Հայերեն   English   Русский  

Քաղաքական անկայունություն Վրաստանում. ի՞նչ զարգացումներ են հնարավոր հարևան երկրում


  
դիտումներ: 726

Թե ինչպիսի զարգացումներ են հնարավոր հարևան Վրաստանում, կախված է նրանից, թե ինչ քանակի դժգոհ մարդիկ փողոց դուրս կգան, բողոքի ալիքն ինչ մասշտաբների կհասնի և ինչպիսի վարք կդրսևորեն իշխանությունները, կարծում է վրացագետ Ջոնի Մելիքյանը` մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցող ցույցերը:

Նշենք, որ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին բողոքի ցույցերը հանդարտեցնելու համար դեռ ամռանն էին քաղաքացիներին խոստացել, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, կվերացվի նաև խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 3 տոկոսի շեմը: Օրերս, սակայն, Վրաստանի խորհրդարանում տապալվեց այդ օրինագծի քվեարկությունը. մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում ներկայացված 40 պատգամավորներ իշխանական խմբակցությունից պարզապես չմասնակցեցին քվեարկությանը, արդյունքում 12 քվե պակասեց օրինագիծն ընդունելու համար: Իշխանությունները հայտարարեցին, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառն ընտրակարգով, իսկ փոփոխություններ տեղի կունենան արդեն 2024-ի ընտրությունների համար:

Դրանից հետո նորից բողոքի ալիք է բարձրացել: Դժգոհ են նաև իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Արդեն իսկ մի քանի պատգամավորներ հայտարարել են խմբակցությունից դուրս գալու կամ մանդատը վայր դնելու մասին ի նշան բողոքի: Ցուցարարներն էլ պահանջում են կառավարության հրաժարականը, նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ և անցում ամբողջությամբ համամասնական ընտրակարգին:

«Անկախը» զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ` պարզելու, թե ինչ է կատարվում Հայաստանի հարևան Վրաստանում և ինչպես այդ ամենը կարող է անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա:

Նրա կարծիքով` ներկայիս հիմնական դժգոհության պատճառն այն է, որ Իվանիշվիլին չկարողացավ կամ չցանկացավ կատարել իր խոստումը, մինչդեռ ամռանը բողոքի ալիքը մարեց այն բանից հետո, երբ նա խոստացավ, որ հաջորդ ընտրություններն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով են տեղի ունենալու:

Քաղաքական ուժերը ձգտում են համամասնական ընտրակարգի, քանի որ փորձը ցույց է տալիս` իշխող քաղաքական ուժերը մեծամասնական ընտրակարգի շնորհիվ կարողանում են խորհդարանում բացարձակ մեծամասնություն ապահովել: Օրինակ` 2016-ի ընտրությունների արդյունքում ներկայիս իշխող կուսակցությունը ստացել էր քվեների մոտ 49 տոկոսը, սակայն ստացած 40 մեծամասնական մանդատների շնորհիվ կարողացավ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ:

Ավելին, «Վրացական երազանքը» դեռ 2012-ին ինքն էր քննադատում Սաակաշվիլիին ընդհանուր համամասնական ընտրակարգի չանցնելու համար և խոստանում էր իշխանության գալու դեպքում փոխել ընտրակարգը: Բայց, փաստորեն, 8 տարի անց այդ խոստումը դեռևս կատարված չէ:

Հարցին, թե հնարավոր են արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Մելիքյանը պատասխանում է, որ ներկա դրությամբ դա քիչ հավանական է: Նախ` իշխանությունների մոտ նման ցանկություն չկա: Բացի այդ, նման զարգացում կարող է լինել, եթե իշխանական խմբակցությունում պառակտում տեղի ունենա, պատգամավորների դուրս գալը զանգվածային բնույթ կրի, կառավարությունը հրաժարական տա և արդեն կառավարության նոր կազմը հաստատելու խնդիր առաջանա խորհրդարանում:

Ջոնի Մելիքյան

«Ի վերջո, իշխանություններն իրենց ընդդիմադիր գործընկերներին առաջարկում են պայքարել ընտրությունների միջոցով գալիք տարվա հոկտեմբերին: Իսկ զարգացումները կախված են նրանից, թե իշխանությունները որքանով ադեկվատ վարք կդրսևորեն, տեղի կունենան արդյոք ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք կխթանեն ցուցարարների ակտիվությունը»,- ասում է Մելիքյանը և հավելում, որ ներկա դրությամբ իշխող կուսակցությունում կառուցողական գործընթացներ են ընթանում:

«Իշխող կուսակցությունը ներքին մաքրման գործընթաց է անցնում, և շատ բան կախված է նաև նրանից, թե ինչ զարգացում կունենան կուսակցության այդ ներքին գործընթացները»,- ասում է նա:

Հարցին, թե ինչու տապալվեց օրինագծի քվեարկությունը, Մելիքյանն ասում է, որ հնարավոր է` այդ մարդիկ` մեծամասնականով ընտրված պատգամավորները, որոնք մեծ ռեսուրսների ու հեղինակության տեր մարդիկ են շրջաններում, իրենց չեն տեսնում նոր համակարգում: Նա շեշտում է, որ այդ մարդիկ ի սկզբանե դեմ արտահայտվեցին առաջարկվող փոփոխությանը, ապա լռեցին` իրենց դիրքորոշումն արտահայտելով քվեարկության օրը:

Ցուցարարները մեղադրում են Իվանիշվիլիին, որ նա պարզապես չի ցանկացել, որ օրենքն ընդունվի, այլապես կհամոզեր իր կուսակիցներին: Մելիքյանն ասում է, որ «Վրացական երազանքում» տեղի ունեցածը բացատրում են ներկուսակցական ժողովրդավարությամբ:

«Եթե մեծ ցանկություն ունենար Իվանիշվիլին, գուցե կարողանար համոզել մեծամասնական պատգամավորներին: Կամ, միգուցե այսպիսով փորձել են խուսափել պառակտումից, բայց ի վերջո այդ պառակտումը ստացան: Եվ հիմա այդ հեղինակավոր, ռեսուրս ունեցող մարդիկ դեռևս կուսակցությունում են, իսկ դուրս են գալիս մարդիկ, որոնք համամասնական ցուցակներով են ընտրվել: Ուստի հիմա իրենց խնդիրը առաջնային հենց կուսակցական հարցերը լուծելն է, եթե կարողանան լուծել, միգուցե որոշակի կոնսենսուսի գան և ընդդիմության հետ միասին ինչ-որ առաջարկով հանդես գան»,- ասում է նա:

Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում` հնարավոր է, որ իշխանություններից դժգոհության ֆոնին նախկին իշխանակաները` Սակաշվիլիի թիմակիցները կարողանան նորից իշխանության գալ: Մելիքյանը նման զարգացումը քիչ հավանական է համարում: Ասում է, որ իշխող կուսակցության վարկանիշն ընկել է, բայց Սաակաշվիլիի թիմակիցների վարկանիշն այնքան բարձր չէ, որ կարողանան որևէ լուրջ արդյունքի հասնել:

Նրա կանխատեսմամբ` առաջիկա ընտրություններում երկու սցենար է հնարավոր. կամ «Վրացական երազանքը» մեծամասնություն կունենա, բայց շատ ավելի քիչ մանդատներով, քան ներկայում է, կամ նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի և կձևավորվի կոալիցիոն կառավարություն: Մելիքյանը շեշտում է, որ 3 տոկոսի շեմը չվերացնելը ձեռնտու է ոչ միայն իշխանություններին, այլ նաև ընդդիմությանը, քանի որ անցողիկ շեմի բացակայության պարագայում խորհրդարանը շատ լայն ներկայացվածություն կունենար և շատ բարդ կլիներ կոալիցիոն կառավարություն ձևավորելը, հետևաբար մեծ կլիներ քաղաքական ճգնաժամի վտանգը:

Անդրադառնալով ընթացող զարգացումների ազդեցությանը հայ-վրացական հարաբերություններին` Մելիքյանն ասում է, որ դրանք ներքին հարցեր են և չեն կարող որևէ կերպ անդրադառնալ արտաքին հարաբերությունների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: