակցության լավ հնարավորություն են. Տիգրան Ավինյան


  
դիտումներ: 82

Իրանի և Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթերը համագործակցելու լավ հնարավորություններ են ընձեռում տարածաշրջանային մակարդակով։ Այս մասին «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում նոյեմբերի 18-ին ասաց Հայաստանի կառավարության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ մաքսային բարեփոխումների հետ կապված ծրագրերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում առեւտրի եւ տվյալների շտեմարանների թվայնացման բարեփոխումները, քանի որ այդ ուղղությունը կարող է էական ազդեցություն ունենալ սահմանամերձ առեւտրի համակարգում արդյունավետության բարձրացման եւ ռիսկերի կառավարման առումով։

Փոխվարչապետն ընդգծել է համագործակցությունում տարածաշրջանային երկրների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներգրավման կարեւորությունը։ Ավինյանը նաեւ նշել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի կողմից «միասնական պատուհանի» ներդրման կարեւորությունը, ինչպես նաեւ անթուղթ սահմանամերձ առեւտրի համակարգի ներդրման հետագա պլանների մասին, այդ թվում նաեւ արհեստական բանականության հնարավորությունների օգտագործման միջոցով։

Նշենք, որ նոյեմբերի 18-19-ը Երևանում տեղի է ունենում «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը, որի շրջանակում Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների և ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ, ինչպես նաև հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի մասին։ Բացի այդ, Հայաստանի Պետեկամուտների և Իրանի Մաքսային ծառայության միջև ստորագրվել է փաստաթուղթ «Նախնական էլեկտրոնային տեղեկատվության համակարգի» տեխնիկական պահանջների մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: