Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանն՝ ընդդեմ քաղաքական դալտոնիզմի.7or.am


  
դիտումներ: 639

Անկախ Հայաստանի 1–ին վարչապետ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբի համաժողովը որոշակի շփոթվածություն է առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ։

Զգացվում է, որ ՄՀՀ–ում տեղի ունեցած համաժողովից հետո բոլորին հանձնարարված է մի բան գրել ու ամեն մեկն իր դաստիարականության, ոչխարության աստիճանի (սա կոնկրետ վերաբերում է հարկատուների փողով որոճացող պետական պաշտոնյա, տիպիկ քայլարարած, լևոնական դուրսպրծուկ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին), կրթության աստիճանի ու անուղեղության համապատասխան մի բան գրել է։

Նիկոլենց շփոթվածության պատճառն այն է, որ «ժողովրդի» վարչապետը չէր սպասում, որ նման զարգացում է լինելու։ Ու քանի որ չէր սպասում, ուստի անպատրաստ է։

Այդ անպատրաստվածություն է նրա քարոզչական համակարգում խափանում առաջացրել։ Ու քանի որ փաստարկված ասելիք ու հիմնավոր ձևով հակադրվելու հնարավորություն չկա, դիմել են իրենց սիրած մեթոդին՝ հայհոյանքին։ Բայց դե հայհոյանքն այնպիսի բան է, որ կարող է տասնապատիկ հետ վերադառնալ ու պատճառ դառնալ ծնելիության աճին։ Ինչևէ։

Սևից ու սպիտակից անդին

Նիկոլ Փաշինյանի քարոզչական մարտավարությունը պարզունակ է։ Այդ պարզունակությունը որոշ ժամանակ աշխատում էր։ Հիմա չի կարող աշխատել, կամ առնվազն աշխատել առաջվա արդյունավետությամբ։ Շփութվածության մյուս պատճառը հենց դա է։ Ու քանի որ կոդը ջարդվել է, ուստի «արագի մեջ» մի քանի բան են մոգոնել ու ծամում են կամ թութակի պես կրկնում եթերում, սոցիալական ցանցերում ու թերթոնների էջերում։

«Ժողովրդի» վարչապետի քարոզչական կոդը հետևյալն է. «Կան սևեր և սպիտակներ։ Ով մեզ հետ չէ, սև է, այսինքն՝ վատը։ Եթե սև է, ուրեմն թալանչի է, իսկ մենք թեկուզ անգրագետ ենք, բայց թալանչի չենք։ Ուստի մեր այլընտրանքը թալանչիներն են»։

Սա քաղաքական դալտոնիզմի քարոզ է, որի միջոցով Նիկոլը կերակրում է հանրության պողոսական զանգվածին։

Վազգեն Մանուկյանի դեպքում այդ սխեման չի կարող աշխատել, թեև փորձեր արվում են։

«Վերնատան» համաժողովից հետո նիկոլենք երկու հիմնական կոդով էին փորձում հակաքարոզչություն իրականացնել (չհաշված՝ անիմաստ հաչոցը)՝ ակումբի անվանն էին «կպնում», մեկ էլ՝ Մանուկյանին ուզում էին «սև» դաշտում դնել։ Երկու դեպքում էլ հիմար վիճակում են հայտնվում, և ահա թե ինչու։

«Վերնատան» տակի «հարկում» մնացածները

Պարզվում է, որ նիկոլենց զայրացրել է «Վերնատուն» անունը։ Նրանք համեմատում էին Հովհաննես Թումանյանի «Վերնատան» հետ ու սրտաճմլիկ մեկնաբանություններ գրում, թե բա ո՞նց կարելի է Թումանյանի «Վերնատան» անունը փոխառել։

Ուշագրավ է, որ ակումբի անվան պահով քայլարածների զայրանալը մի քանի ամիս ուշացաած էր, միաժամանակյա էր ու նույն ձևակերպումներով, այսինքն՝ հրահանգավորված։

Եթե հրահանգավորված ու շրջաբերականով «զայրույթ» չլիներ, ապա քայլարածներն ու հատկապես քայլարածուհիները պետք է ամիսներ առաջ զայրանային ու Թումանյանի «Վերնատան» համար կուրծք ծեծեին, քանզի հրապարակային դաշտում «Վերնատան» անունից բազում հայտարարություններ են արվել, ակումբի մասին հաճախ գրվել է նույն մամուլի միջոցներով, որոնք այժմ «զայրացած» են։ Սակայն ամիսներ շարունակ ոչ մեկ ֆեյսբուքում մազերը չէր պոկում ակումբի անվան թեմայով։ Երևի մտածում էին, որ ոչ մի վտանգ չկա Մանուկյանից, քանզի նա Հանրային խորհուրդն է գլխավորում։

Հենց որ Մանուկյանը դուրս եկավ ՀԽ–ից ու լայն համախմբման պոտենցիալը ցույց տվեց, նոր «հիշեցին» ակումբի անվան մասին։ Բանից «բեխաբար» այն մեկի պես, ով նոր է իմանում ցեղասպանության մասին ու տաքսիստին առաջարկում է քշել Թուրքիա։

Ինչ վերաբերում է Մանուկյանի «սև» լինելու քարոզին, ապա դա ևս չի աշխատում այն պարզ պատճառով, որ նա ինքնաբավ գործիչ է, երբևէ չի եղել կոռուպցիոն սկանդալների մեջ և ունի այնպիսի կենսագրություն, որը սևից ու սպիտակից դուրս գույն է մտցնում քաղաքական դաշտում։ Հենց դա էլ նյարդայնացնում է Նիկոլին, քանզի իր սև–սպիտակային քարոզչական սխեման փլուզում է «Վերնատունը»։

Համ էլ հարց է առաջանում։ Եթե Մանուկյանը վատն էր ու «սև», ապա ինչո՞ւ ՀԽ նախագահի պաշտոնում նրան վերանշանակեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Մանուկյանը ընտրակեղծիքների զոհ է։

Մի խոսքով, նիկոլենք «սևից» ու «սպիտակից» դուրս գտնվող սուբյեկտի դեմ կռիվ տալու նոր կոդ պետք է մտածեն, բայց դա իրենց համար շատ բարդ բան է, քանզի պողոսական զանգվածը երկու գույնից ավել չի տեսնում։ Իրենք էլ։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Վազգեն Մանուկյանի դեմ քարոզը Նիկոլի համար մեկ այլ բարդություններ էլ է առաջացնում։ Նա խոստովանել է, որ Մանուկյանի դեմ ընտրակեղծիքներ են կիրառվել։ Ու թեև նա անուն չի տվել, բայց ընտրակեղծարարության հիմնադիր–նախագահի անունը բոլորը գիտեն՝ Լևոն Տեր–Պետրոսյան։

Հիմա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոնի գործը՝ պայքարելով Մանուկյանի դեմ։ Դա է՛լ ավելի է ամրապնդում այն տեսակետը, որ մենք հիմա գործ ունենք լևոնանիկոլական իշխանության հետ։

Գաղափարական ու կադրային առումով հենց այդպես էլ կա, բայց Նիկոլին նյարդայնացնում է 1–ին նախագահի հետ ուղղակի ասոցացումը, քանզի նա գիտի, որ Տեր–Պետրոսյանն ամենաբարձր հակավարկանիշ ունեցող գործիչն է Հայաստանում։

Մանուկյանի դեմ կռիվը նրան նույնացնում է հակավարկանիշային առաջատարի հետ։ Բայց Մանուկյանի դեմ քարոզ չտանել էլ չի կարող։ Մնում է հայհոյանքն ու ոչխար պաշտոնյաների միջոցով հայհոյելը, մինչև հասկանան, թե քաղաքական դալտոնիզմից դուրս ինչպես են կարողանալու ապրել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: