Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 810

Անցնող շաբաթը բավական հագեցած էր թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության տեսանկյունից:

Լավրովը Հայաստանում, Փաշինյանը՝ Փարիզում

Շաբաթը սկսվեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցով, որը առաջինն էր 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ուստի այն թե՛ լրատվամիջոցների, թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակների ուշադրության կիզակետում էր:

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել արդեն կիրակի՝ նոյեմբերի 10-ին և երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը։ Մինչ այցն էլ հարցազրույց էր տվել հայաստանյան «Մեդիամաքս» կայքին՝ պատասխանելով հայ հանրությանը հետաքրքրող հարցերին:

Երկուշաբթի Լավրովը հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, վերջինիս հետ հանդես եկավ համատեղ ասուլիսով և հանդիպեց Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների հետ:

Ի՞նչ մնաց Լավրովի հետ քննարկումներից, որոնք հայկական կողմը գոհունակությամբ բովանդակալից և արդյունավետ գնահատեց:

Նախ՝ նա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը բնորոշեց որպես «կառուցողական և վստահելի», իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ «հավասարակշռված և պատասխանատու»: Սա փաստորեն մեկ ամսվա ընթացքում ռուսական կողմի տրամադրությունների կտրուկ փոփոխություն էր, որի շարժառիթները և հեռահար նպատակները կերևան մոտ ապագայում: Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ շեշտեց, որ անհրաժեշտ են քայլեր, որոնք «ուղղված կլինեն հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը՝ հիմքում ունենալով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները»: Երկրորդ՝ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ ձևակերպել»: Երրորդ՝ վերջնական պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, «դժվար է վիճել այս մոտեցման հետ»: Չորրորդ՝ արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների վաղ փուլում և հետագա բանակցություններում, երբ դադարեցվել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը եղել է պայմանավորվածությունների և համապատասխան բանակցությունների մասնակից և դուրս է մնացել հայկական կողմի նախաձեռնությամբ. «Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը»: Միտումնավոր թե ոչ, նա չճշտեց՝ ո՛ր փուլում և ո՛ր նախագահը՝ նյութ թողնելով հետագա բանավեճերի համար: Ամփոփելով քննարկումների վերջնական արդյունքները՝ Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Տարածքային ամբողջականպւթյան, ինքնորոշման և վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բոլոր փաստաթղթերում, որոնք կողմերը քննարկում են: Եվ վերջնական լուծման մեջ պետք է հաշվի առնել այդ բոլոր սկզբունքները: Սրա հետ չեն վիճում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն: <…> Դիվանագիտական արվեստը փոխզիջումների գնալու պատրաստակամությունն է»:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի շահագրգռությունը:

Լավրովի այցի արդյունքում արձանագրվեց նաև, որ առաջընթաց կա կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ. համագործակցության հուշագրի շուրջ բանակցությունները ավարտված են, այն գտնվում է երկրների միջգերատեսչական համաձայնեցման փուլում, որով կապահովվի ռուս մասնագետների, այդ թվում զինվորականների մուտքը Պենտագոնի ֆինանսավորմամբ բացված կենսաբանական լաբորատորիաներ: «Բնականաբար մենք շահագրգռված ենք, որ այդ ոլորտում մենք մեր դաշնակից Հայաստանի, ինչպես նաև այլ գործընկերների հետ ունենանք լիարժեք և փոխադարձ թափանցիկություն»,- ասել է Լավրովը:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, ապրանքաշրջանառությունը մինչև ռեկորդային 2 մլրդ դոլար հասցնելու հարցը: Բացի այդ, շոշափել են Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում արտաքին քաղաքական գործակցության հարցեր, ինչպես նաև հստակեցրել են դիրքորոշումներն այնպիսի թեմաներով, որոնք քննարկվում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում:

Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տիկնոջ հետ Փարիզում էր, ժամանել էր մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Ընդհանուր խորհրդաժողովին։

Նա մասնակցեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարներին տրվող պաշտոնական ընդունելությանը, հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի, Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ, գրքեր նվիրեց Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին, մասնակցեց Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Ընդհանուր խորհրդաժողովի աշխատանքներին և Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցեց վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը՝ ելույթ ունենալով այնտեղ:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես լսարանին ներկայացրեց ղարաբաղյան խնդրի առաջացման պատմությունը՝ սրբագրելով նախկինում իր թույլ տված որոշ սխալներ, ևս մեկ անգամ շեշտեց՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար։ Իսկ պատասխանելով Վարդենիսում ծնված ադրբեջանցի բլոգերի հարցին՝ մասնավորապես ասել է. «Ես ակնկալում եմ գտնել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես սա հայտարարել եմ Ստեփանակերտում, և մեկ տարի է՝ սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունից։ Անձնապես խնդրել եմ պարոն Ալիևին բեկում մտցնել այս գործընթացում։ Բայց դժբախտաբար նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սևանա լիճը կամ մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածքներ են։ Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել։ Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրն ու Երևանը: Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»:

Որոշ լրատվամիջոցներում արձանագրվեց, սակայն, որ վարչապետի ելույթի սղագրության պաշտոնական հրապարակման մեջ թույլ են տրվել որոշ բովանդակային խմբագրումներ:

Դասադուլ և կրթության նախարարի հրաժարականի պահանջ

Ամբողջ շաբաթի ընթացքում շարունակվեցին ուսանողների անժամկետ դասադուլը և երթերը Երևանի փողոցներով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ուսանողները դեմ են բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը հայեցողական դարձնելու օրինագծին: Եվ նրանց շարքերն օրեցօր ստվարանում էին, նրանց միանում էին քաղաքական և մշակութային գործիչներ, դասախոսներ: Այս շաբաթ սկսեցին խոսել նաև վարչապետի հրաժարականի մասին: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, օրինակ, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է, ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա»:

Երիտասարդ հանրապետականների մի խումբ էլ ցույց էր անում արտգործնախարարության շենքի դիմաց՝ պահանջելով Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը։ Նրանք իրենց հետ դատարկ ճամպրուկ էին բերել և դրա մեջ մի նամակ թողել, որում հիմնավորել էին իրենց պահանջը, այն է՝ Մնացականյանի ղեկավարման ընթացքում օրհասական վիճակի են հասել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգային հարցերը:

Չորեքշաբթի Երևանի պետական համալսարանի դասախոսները մամուլի ասուլիսում հայտարարեցին մեկօրյա նախազգուշական գործադուլ անելու մասին ի նշան ուսանողների հետ համերաշխության, իսկ գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, անդրադառնալով հայտնի օրինագծին, որը վերաբերում է նաև առկա ակադեմիական մոդելին, ասաց, որ ոլորտում խնդիրներ շատ կան, սակայն «չոր ճյուղերը կտրելու փոխարեն ծառը կտրելու փորձ է արվում»:

Հինգշաբթի կրթության նախարարի հրաժարականի պահանջով կառավարության բակում հավաքված երիտասարդները, որ այս անգամ իրենց հետ դատարկ աթոռ էին բերել, տեղեկացրին, որ իրենց են միացել նաև «Ապրիլյան պատերազմի մասնակիցների «Դիրքապահ» ՀԿ-ի անդամները, բացի այդ, կրթության նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրեցին Երևանի պետական համալսարանի բակ՝ պատասխանելու իրենց հարցերին: Ի դեպ, արդեն արագ տարածվել էր այն լուրը, որ Փարիզում գտնվող Արայիկ Հարությունյանին ֆրանսահայ երիտասարդները դիմավորել են ցույցով և հերքել նրա դիտարկումը, թե սփյուռքի դաշնակցականների մոտեցումները տարբերվում են հայաստանցի կուսակիցների դիրքորոշումից։ Նրանք նաև պահանջել էին քրեական մեղադրանքներ հնչեցնելիս փաստեր ներկայացնել:

Իսկ ուրբաթ ՀՅԴ երիտասարդական միությունը դիմեց ԲՀԿ–ին և «Լուսավոր Հայաստանին»՝ իրենց պայքարին միանալու և Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու առաջարկով։

Պայքար քրեական ենթամշակույթի դեմ «գողական» բառապաշարով

Ազգային ժողովում ընթանում էր հերթական քառօրյա նիստը, որի ընթացքում քննարկվում էր նաև ԲՀԿ-ական պատգամավորը Գևորգ Պետրոսյանի օրենսդրական նախաձեռնությունը օրակարգ մտցնելու հարցը: Նա երկու փոփոխություն էր առաջարկել «Ընտանեկան օրենսգրքում»՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և արգելել նրանց երեխա որդեգրելը: Երբ վեճ առաջացավ նրա և Ազգային խողովի խոսնակ Արարատ Միրզոյանի միջև և պատգամավորը, դիմելով Միրզոյանին, հարց տվեց՝ դուք կուզենայի՞ք, օրինակ, որ ձեր ընտանիքում նման երևույթ լինի, Միրզոյանը պատասխանեց. «Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկության վրա»: Եվ Ազգային ժողովի աշխատակցին հանձնարարեց գտնել այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորին ձայնից զրկելու հարցը: Ազգային Ժողովը մերժեց օրինագիծն օրակարգ մտցնելը:

Իսկ կառավարության հետ հարց ու պատասխանի օրը վարչապետ Փաշինյանը բոցաշունչ ելույթ ունեցավ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու մասին՝ իր ելույթը համեմելով «լափամանից օգտվողներ», «կպառկըցնենք ասֆալտին», «կծեփենք պատերին» և այլ արտահայտություններով:

Ընդդիմությունը՝ խորհրդարանից դուրս, բայց վերնահարկում

Նշանակալի իրադարձություն էր ուրբաթ Մարզահամերգային համալիրի 7-րդ հարկում կայացած «Վերնատուն» քաղաքական ակումբի առաջին համաժողովը:

Նախ նշենք, որ այդ ակումբի նախաձեռնողը՝ Վազգեն Մանուկյանը, երկու օր առաջ հրաժարվեց Հանրային խորհրդի նախագահությունից և անդամությունից: Նախորդ շաբաթ արդեն գրել էինք նրա դեմ սկսված արշավի մասին: Հանրային խորհրդի անդամներին ուղղված նամակում նա նշել էր, որ նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն երկիրը տանելու զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբելու համազգային խնդիրների շուրջ՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Սակայն գնացին այլ ուղղությամբ՝ ձևավորվելով աննախադեպ պառակտման, անվստահության և ատելության մթնոլորտ: Վազգեն Մանուկյանը գրել էր, որ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ և շարունակելու է պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի:

Եվ այդ շարունակությունը, ահա, դեռ գարնանը ձեռնարկված «Վերնատանն» է, որտեղ հավաքվել են այն կուսակցությունները և անհատները, որոնք անընդունելի են համարում ներկայիս Հայաստանի քաղաքական ընթացքը և համաժողովում հակիրճ թվարկեցին մեր առջև ծառացած մարտահրավերներն ու իրենց մտահոգությունները: Նրանց համախմբվածությունը՝ հանուն ընդհանուր պետական շահերի, հույսեր ներշնչող լուրջ հայտ է հանրության համար, և ինչպես ցույց տվեցին արձագանքները, նաև լուրջ գլխացավանք իշխանությունների և մասնավորապես վարչապետի համար, որը իրեն «ոչ» ասող որևէ կարծիք չի հանդուրժում և անմիջապես գործի է դնում իր ձեռքում հավաքված ուժայինների միջոցով քրեական գործեր սարքելու մեթոդը: Մինչդեռ «Վերնատան» կազմից հստակ երևում է, որ հայաստանյան հայությունը սև-սպիտակ չէ, ինչին փորձում են հասնել իշխանությունները, այլ բազմերանգ, և այս դեպքում այնքան էլ հեշտ չի լինի «նախկիններ» կամ «լափամանից օգտվողներ» պիտակը փակցնել և քրեական հետապնդումներ կազմակերպել: Առճակատումը տեղի է ունենալու գաղափարական գետնի վրա, որտեղ իմքայլական քաղաքական թիմն իրեն, մեղմ ասած, այնքան էլ վստահ չի զգում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: