Հայերեն   English   Русский  

​Սուրբ Ղազարը Հայաստանի կառավարության գործնական աջակցության կարիքն ունի


  
դիտումներ: 782

Իտալիայի իշխանությունները հանգանակություն են հայտարարել աղետից տուժած Վենետիկի համար՝ դիմելով բոլորին, ովքեր անտարբեր չեն «համամարդկային հարստություն» Վենետիկի հանդեպ, որպեսզի օգնություն և աջակցություն ցուցաբերեն քաղաքին, որը խիստ տուժել է ջրհեղեղից:

Ինչպես տեղեկացվում է քաղաքապետարանի կայքում, բացվել է նվիրատվությունների հաշվեհամար: Բացի այդ, յուրաքանչյուր ցանկացող կարող է 2 եվրո նվիրաբերել աղետի հետևանքների վերացման համար՝ ուղարկելով sms հաղորդագրություն: Իտալիայի մշակույթի նախարարության այս նախաձեռնությանը միացել են բջջային կապի բոլոր օպերատորները:

Առանձին կազմակերպություններ և հաստատություններ նույնպես հայտարարել են նման ձեռնարկումների մասին՝ կոչ անելով կամավորներին օգնություն ցույց տալ այս կամ այն թանգարանին, գրադարանին, դպրոցին, եկեղեցուն: «Լա Սկալա» թատրոնը, օրինակ, այս հանգստյան օրերի ներկայացումների բոլոր վաճառված տոմսերի հասույթը փոխանցելու է Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնին, որը ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված էր չեղարկել ներկայացումները: Իսկ հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները կոչ են արել զբոսաշրջիկներին չհրաժարվել Վենետիկ ուղևորությունից՝ չնայած դեռ պահպանվում են «բարձր ջրի» հետ կապված բարդությունները:

Ինչպես արդեն հաղորդել ենք, այս շաբաթ Վենետիկին պատուհասեց երկրորդ ուժգին ջրհեղեղը պատմության մեջ: Ջրի մակարդակի բարձրությունը ռեկորդային էր վերջին կես դարի ընթացքում (սկսած 1966 թվականից): Իրավիճակը առանձնապես ծանրացավ Ադրիատիկի կողմից փչող սիրոկկո քամու պատճառով:

Քաղաքի կրած վնասները գնահատվում են մինչև մեկ մլրդ եվրո: Լուրջ վերականգնողական աշխատանքների հարկ կլինի կատարել Սուրբ Մարկոս տաճարում: Իտալիայի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն և 20 մլն եվրո է հատկացրել անհապաղ օգնության համար: Մասնավոր անձանց և ձեռնարկատերերի համար նախատեսված է կրած վնասների 5-20 հազար եվրոյի փոխհատուցում:

Վենետիկին պատահած աղետը առանձնապես մեծ ցավ պատճառեց հայերիս, քանի որ այն իր հեքիաթային գեղեցկությունից զատ, ինչ-որ չափով «հայկական» քաղաք է: Այստեղ է գտնվում մեր մշակութային ժառանգության եզակի օրրաններից մեկը՝ Մխիթարյան միաբանությունը Սուրբ Ղազար կղզում, Վենետիկի կենտրոնում է գտնվում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքը և Սուրբ Խաչ եկեղեցին՝ Սան Մարկո հրապարակի հարևանությամբ, որ ամենահին հայկական եկեղեցին է Եվրոպայի սրտում:

Այս տագնապալի օրերին, իհարկե, համայն հայությունն ուշադիր հետևում էր Սուրբ Ղազար կղզում ստեղծված իրավիճակին: Տեղեկացանք, որ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության մայրավանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը բարեբախտաբար չեն տուժել, սակայն գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են տղմոտ ջրով, եկեղեցին հեղեղվել է կես մետր ջրով, վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր, փլվել է կղզու հարավային հատվածի պարսպապատը, վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը՝ բախվելով կառամատույցին: Երեկ էլ իմացանք, որ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբաններն արդեն ձեռնամուխ են եղել մայրավանքի՝ ջրով լցված տարածքների մաքրմանը:

Անվիճելի է, որ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը համայն հայության աջակցության և օգնության կարիքն է զգում աղետի բոլոր հետևանքները վերացնելու համար: Եվ ինչպես տեղեկացանք հայր Համազասպ Քեշիշիյանի ֆեյսբուքյան գրառումից, արդեն շատերն են աջակցություն հայտնել, որոնց նա միաբանության անունից շնորհակալություն է հայտնում: Նա տեղեկացնում է նաև, որ միաբանությանն օգնելու համար առաձին հաշիվ է բացվել, և ցանկացողները կարող են փոխանցում անել հետևյալ հաշվեհամարին. CONGREGAZIONE ARMENA MECHITARISTA, IBAN: IT79 H030 6909 6061 0000 0007 086, BIC: BCITITMM:

Կասկած չկա, որ ցանկացողներ կլինեն և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից, յուրաքանչյուրը՝ իր հնարավորությունների չափով: Սակայն, կարծում ենք, կարևոր է այս դեպքում պետական աջակցությունը:

Երբ 1966 թվականին միաբանությունը դարձյալ մեծ վնասներ կրեց, օգնության հասան Սփյուռքի մեր հայրենակիցները: Այն ժամանակ մենք անկախ չէինք: Այժմ մենք ունենք կառավարություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, արտգործնախարարություն և այլն: Կարևոր է, որ հայկական պետությունն էական աջակցություն ցույց տա մեր գիտության ու մշակույթի այդ եզակի գանձարանին:

Հայտնի է, որ միաբանությանը զորակցություն են հայտնել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը և Հայաստանի Հանրապետության նախագահը (կառավարության մասին որևէ հաղորդագրություն չգտանք): Սակայն համոզված ենք, որ միայն խոսքով աջակցությունը տվյալ դեպքում գուցե անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Օգնությունը նախ և առաջ շոշափելի՝ նյութական պետք է լինի և հատկապես Հայաստանի Հանրապետության կառավարության բարեհաճությամբ:

Մխիթար Սեբաստացու պարզած ձեռքերն այս օրերին կարծես այդ են ակնարկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: